«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Գեղամ Կոստանյանը սպասում է դատավճռի: Վատառողջ է: Ներկա պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Այս մասին Forrights.am-ին հայտնեց Կոստանյանի դուստրը՝ Անի Արամյանը:
Նա պատմեց, որ հայրը անընդհատ բարձր ճնշում է ունենում, սրտի ցավեր, անոթների լայնացում ունի: Ըստ դատապարտյալների հիվանդանոցի բուժանձնակազմի ցուցումների, Գեղամ Կոստանյանը պետք է սրտի վիրահատություն արվի քաղաքացիական հիվանդանոցում: Անի Արամյանը հայտնում է, որ կալանավորից հիվանդանոցում 900 հազար դրամ են պահանջել, հակառակ դեպքում նա չի կարող վիրահատվել:
«Հորս ասել են՝ պետք է 900 հազար դրամ մուծես, դատապարտյալների հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Ոսկանյան Վահանն է ասել: Ասում ա՝ մեր մոտ պետպատվեր չկա: Բայց հայրիկի վիճակը շատ վատ է: Թղթերը կան, օրական 180-200 ա բարձրանում ճնշումը: Եթե չվիրահատեն, կմահանա», — պնդում է Արամյանը:
«Դատապարտյալների հիվանդանոցի» պահանջի մասին հարցում արեցինք արդարադատության նախարարություն: Ինչպե՞ս կարող են կալանավորից գումար ուզել վիրահատության համար:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց, որ վիրահատական միջամտության համար գումար է պահանջել ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոցի» գլխավոր բժիշկը, այլ քաղաքացիական հիվանդանոցը, որտեղ պետք է ստենտավորում անցնի Կոստանյանը:
«Նա վիրահատության կարիք ունի: Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը դիմել է քաղաքացիական հիվանդանոց: Վիրահատությունը, եթե չեմ սխալվում, 3-ից 5 մլն դրամ արժե, որը պետպատվերի շրջանակում է արվում: Պետությունը այդ ծախսը հոգում է, բայց ստենտի վճարը տվյալ անձը պետք է կատարի: Նշանակություն չունի, նա դատապարտյալ է, թե ոչ: Հիվանդանոցից գրությամբ նրան հայտնել են, որ սա է քեզ առաջարկվում: Նա տեղեկացված է: Նրան անգամ ՊՈԱԿ-ի տնօրենն է ընդունել: Ստենտի գումարը պետք է վճարվի», — ասաց Լուսինե Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ Գեղամ Կոստանյանից 900 հազար դրամ ուզել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Հիվանդանոցը կապ չունի, որ հիվանդանոցն էլ լինի, կարգը նույնն է», — ասաց Լուսինե Մարտիրոսյանը։
Գեղամ Կոստանյանը ազատամարտիկ է: 44-օրյա պատերազմի օրերին կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ, պաշտպանել է նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերը, որոնք էապես տուժել են մարտական գործողությունների արդյունքում:
Այդ օրերին քննիչը ազատել էր Գեղամ Կոստանյանին կալանքից: Նրանից ստորագրություն էին վերցրել չբացակայելու վերաբերյալ, ապա աչք էին փակել այն հանգամանքի վրա, որ Կոստնյանը մեկնել էր կռվելու:
Պատերազմական գործողություններին մասնակցելու համար նույնիսկ գումար էին խոստացել Գեղամին և նրա ընկերներին: Սակայն վերադառնալուն պես դատախազությունը բողոքարկեց կալանքից ազատելու որոշումը, և Կոստանյանին կրկին կալանավորեցին: Տարան Արմավիր ՔԿՀ: Իսկ գումարը, որը նա պետք է ստանար ռազմական գործողություններին մասնակցելու համար, Կոստանյանը չկարողացավ ստանալ: «Ասեցին, որ հայրիկս կալանավոր է, չի կարող բանկից այդ փողը ստանալ, հիմա իմ անունով պետք է «դավերեննոստ» գրի, որ ես գնամ, վերցնեմ», — ասում է Կոստանյանի դուստրը:
Այսպես, ստացվում է, որ Գեղամ Կոստանյանի հանդեպ պետությունը ստորաբար վարվեց՝ կրկնակի անգամ խաբելով նրան: Ազատություն շնորհեց, երբ նա պետք էր որպես մարտիկ, իսկ պատերազմից հետո նորից փակի տակ առավ, փողն էլ չտվեց:
Հիմա, երբ Գեղամն ունի պետության կարիքը, նրան ասում են՝ ստենսի փողը պետք է տաս:
Գեղամ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանին հարվածելու համար: Ըստ քրեական գործի նյութերի, նա 08.08.2020թվականին հարբած վիճակում քնել է իր նախկին կնոջ դռան մոտ, վերջինս ոստիկան է կանչել, որը փորձել է նրան հեռացնել մուտքից: Ըստ մեղադրանքի, Գեղամ Կոստանյանը ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել, տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղից էլ փորձել է փախչել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: