Վահե Նիկողոսյանը զոհվել է 2020թ-ի նոյեմբերի 4-ին` Մարտունիում: Բանակից վերադառնալուց հետո ժամկետային զինծառայողը երազում էր իր խոհարարական հմտությունները ավելի զարգացնել եւ բացել սեփական ռեստորանը:
Վահեն բանակ էր մեկնել «Ես եմ» ծրագրով, որի շրջանակներում պետք է ծառայեր երեք տարի, փոխարենը ամեն ամիս մեկ շաբաթով կարող էր տուն գալ: Սակայն covid-19 համավարակի պատճառով նրա այցելությունները տուն այդպես էլ տեղի չունեցան:
Սեպտեմբերի 30-ին Վահեի ծննդյան օրն էր: Ծնողները պատրաստվում էին մեկնել նրա մոտ տեսակցության, սակայն դրանից մի քանի օր առաջ նա զանգել է տուն ու ասել, որ իր մոտ գնալ պետք չէ: Մայրն ասում է, հավանաբար զինվորներն արդեն գիտեին սպասվող պատերազմի մասին:
«23 տարի ամուսնացած եմ, բայց շատ դժվարությունների մեջով անցած: Ամուսինս սրտի վիրահատություններով է անցել… շատ չարչարվել եմ, շատ… հույսներս Վահեն էր: Մտածում էինք` բանակից կգա, մեր հարցերը կկարգավորի: Ու էսպես եղավ: Ու ինքը իր հոժար կամքով գնաց: Ինքը մտածել է` ընկերներս գնում են, ես ոնց չգնամ, ընկերներիս կողքին պետք է լինեմ: Անգամ հրամանատարն ասել է` Վահե, դու մի արի, էս քո կռիվը չի, ինքն էլ պատասխանել է` չէ, ես պետք է գնամ: Ինքը այդ ժամանակ դիրքերում էր, ավելի ապահով վիճակ էր: Ամսի 2- ին խոսացինք ու վերջ: Ձայնը շատ տխուր էր: Լավ ա լինելու, ասում էր, ամեն ինչ լավ կլինի: Բայց ինչ լավ: Ամսի 2- ից հետո էլ չխոսացինք: Ես չէի հավատում, հնարավոր չէր, որ իմ տղուն բան եղած լիներ » ,- պատմում է զոհված զինվորի մայրը` տիկին Սեդան:
Վահեից տասը օր լուր չունենալուց հետո հայրը ճանապարհ է ընկել դեպի Արցախ, սակայն ճանապարհին գյուղապետարանից զանգ է ստացել ու իմացել, որ Վահեն զոհվել է:
Հայրը` Խաչիկը ասում է, որ Վահեի վերջին զանգից երեք օր անց իրեն հայտնել են, որ Վահեին ու նրա ծառայակիցներին Մարտունի2-ից տեղափոխել են Մարտունի 3, որտեղ նրանք հայտնվել են շրջափակման մեջ, կան զոհեր ու վիրավորներ. «Սկզբից տանկեր են եղել: Երեք հատ տանկ խփելուց հետո ինքնաթիռներն են եկել ու սնարյադներ են գցել: Էրեխու կողքը երկու սնարյադ է տրաքել: Ինձ սկզբից ասում էին, որ էրեխեն ընդհանրապես չկա, սնարյադը ընկել է վրեն: Հետո պարզվեց, որ ոչ թե վրան է ընկել, այլ կողքը` ձախ կողմից: Իմ իմանալով, ընդհանուր 84 հոգի են եղել, 84 հոգուց 2 հոգի են վիրավորվել ու ողջ մնացել, մնացածը զոհվել են»:
Վահեի 14-ամյա եղբայրը գիտի, թե ինչ է կատարվել իր ընտանիքում ու որ ինքը արդեն ընտանիքի միակ որդին է: Ասում է` պատրաստվում է անել այն ամենը, ինչը իր եղբայրը անել չհասցրեց. խոհարար է դառնալու ու հիմնելու է Վահեի երազած ռեստորանը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: