Բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ ձգվող համագործակցությունը կարծես թե շուտով կմեկնարկի։
Զոհված զինծառայողների ծնողները համաձայնության են եկել, որ առաջին քննվող քրեական գործը լինի 2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված N զորամասում առանձնակի դաժանությամբ սպանված կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանի գործը։ Ըստ մայրերի՝ քննվող գործերի հերթականությունը սահմանվել է վաղեմության ժամկետը հաշվի առնելով։
2010 թվականին Արցախի N զորամասերից մեկում, ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Forrights-ի հետ զրույցում նշեց՝ թեև հավատը մեծ չէ, բայց արդարության վերականգման ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունեն․
«Մենք մեծ վստահություն ունենք մեր ընտրած փաստաբանների նկատմամբ։ Ուստի հույս կա, որ գոնե ճշմարտությունը կբացահայտվի։ Ողջ աշխարհը տեսել և տեսնում ա մեր պայքարը, չի եղել մի հինգաբթի, որ տանը նստենք։ Եկել ենք, կանգնել, պահանջել ենք մեր տղաների սպանության իրական մեղավորին գտնել ու պատժել, մեր բաժին արդարությունը վերականգնել։ Էսքան տարի սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք, ոչինչ, միայն թե էս անգամ էլ չկոծկեն»,- մտավախություն հայտնեց տիկին Նանան։
Ապրիլյան պատերազմի հերոս, Մեղրիի N զորամասում 2017 թվականին մահացած հայտնաբերված կապիտան Անդրանիկ Մկրտչյան հայրը՝ Արմեն Մկրտչյանը մեծ հույսեր ունի ձևավորված խմբի հետ։ Forrights-ի հետ զրույցում որդեկորույս հայրն իր վստահությունը բացատրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է անձամբ հետևողական լինել գործերին․
«Ես գտնում եմ, որ մեր տղաների կոծկված գործերը կբացահայտվեն, քանի որ այս անգամ վարչապետն ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին ա վերցրել։ Մեզ հետ հանդիպման ժամանակ ասեց, որ ինչ խոչընդոտի հանդիպենք գործերի քննություն ժամանակ, իրեն դիմենք, որ հնարավորինս արագ վերացնի։ Փաշինյանի խոսքով՝ ինքը պարբերաբար հանդիպումներ ա ունենալու փաստաբանների հետ, որպեսզի իրեն զեկուցեն կատարված աշխատանքների մասին»։
Նշենք, որ նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ։ Յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կլինի զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, ինչից հետո առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում՝ խորհրդատվական եզրակացություն կներկայացվի վարչապետին:
Չնայած որդեկորույս ծնողները վստահության և ակնկալիքների հարցում տարբեր մոտեցումներ ունեն, սակայն մի բանում վստահ են՝ քննվող առաջին իսկ գործի ժամանակ կհասկանան՝ հեռակար կա՞ համագործակցությունը շարունակելու, թե՞ ոչ․
«Տեսնենք, ցանկությունը կա՞ ճշմարտությունը վեր հանելու»,- կասկած է հայտնում տիկին Նանան։
Վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հարց բարձրացավ, թե ինչ անել այն գործերով, որտեղ իրեղեն ապացույցները վերացվել են, կորել կամ բացակայում են։ Որպեսզի քննչական մարմիններն այդ հանգամանքը «դրոշակ չդարձնեն» և գործը չփակեն, ծնողներն առաջարկել են Օհանջանյանի գործի հետ զուգահեռ քննել մեկ այլ գործ․ Երկու տարի առաջ մայիսին «Մեհրաբ» զորամասում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի գործը։
Ըստ քննչականի՝ Թորոսյանն ինքնասպան է եղել, սակայն մայրը չի հավատում այդ վարկածին․
«Սպանել են իմ որդուն՝ դաժանաբար սեռական օրգաններին հարվածելով, կանգնած է եղել հայրը դիահերձարանում, և դատաբժիշկը արձանագրել ա երեխայի վրա բռնության հետքերը»,- ասում է զինվորի մայրը՝ Արմենուհի Պողոսյանը։
Նշենք, որ ծնողների հետ հանդիպման ժամանակ, կառավարության ղեկավարն առաջարկել էր ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Բացի դրանից, քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը:
Փաստաբանների և իրավաբանների անունները մինչ օրս գաղտնի են պահվում, հայտնի է միայն նրանցից մեկի՝ Արայիկ Պապիկյանի անունը։ Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տեխնիկական հարցերն արդեն ավարտվել են, ուստի առաջիկայում այլընտրանքային աշխատանքային խումբն արդեն իսկ կսկսի գործել։ Փաստաբանը հույս ունի, որ խմբի գործունեությունը թույլ կտա վերացնել քրեական գործերում առկա անարդարությունները․
«Քանի որ խումբը դեռևս չի սկսել գործել, այս պահին միայն ենթադրություններով կարող եմ խոսել։ Խմբի ստեղծումը, իհարկե, մեկ քայլ առաջ գնալ է նշանակում, սակայն կասենք աշխատանքը հաջողել ենք միայն այն դեպքում, երբ գործը կոծկած, քննության ընթացքը խոչընդոտած կամ անարդարացի որոշում կայացրած անձիք պատասխանատվության կենթարկվեն։ Թե դա իրենից կենթադրի քրեակա՞ն, թե՞ հաստիքային լուծում, հետագայում կորոշվի»,- նշում է Պապիկյանը։
Մեր հարցին, թե այս գործերի արդարացի քննությունը հնարավո՞ր է մինչդատական և դատական համակարգի վրա էականորեն դրական ազդեցություն ունենան, փաստաբանը հստակորեն պատասխանեց․
«Իհարկե։ Սա մեծ քայլ կլինի արդար դատաքննության համար և համակարգային դրական փոփոխությունների կհանգեցնի։ Մենք այս պահին միայն ճշմարտության վեր հանումն ենք իրականացնելու և ներկայացնենք վարչապետին»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: