Գյումրու բնակիչ, ոստիկանության նախկին աշխատակից, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարում կալանք կրող Հարություն Պետրոսյանը, դաժան ծեծի է ենթարկվել Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների՝ Կարեն Գևորգյանի և Արթուր Հակոբյանի կողմից: Այս մասին Forrights.am-ին ահազանգում են նախկին ոստիկանի հարազատները: Նրանք ներկայացրել են բազմաթիվ բժշկական փաստաթղթեր, որոնց թվում են Գյումրի ԲԿ-ի տրամադրած հիվանդության պատմությունը, շտապօգնության կանչերի թերթիկներ, տեղեկանքներ, որոնց մեջ նշվում են բազմաթիվ վնասվածքներն ու առողջական խնդիրները, որոնք բացահատել են Հարություն Պետրոսյանին զննող բժիշկները: Փաստաթղթերից մեկում որպես բուժզննությամբ հայնտաբերված քերծվածքների և գլխուղեղի տրամվայի պատճառ ուղղակի նշվում է ծեծը: Հարություն Պետրոսյանը հայտարարություն է տվել, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժնում: Նրա հարազատները նկարահանել են, թե ինչպես են հիվանդ, ծանր վիճակում գտնվող տղամարդուն տեղափոխում հիվանդանոց: Այդ տեսագրության մեջ, որը կից հրապարակում ենք, նա պատմում է, որ ոստիկաններն իրեն հարվածել են և հայհոյել են:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքում է. «Նման բան եղել, մանավանադ այսօր: Մարդ բերել-ծեծելու երևույթը վերացել է»: Պետրոսյանի դստեր՝ Սվետլանա Պետրոսյանը պնդում է, որ Գյումրիում հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել: «Ամեն ինչ նույնն է մեզ մոտ: Ոստիկանները առաջվա պես գազանաբար մարդ են ծեծում, իսկ քաղաքացիները ոստիկանությանն են դիմում ծայրահեղ դեպքերում, ամեն մարդ իր հարցն ինքն է լուծում»: Նա պատմեց, թե ինչպես է հայրը, որին մեղադրանք է առաջադրվել հարևանին ծանր մարմնական վնասվածքներ հնելու համար, ընկել կալանավայր: Երիտասարդ աղջկա պատմությունը պարզ ցույց է տալիս, որ Գյումրիում իրավապահ համակարգ չկա և ամեն մարդ հույսն իր վրա է դնում, իսկ արդարության հասնելու ամենագործուն միջոցը ծեծ ու ջարդն է համարվում:
Պետրոսյանի հարևանը գնում-գալիս էր Մոսկվա, վաճառքի համար իրեր էր բերում: «Մեր հարևան Հովոն ապրանք էր բերել, ու տիրոջը չէր տվել: Էդ տղաները մի 20-30 հոգով ծեծեցին նրան, ծնողին, տնեցիներին, ու էդպես երկու օր ծեծեցին, վերջում ապրանքը վերցրեցին: Նրանք մտածեցին, թե պապաս է իրենց տեղը ցույց տվել: Առավոտ պապաս կանգնած է եղել դարպասի մոտ, մամայիս էր ճանապարհում, Լյովա Ստամբոլցյանը՝ Հովոյի հայրը, եկել է հայհոյել է մորս, խփել է, ականջողը ընկել է: Լյովան քարով խփել է մամայիս գլխին, թևն է բռնել, պապաս հասել է, խփել է Լյովային, նա ընկել է, աղիքն է պայթել, կռիվ է եղել իրանց մեջ»:
Հարություն Պետրոսյանին սեպտեմբերի 28-ին բերման են ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին: «Բաժնի պետն ու պետի տեղակալը պապայիս ծեծեցին, Կարեն Գևորգյանն ու Արթուր Հակոբյանը, այնքան վատ է եղել, ճնշումը հասել է 220, սրանք վախեցել են՝ մահանա, շտապօգնություն են կանչել, բայց չեն թողել, որ դեղորայքային բուժում կատարեն: Եղբայրս պապայի հետևից գնացել է բաժնի մոտ: Ամսի 28-29-ին երեք անգամ շտապօգնություն ենք կանչել, իրենք չեն թողել, որ պապայիս օգնություն ցույց տան, մենք պահանջեցինք, որ իրեն ուղարկեն Մուշի բաժին, որ էլ չծեծեն», — ասում է Սվետլանա Պետրոսյանը, կից ներկայացնելով շտապօգնության կանչի թերթիկները: Ոստիկանության Մուշ բաժին տեղափոխելուց հետո նոր հնարավոր է եղել արձանագրել Հարություն Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները: Հավանաբար, Մուշի բաժնի աշխատակիցներն իրենց հնարավոր մեղադրանքներից երաշխավորելու նպատակով, չեն խոչընդոտել բուժզննությանը:
«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոկտեմբերի 10-ին տրված տեղեկանքում ասված է, որ Հարություն Պետրոսյանը սեպտեմբրեի 28-ին դիմել է այս կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. «հիպերտոնիկ կրիզ, գլխի գագաթային շրջանի քերծված վերքեր»: Մեկ այլ տեղեկանքի համաձայն, նույն ԲԿ-ի կողմից տրված, նշվում է, որ Հարություն Պետրոսյանի մոտ առկա է «վիճակ գլխուղեղի տրավմայից հետո, գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում»:
Ընտանիքը չի դիմում Շիրակի դատախազություն, վստահ լինելով, որ ոստիկաններն ու դատախազներն իրար հետ կապված են և միմյանց չեն նեղացնի: «Շտապօգնությունը հորս մոտ նույնիսկ երիկամների խնդիր է արձանագրել, թղթերից մեկում այդպես էլ գրված է, որ պատճառը ծեծն է: Բայց ստեղ բոլորն իրար հետ կապված են: Ես չեմ կարող իմ ծնողին պաշտպանեմ: Ոչ ոք հաշվի չի առնում, որ պապաս մորս էր պաշտպանում», — վրդովվում է Սվետլանա Պետրոսյանը: Նա սեպտեմբերի 28-ից փաստաթղթեր է հավաքում, նաև բազմաթիվ տեսանյութեր ունի, որոնց միջոցով հույս ունի ապացուցել ոստիկանների կատարած հանցանքը: «Մի քանի շտապօգնություն է գնացել Կումայրի բաժին, նոր թողել են, որ տեղափոխեն: Մուշի բաժնում էլ հորս միանգամից չեն ընդունել, որ տեսել են վրայի վնասվածքները: Հետո տարել են արձանագրելու, բժիշկը գրել է, որ վրան քերծվածքներ կան, գրել են, թե ինչ խնդիրներով է ընդունվել, ճնշումը 220-230, քերծվածքներ գլխին, ոտքերին, երիկամի խնդիր: Մուշի բաժնում էլ մի քանի անգամ կանչ է գրանցվել, նոր տեղափոխել են «Գյումրի ԲԿ», այնտեղից էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ արձանագրել են կալանավորի վերքերը:
Հ.Գ. Ակնկալում ենք, որ դատախազությունը կստուգի սույն հրապարակման մեջ նշված փաստերը, կուսումնասիրի կից ներկայացված նյութերը և համապատասխան եզրակացություններ կանի:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: