26 –ամյա հետախույզ Գեղամ Ուզունյանը պրոֆեսիոնալ զինվորական էր, հենց 44-օրյա պատերազմի ժամանակ` զոհվելուց ընդամենը մի քանի օր առաջ նա ստացել էր կապիտանի կոչում եւ նշանակվել էր կենտրոնական պաշտպանական զորամասի հետախուզության պետ:
Հայտնի է, որ ժամկետային զինծառայողը Ջաբրայիլի մատույցներում իր անձնակազմով մոտ 3 օր հակառակորդի հրետանու շարասյունը են կանգնեցրել ու թեժ մարտեր են վարել: Դիտարկման արդյունքում նրանք հասկացել են, որ շրջափակման մեջ են եւ 40 հոգի առաջ են շարժվում: Գեղամն ու նրա զինվորները այդ 40 հոգուն գլխովին ջարդել են` առանց հայկական կողմից վիրավոր եւ զոհ ունենալու:
Ուզունյանի ծառայակիցները հարազատներին պատմել են նաեւ, որ նա իրեն սառնասիրտ ու խիստ կազմակերպված է պահել, երբ նույն մարտի ընթացքում սպառվել է իրենց զենքը: Այդ ժամանակ Գեղամն իր զինվորի հետ կրակի տակ գնացել ու թշնամու զրահամեքենայից անհրաժեշտ զենքերն են դուրս բերել:
Գեղամ Ուզունյանի հայրը` Նշան Ուզունյանը պատմում է, որ որդին հստակ ու միանշանակ էր որոշել կյանքը կապել բանակի հետ, ավելին` ասել էր, որ ծառայելու է եւ գեներալի կոչման է հասնելու: Նա նախ սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա մեկնել էր Մոսկվա` չորս տարի սովորելու ՌԴ ռազմական ակադեմիայում: Հարազատները պատմում են, որ Գեղամը ամենալավ ուսանողն էր, միջազգային մրցույթներում առաջին կամ երկրորդ հորիզոնական զբաղեցնողը:
Արդեն ուսումն ավարտելուց հետո Գեղամը մեկնել է ծառայության Ստեփանակերտ: «Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ: Ծառայությանը սիրահարված էր, շատ ընկերներ ուներ: Օգոստոսին էլ քսան օրով տուն էր եկել, մնացել էր ու հետո նորից վերադարձել էր ծառայության»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը:
Նշան Ուզունյանի խոսքով, այն մասին, որ պատերազմ է սկսել, իրենք իմացել են հենց Գեղամից. «Ժամը 7:15 կամ 20 րոպե էր: Զանգեց, ասեց` պապ, Ստեփանակերտը ռմբակոծում են, արի էրեխեքին տար: Դուրս եմ եկել ու գնացել եմ: Նրա ընկերոջ հետ էի: Հասանք, առաջին նկուղը մտանք, չկային, զանգել եմ հարսիս, մոտավորապես ասեց, որ որտեղ են, գնացի ու գտա: Երբ դուրս եկանք, մի ճոճանակ կար, երեխան սկսեց լաց լինել` պապի, ճոճանակ: Ասում եմ` Արփի ջան, պատերազմ է: Բայց երեխա է, ինչ հասկանա: Նստացրի մի երկու վայրկյան ճոճանակի վրա ու հանեցի: Վերջում պտտվեց երեխան ու ասեց` պակա, ճոճանակ: Զանգեցի Գեղամի, ասեցի` ես մնում եմ, ասեց` դու կնոջս ու երեխային անվտանտ տեղ տար, էս քո կռիվը չի»:
Գեղամը զոհվել է հոկտեմբերի 24-ին, այդ օրը առավոտյան նա զանգել էր տուն: Հայրը նրան տեղյակ է պահել, որ կամավորագրվել է ու շուտով մեկնելու է Արցախ, Գեղամն ասել է, որ նման բան չանի ու որ ինքը երկու օր անց տուն է գալու: «Երկու օր հետո նրան բերեցին»,- ասում է հայրը:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։