Արարատի մարզի Դիտակ գյուղի գլխավոր փողոցում կարելի է տեսնել նոր ցուցանակ, ըստ որի փողոցը կոչվում է Սենիկ Խուրշուդյանի անունով: Սենիկը կրտսեր սերժանտ էր, նա զոհվել է հոկտեմբերի 21-ին Արցախի Վարանդայի շրջանի Կարախան- Բեյլի հատվածում:
Հայրը` Հակոբը պատմում է, որ պատերազմի դաշտից որդին զանգելիս երբեք պատերազմի մասին չէր խոսում: Միայն մի անգամ չի դիմացել ու լացել է. «Վիրավորի էր փրկել ու մոտ երեք հարյուր մետր շալակած բերել էր, ու էդ մարդու կյանքը չէր հասցրել փրկել… կամավոր էր… միայն այդ դեպքում ինքը լացեց: Պապ, ասեց, ես չկարողացա, նա մահացավ… Մնացած ժամանակ խոսելիս ինքը էնպես էր ներկայացնում, թե ամեն ինչ նորմալ է»:
Օրեր շարունակ որդուց լուր չստանալով, հայրը սեփական հետաքննությունն է արել: Նա գտել ու հանդիպել է պատերազմի դաշտում որդուն հանդիպած թե զինվորներին, թե կամավորներին:
Այժմ նա գրեթե րոպե առ րոպե գիտի որդու անցած մարտական ուղին, թե ինչպես է նա զոհվել:
Հայրը պտմում է, որդին նախ վիրավոր է եղել: «Ունեին կամավոր Հուսիկ անունով, ով վարում էր մի մեքենա, որը նրանց` երեք վիրավորների պետք է տեղափոխեր հոսպիտալ: ՈՒ նա ուղղակի գնում է հակառակորդի կողմ, ճանապարհը խառնում է, գնում է իրենց կողմը: Մեքենան տրաքացնում են: Ֆիզուլի- Կարախան- Բեյլի հատվածում էր: Շատ դժվար տղայիս գտանք, որովհետեւ իրանք չէին զոհվել մարտի դաշտում, իրենք մարտի դաշտում չեն մնացել, իրենց մարմինները եղել է թուրքերի մեջ», — պատմում է հայրը:
Սենիկի ծառայակիցները հորը պատմել են, որ նա մասնակցել է բազմաթիվ ճակատագրական դիվերսիոն գործողությունների, իսկ հետնահանջի հրամանից հետո ինքը վերջին նահանջողներից է եղել.
«Ասում են` մենք երբ որ նահանջ էինք տալիս, ինքը պարտադիր վերջում էր գալիս, ու ով զենքը գցում էր, Սենիկը վերցնում էր: Տղա ջան, ինչիդ ա պետք: Պետք ա բերենք, որ իրանց չմնա, ասում էր: Ծանր, երկար ճանապարհ էին գնում, բայց ինքը ամեն ինչ վերցնում էր ու չէր նեղվում, ասում էր` իմ եղածը ես իրանց չեմ տա, առանց այդ էլ տալիս ենք »:
Դասակի հրամանատարը Սենիկի մասին հորը եւս մեկ բան է պատմել: Պատերազմի օրերին մի անձրեւոտ գիշեր իրենք հասկացել են, որ իրենց զենքն այլեւս կարող է չկրակել, քանի որ այն վաղուց յուղով չի մաքրվել: Մինչ զինվորները սա քննարկել են, Սենիկը մեկ ժամով անհետացել է, վերադարձել է ամբողջությամբ մրոտ: Պարզվել է, որ նա պտտվել է մոտակայքում պայթեցված մեքենաների մոտով, դրանցում մնացած յուղն է հավաքել եւ բերել է ծառայակիցներին` զենքերը յուղելու համար:
Սենիկը հետմահու Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է Մարտական ծառայության եւ Արիության մեդալներով : Հակոբ Խուրշուդյանը դիմում է գրել ՀՀ Կառավարությանը, որ որդին պարգեւատրվի նաեւ ՀՀ պետական պարգեւով: «Իմ տղան ՀՀ քաղաքացի էր, նա կռվում էր Հայաստանի համար ու նա պետք է արժանի վերաբերմունք ստանա»,- ասում է հայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: