Արարատի մարզի Եղեգնավան գյուղից Արտակ Սողոմոնյանը հինգ տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը:
Զինվորականը ծառայությունն անց էր կացնում ՀՀ-ում` Արարատի զորամասում, պատերազմը սկսվելուց հետո Արտակին տեղափոխել էին Ջաբրայիլ (Ջրական)։ Հոկտեմբերի 16-ին նա 10-օրյա արձակուրդով վերադարձել էր տուն, ապա՝ հոկտեմբերի 26-ին մեկնել Որոտան (Ղուբաթլու)։ Նա զոհվել է հոկտեմբերի 29-ին` բեկորային հարվածի պատճառով սկսված ներքին արյունահոսությունից։ 2021ի հունվարի 30-ին կլրանար Արտակի 30-ամյակը։
«Պատերազմը սկսելու օրից շատ վատ ենք տարել: Ինձ չէին ասել, որ նրան էլ էին տարել Արցախ: Ինքը արդեն մեկ շաբաթ, տասը օր գնացել էր, նոր ասեցին, որ իրանց էլ են տարել: Ջաբրայիլում էր, բայց չգիտեինք: Ընկերներից շատերն էին գնացել, բոլորը վերադարձան, երեքը մնացին այնտեղ: Բոլորը վախեցել էին, բայց ինքը չէր վախեցել: Մնացել էր, իր ծանր զենքն էլ հետը»,- պատմում է Արտակի մայրը` Մարո Շահբազյանը: Նրա խոսքով, երբ որդին կարողացել էր տասն օրով արձակուրդ գալ, ինքը հանգստացել էր եւ կարծում էր, թե այլեւս որդու հետ որեւէ բան չի կարող պատահել: «Ջաբրայիլը արդեն վերցրել էին, շրջափաման մեջ էր, երբ իրենց թողեցիինքը տուն եկավ: Մի քանի օր մնաց այստեղ ու նորից գնաց: Այդ օրերին խաղող էինք հավաքում: Իր տնամերձ հողամասում ահագին խաղող կար: Հավաքեցինք, եկանք ու ինքը գնաց: Ասեց` պետք է ընկերներիս հետ գնամ: Գնալուց հետո զանգեց, ասեց` մամ ջան, պապային կասես` թող մեր խաղողից լավ գինի գցի, ընկերներով գալու ենք… Այդ ժամանակ արդեն ավելի հանգիստ էի, մտածում էի, թե պատերազմի թեժ վիճակն ավարտվել է, էլ այդքան վտանգավոր չի»,- ասում է տիկին Մարոն:
Մոր խոսքով, հայտնի է, որ Արտակը զոհվել է արնահոսությունից. «Օսկոլկան թոքն էր ծակել: Դեպքը Կուբաթլու` Խնձորեսկի հատվածում է եղել: Մինչ այդ իր հրամանատարի հետ գնացել են առաջնագիծ բան ստուգեն: Հարցրել են ով կգա, ինքն ասել է` ես կգամ: Այդպես գնացել են: Ճանապարհին իրան խփել են, հրամանատարը գրկել է իրան, տղաս նրա ձեռքերում է մահացել»:
Արտակի եղբայրը` Արման Սողոմոնյանը եւս մասնակցել է 44-օրյա պատերազմին, սակայն մինչ օրս ՊՆ-ն հրաժարվում է նրա զինգրքույկի մեջ այդ մասին նշում անել: Պատերազմի օրերին Արմանը Շտապ օգնության մեքենա է վարել, Երեւանից բժիշկներ է տարել Արցախ, իսկ այնտեղից բազմաթիվ վիրավորներ է տեղափոխել Հայաստան: Իր կատարած աշխատանքի համար նա «անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի եւ անմնացորդ ծառայության համար» այն ժամանակվա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պատվոգիր է ստացել:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: