Վարդան Զաքարյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին` Մարտունիում ինքնաթիռի ռումբի պայթյունից: Հարազատները այդ մասին իմացել են մեկ շաբաթ անց, պատահաբար` որպես կամավոր պատերազմի մեկնած մի ծանոթից: Վարդանը հուղարկավորվել է Եռաբլուրում, սակայն նրա մասին որեւէ հիշատակում պետական որեւէ մարմնի կողմից չի եղել։
Զոհված զինվորը 22 տարեկան էր: 18 տարեկանում երիկամներում մեծ քարի առկայության պատճառով նախ 6 ամսով, ապա երեք տարով տարկետում էր ստացել, իսկ 2020 թ-ի օգոստոսին զորակոչվել բանակ:
Պատերազմի ամբողջ ընթացքում Վարդանը հանգստացնում էր ծնողներին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է,ինքը ապահով է։ Հոկտեմբերի 23-ին նա հերթով զանգել է ծնողներին, ապա բոլոր մտերիմներին,ասել է, որ մի քանի օր չի կարողանա զանգել: Ապա զանգել է իր ընկերուհուն, ում խնդրել է իր համար մոմ վառել: Դրանից հետո Վարդանից այլեւս լուր չի եղել:
Որդու մահվան լուրը ստանալով` հայրը չի հավատացել, մտածել է, որ սխալմունք է: «Ամսի երեսունին ինձ հասկացրեցին: Չէի հավատում: Գնացին Մեծամոր, եկան: Կեսն ասում էին` ինքն է, կեսն ասում էին` ինքը չի: Հետո համոզեցին, ինձ տարան, որ ես տեսնեմ: Ես գնացի, ասեցի` էս իմ էրեխեն չի: Նկարը ցույց տվեցին, ասեցի` չէ, իմը չի: Հետո ԴՆԹ-ն ապացուցում է, որ իմ էրեխեն է: Հիմա այդքանից հետո ո ՞նց ապրես: Դու էրեխուն տեսնում ես, ասում ես` քոնը չի, հետո ապացուցում են, ասում են` քոնն է … Այդքան դավաճանեցին… մեր էրեխեքը չէին պարտվի, եթե չդավաճանեին», — ասում է Վարդանի հայրը` Արթուրը:
«Պահեցինք, պահեցինք, տվեցինք հայրենիքին, որ պաշտպանի, հետո մի հատ յաշիկ բերեցին, դրեցին դեմներս, ասացին` սա է ձերը… ու ամիսներով ոչ ոք դուռս չծեծեց: Ոչ մեկ: Ոչ վայենկոմատից, ոչ մեկ, ոչ մի բան, անտարբերություն: Ոչ ես ոչ կինը մեկ տարի է չենք աշխատում: Անիմաստ է: Տուն- Եռաբլուր- տուն: Ուրիշ ոչ մի բան չենք անում… էնտեղ մենք հանգիստ ենք: Մեր էրեխեքը ոնց որ մեզ ուժ տան, հույս տան: Հիվանդ գնում ես Եռաբլուր, առողջացած գալիս ես տուն: Լուրջ եմ ասում: Եթե նախկինում ինձ ինչ-որ մեկը էդպիսի բան պատմեր, կմտածեի` երեւի էս մարդը ցնորվել է, բայց իրականում, ես գնում եմ Եռաբլուր, ես էլ, կինս էլ, առողջ ենք լինում »:
Վարդանի մայրն ասում է` տունը դատարկվել է, կյանքն էլ անիմաստ է դարձել: Նա հիշում է, որ ամեն հեռախոսազանգի վերջում որդին հարցնում էր, թե ինչ նորություն կամ լուր կա պատերազմի ավարտի մասին. «Այսինքն էրեխեքը սպասում էին, որ տեսնեն` ինչ է որոշվել, երբ է պատերազմը վերջանալու, հրադադար երբ կլինի: Երբ այլ ծնողների հետ խոսում ենք, պարզվում է, որ բոլոր երեխեքի վերջին խոսքը էդ էր»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: