Մայիսի 25-ին Հենրիկ Էլոյանը կդառնար 20 տարեկան: Մայրը` տիկին Համեստը ամեն օր գնում է Եռաբլուր: Լինում են օրեր, երբ ընտանիքին ասում է, թե բարեկամուհու մոտ է գիշերելու, սակայն գիշերն անց է կացնում որդու շիրիմի մոտ` աթոռին նստած: Աթոռը փայտյա է, այրման հետքերով, որը խորհրդանշում է այն, թե ինչպես է զոհվել Հենրիկը:
Հարազատների հետ վերջին անգամ հեռախոսազրույցում Հենրիկը բարձր տրամադրություն է ունեցել, մորն ու քրոջն ասել է. «Ձեզ խելոք կպահեք»:
Զոհված զինվորի մայրը պատմում է, որ որդին կարող էր ողջ լինել, եթե չլիներ ապօրինի հրաման, որով նրան վիրավոր վիճակում հոկտեմբերի 26-ին տարել են դիրքեր:
Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից մասնակից լինելով ռազմական գործողություններին, հոկտեմբերի 7-ին Հենրիկը բեկորային վիրավորում է ստացել ողնաշարի շրջանում եւ տեղափոխվել է Խնձորեսկի հոսպիտալ: «Խնձորեսկի հոսպիտալում է եղել, հետո տեղափոխվել է Սիսիան, ապա տուն` մայրական խնամքի տակ` հոկտեմբերի 17-ին: Հոկտեմբերի 23-ին տարանք Սիսիան, որ այնտեղ պետք է վիրահատվեր, քանի որ մինչ այդ վիրահատությունը վտանգավոր էր: 26-ին հրաման եղավ, որով տղայիս մեջքի բաց վերքով հոսպիտալից հանեցին ու տարան դիրքեր: Երեք օր անց տղաս զոհվեց»,- պատմում է մայրը:
Օրեր շարունակ նա որդուց որեւէ տեղեկություն է փնտրել, տարբեր պետական կառույցներից ասել են, թե որեւէ բան չգիտեն, ինչին ի պատասխան զինվորի մայրն ասել է. «Ես 1.80 բոյով տղա եմ տվել, գոնե մի կտորը գտնեմ»:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հենրիկը զոհվել է պայթյունից` իր 12 ծառայակիցների հետ: «Տղայիս երկու անգամ են տրաքացրել: Մի անգամ տրաքացրել են Կամազի մոտ, որտեղ ինքը զոհվել է… հարվածից միանգամից զոհվել է: Երկրորդ անգամ էրեխեքին դրել են մի մեքենայի մեջ, որ տեղափոխեն Ստեփանակերտի դիահերձարան… երկրորդ անգամ այդտեղ են խփել… արդեն վառվել է… երեխաները վառվել են… ութ հոգի են եղել»:
Տիկին Համեստը անձամբ պտտվել է հանրապետության բոլոր դիահերձարաններում, բացել, նայել է մասունքներով բազմաթիվ պարկեր, սակայն որդուն չի գտել: Արդեն դեկտեմբերի 31-ին նրան հայտնել են, որ ԴՆԹ հետազոտությունների միջոցով որդու մասունքները հայտնաբերվել են, ինչպես ինքն է ասում` Նոր Տարվա նվեր է ստացել: Չվստահելով միայն ԴՆԹ հետազոտության արդյունքներին, Հենրիկ մայրը բացել է պարկը, մանրամասն ուսումնասիրել որդու մոխրացած մասունքները, ատամները համեմատել նրա ատամնաբուժարանից վերցրած փաստաթողթերի տվյալների հետ եւ միայն դրանից հետո համոզվել, որ որդին վերջապես գտնվել է:
Համեստ Վարդանյանը պատմում է, որ դեռ պատերազմից առաջ որոշել էր որդու այս տարվա ծննդյան օրը գնալ նրա զորամաս, մի քանի ժամով դուրս հանել Հենրիկին, ընտանիքով փոքրիկ խնջույք կազմակերպել: Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Որդու ծննդյան օրը ընտանիքը նշեց Եռաբլուրում:
Զինվորի մայրը շնորհակալ է որդու հրամանատարներից Կարեն Աթոյանին, ով, ի տարբերություն շատ ուրիշների, օգնել է իրենց. «Միակ մարդն եղել, որ էրեխեքով հետաքրքրվել է: Միայն իմ երեխայով չէ, այդ տասներկու էրեխով… հետս եկել էր Ստեփանակերտ, հետս կռիվ տվեց, գնաց փնտրեց էրեխեքին… Մարդը արեց, մինչեւ վերջ»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: