Գյումրեցի Սեդա Մանուկյանը, Forrights-ին պատմում է, որ որդին ծառայում էր Ջաբրայիլի զորամասում, որը Ադրբեջանի կողմից ռմբակոծվել է, զինվորները ընկել են շրջափակման մեջ ու խուճապահար փախել են: Նրա որդին, Ժամկետային զինծառայող Միշա Երկանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում երկու օր անտառում միայնակ է մնացել, հետո հայտնվել ադրբեջանցիների կրակի տակ, թևից վիրավորվել ու հրաշքով ողջ մնացել:
Միշա Երկանյանը զորակոչվել է բանակ 2020 թվականի Հուլիսի 28-ին: Պատերազմի սկսվելու ժամանակ նա երկու ամսվա ծառայող է եղել:
«Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, մենք կարծում էինք, թե նորակոչիկները չեն մասնակցում: Հետո պարզվեց, որ իրենց զորամասը տրաքել է, շատերը զոհվել են՝ հիմնականում սպաներից: Ու էդպես երեխեքը առանց հրամանատարների երկու շաբաթ անտառներում են թաքնվել», — պատմում է զինծառայողի մայրը՝ Սեդա Մանուկյանը:
Անտառներում թափառելու ընթացքում Միշան և իր հետ ծառայող զինվորները միմյանց կորցրել են: Ավելի ուշ պարզվել է, որ իր հետ եղած ծառայակիցները կորել են և գերի ընկել: Միշան երկու օր միայնակ է մնացել անտառում: Նա հագին զրահաբաճկոն չի ունեցել: Ճանապարհին սպանված ադրբեջանցի զինվորի հագից է հանել զրահաբաճկոնն ու հագել, որը հետագայում իրեն փրկել է:
«Միշան օրերով ոչինչ չի կերել: Գրպանում շաքար է եղել, էդպես է սնվել: Հետո անտառից դուրս է եկել Հադրութ ու գնացել է օգնություն խնդրելու շենքերից, բայց պարզվել է, որ ադրբեջանցիներն են էդտեղ արդեն: Ընկել են իր հետևից ու կրակել են: Աջ ձեռքից գնդակը մտել ու դուրս է եկել: Միշան վազել է, գետակը անցել, դիակների կողքին է պառկել, թաքնվել: Ադրբեջանցիները տեսնելով, որ վիրավոր է, չեն շարունակել հետապնդել, մտածելով, որ կմահանա»,- շարունակում է պատմել մայրը:
Որոշ ժամանակ անց Միշան թաքստոցից դուրս է եկել դեպի ճանապարհը ու հանդիպել է կամավորականների ու լրագրողների խմբի: Լրագրողները նկարահանել են վիրավոր Միշա Երկանյանին, և ընտանիքը հեռուստացույցով է տեղեկացել իրենց որդու մասին: Այդ օրվանից սկսած Միշան արդեն հինգ ամիս է տարբեր հոսպիտալներում բուժվում է: 18-ամյա զինծառայողը բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել պատերազմի ընթացքում: Վիրավոր թևը դեռևս լիարժեք չի բուժվել:
«Իր թևը էլեկտրահարում էին, ինքը չէր զգում բացարձակ: Ձեռքը կարողանում է շարժել, բայց չի կարողանում բան վերցնել: Աջ ձեռքն է, զենք էլ չի կարողանա բռնել: Դիագնոզի մեջ էլ է գրած, որ մկանները լիարժեք չեն գործում: Միշան պետք է ֆիզիոթերապիայի կուրս անցնի լիարժեք, որ թևը սկսի աշխատել»,- մանրամասնում է Սեդան:
Բժիշկները գրել են, որ Միշան պիտանի է ծառայության, բայց սահմանափակումներով: Սեդայի համար անհասկանալի է, թե այդ սահմանափակումները ինչ են նշանակում: «Նա միևնույնն է, բոլորի հետ միասին պետք է բոլոր անհրաժեշտ վարժություններն անի: Թևը չի հասցնի բուժվել»,- մտահոգվծ ավելացնում է մայրը:
Թեւի վիրավորումից բացի՝ Միշայի մոտ առաջացել են այլ հիվանդություններ եւս:
«Միշան ստամոքսի խոցեր ունի: Պատերազմի ընթացքում էդ խոցերը պայթել են: Հիմա ստամոքսի էրոզիա ունի, 12 մատնյա աղիների խնդիրներ: Ծանր թոքաբորբ է տարել նաև էս ընթացքում: Հետո վարակվեց կորոնովիրուսով: Հոգեբանական վիճակն է ծանր. gիշերները վեր կթռնի, վախի տագնապ կա մոտը: Իրեն թվում է, թե կհետապնդեն իրեն»,-պատմում է Սեդան:
Ըստ Սեդայի՝ բժիշկները նշել են, որ Միշան պետք է հսկողության տակ լինի, մասնավորապես՝ ստամոքի խնդիրների համար: Հետագա բարդացումներից խուսափելու համար Միշան պետք է հատուկ սննդակարգ պահի: «Ես խիստ կասկածում եմ, որ բանակում դա հնարավոր է: Ինչպե՞ս կարող է այնտեղ դիետա պահել: Դա հնարավոր չէ: Նա պետք է մայրական խնամքի տակ լինի»,- մեզ հետ զրույցում նշում է Սեդա Մանուկյանը:
Մայրը անհանգիստ է, որ այսքան դժվարությունների միջով անցնելուց հետո, վիրավորումներ ու հիվանդություններ ձեռք բերելուց հետո Միշան նորից պետք է վերադառնա իր նույն ծառայությանը: «Ես չգիտեմ, ինքն արդյո՞ք ի վիճակի է իր ծառայությունը իրականացնել: Ես չեմ հասկանում՝ սահմանափակումներով ծառայությունը ո՞րն է: Ինքն այս թևի վիրավորումով ու ստամոքսի խնդիրներով չի կարող ծառայել բանակում: Իրեն մայրական խնամք է պետք»,- ասում է Սեդա Մանուկյանը:
Երկու օր առաջ Միշային տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ Էրոբունի ԲԿ: Այստեղ հետազոտվելուց հետո բժիշկները զինծառայողի մոտ հայտնաբերել են ևս մեկ հիվանդություն՝ ենթաստամոքսյին գեղձի ֆունկցիայի խանգարում:
Աստղիկ Գաուդյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: