Պատերազմի չորրորդ օրը Ջրականում` Ջաբրայիլում, գլխի եւ ոտքի շրջանում բեկորային վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Ալեքսանյանը հրաշքով է ողջ մնացել: Նա այժմ համարվում է 3-րդ կարգի հաշմանդամ, սակայն ստանում է ոչ թե զինվորական, այլ սովորական կենսաթոշակ:
Նարեկի մայրը` Քնարիկ Ալեքսանյանը, այժմ դիմումներ է ներկայացնում պետական կառույցներին` նախ պահանջելով փոխել որդու հաշմանդամության կարգը, ապա նրան տրամադրել հենց զինվորական կենսաթոշակ:
«Տղաս ծառայում էր Կապանում: Սեպտեմբերի 4-ին էրեխեքին տարան Ջաբրայիլ` զորավարժությունների: Էնտեղ էլ տղաս վիրավորվել է: Սեպտեմբերի 30-ին երեկոյան նրանց մեքենան տրաքացնում են: 9 հոգուց մենակ տղաս է ողջ մնում: Ասում է` գնացել են ջուր բերեն, հետ գալուց նրանց լեյտենանտը ասել է, որ արագ նստեն մեքենան ու շարժվեն: Նարեկը նստել է լեյտենանտի տեղը, լեյտենանտը նստել է Նարեկի տեղը… Տղաս պատմում է, որ մեկ էլ մի սուր ձայն լսվեց: Պարզվում է, որ ԱԹՍ էր, որը ռմբակոծեց նրանց մեքենան: Հետո չի հիշում, թե ինչ է եղել»,- պատմում է մայրը:
Ուշքի գալով` զինվորը դաժան պատկերների է ականատես լինում, բոլոր ծառայակիցները զոհված են լինում, ոմանք` մասնատված:
Նարեկը երեք բեկորային վիրավորում է ստանում գլխի եւ աջ ոտքի շրջանում:
Վիրավորված զինվորը տեղափոխվում է Երեւան` Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մորը զգուշացնում են, որ ծանր վիրահատություն է սպասում, որ Նարեկը կարող է չդիմանալ դրան, բայց մայրը համաձայնել է, որ վիրահատեն: Բարեբախտաբարայս այս դեպքում եւս հրաշք է տեղի ունենում, վիրահատությունը լավ է անցնում, բժիշկներին հաջողվում է Նարեկի գլխից հեռացնել բեկորներից երկուսը, երրերդը, սակայն, չեն հեռացնում.
«Բժիշկները ասում են, որ երրորդ բեկորը գտնվում է տղայիս հենց գլխուղեղի մեջ:
Ասեցին, որ եթե դրան կպնեն, կարող է երեխան կոմայի մեջ ընկնի, կամ պարալիչ լինի ու եթե ողջ էլ մնա, ամբողջ կյանքում մնա անկողնուն գամված: Նարեկի հետ նույն օրը մի այլ տղայի էլ վիրահատեցին, ով շատ նման վիրավորում ուներ: Բայց նա չդիմացավ վիրահատությանը, չարթնացավ: Հիմա այդ բեկորը տղայիս գլխում է ու էդ պատճառով իրեն որեւէ ֆիզիկական աշխատանք կամ ծանրաբեռնվածություն հակացուցված է: Եթե անգամ 1 կգ քաշ բարձրացնի կամ կտրուկ շարժվի, գլխուղեղում մնացած բեկորը կարող է տեղաշարժվել եւ նրան տեղում սպանել»,- ասում է զինվորի մայրը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: