Երեկ Արենի գյուղում հողին հանձնեցին ժամկետային զինծառայող, 19-ամյա Ալիկ Մանուկյանի դին: Նա մահացել է հրազենային վիրավորումից, հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Իջևանի N զորամասում:
Մահացել է հիվնդանոց տեղափոխելու ճանապարհին:
Ալիկ Մանուկյանը իր ծնողների միակ որդին էր: Զորակոչված էր Վայոց ձորի զինկոմիսարիատից: Մեկ տարուց ավելի է, ծառայության մեջ էր: Կես տարուց պետք է զորացրվեր:
Ալիկ Մանուկյանի հարազատներից հաջողվեց կապվել հորեղբոր որդու՝ Վազգենի հետ: Նա Forrights.am-ին հայտնեց, որ եղբայրը վիրավորում էր ստացել ծնոտի տակի հատվածից:
«Մայրը դեպքից կես ժամ առաջ խոսել է իր հետ: Թե ինչ եղավ հետո, ոչ մի բան պարզ չի, քննություն է գնում», — ասաց հանգուցյալի եղբայրը:
Նա պատմեց, որ Ալիկի մահվան մասին հարազատներն իմացել են իրենց բարեկամից: «Մեր բարեկամը զանգեց, ասեց, ոնց որ Ալիկի հետ դեպք ա եղել:Հետո զորամաս ես զանգեցի, ասեցին՝ դեպք է եղել, բայց ոնց որ ինքնասպանություն է»: Այսինքն՝ զորամասում որդեն որոշել էին, որ ինքնասպանությո՞ւն է: «Չգիտեմ, չեմ կարող ասել», — ասաց Վազգեն Մանուկյանը:
Ալիկ Մանուկյանի մոր՝ Լիլիթ Սարգսյանի հետ կապ հաստատեցինք մեծ դժվարությամբ: Պարզվում է, քննիչները առգրավել են մահացած զինվորի ծնողների հեռախոսները: «Ասեցին՝ պետք է առգրավեն: Ինձ ասեցին, որ իմ հեռախոսը տարել են Երևան», — հայտնեց Լիլիթը:
Նա որդու հետ խոսել է 13.57 րոպե: Ըստ քննչական կոմիտեի տվյալների, Ալիկ Մանուկյանը հրազենային վիրավորումը ստացել է 14.00, այսինքն՝ մոր հետ զրույցից 3 րոպե անց:
«Շատ շուխուռոտ տեղ էր: Ասեց՝ մամ, խառն եմ, մի քիչ հետո կզանգեմ: Մի քիչ հետո զանգել ենք՝ անհասանելի է: «Չերեզներով» ճշտել ենք, որ տղաս մահացել է, մեզ զորամասից չեն ասել, մենք «չերեզներով» ենք ճշտել: Որ երեխան անհասանելի էր, սկսեցինք զանգել ծանոթներին: Ես առավոտյան էլ էի խոսել հետը: Վատ չէր: Այդ պահին էր անտրամադիր միայն»:
Որդու մահից հետո նա բազմաթիվ հանգամանքներ է վերլուծել ու երդվում է՝ եթե գործը չբացահայտեն, «Եղեգնաձորի վաենկամատով մտնելու է, Իջևանով ու Փաշինյանով դուրս գա, բայց պարզելու է իրողությունը»:
«Ես պիտի պարզեմ, ինչ ա եղել: Իմ երեխեն ինքնասպան չէր լինի: Նա մի փոքր արյունից էլ վախենում էր: Նա ծառայության առաջին օրվանից ասում էր՝ մամա, ասա, ինձ ավտոմատ չտան: Ուզում էր այնպիսի ծառայություն, որ ավտոմատ չբռնի: Չէր սիրում զենք, թեև Մոնթե Մելքոնյանի վարժարանն է ավարտել, մեդալներ ունի: Մենք նրան մի քանի ամիս առաջ տեղափոխեցինք «տանկովի չաստ», որ նա ավտոմատ չվերցնի, ինքը տանկի վրա էր»: — պատմում է Լիլիթ Սարգսյանը:
Նա վստահեցնում է, որ տղան երբեք իրեն չէր սպանի, արյունից մեծ վախ ուներ: Մահից հետո Ալիկի մեդալներն անհետացել են: Անհետացել է նաև նրա բջջանին հեռախոսը:
«Փախցրել են, որ շատ բան չպարզվի էդ հեռախոսի միջոցով: Եթե իմ երեխեն իրան սպանել ա, ո՞ւր ա իմ երեխու հեռախոսը: Ինձ զանգեցին, ասեցին՝ Ալիկի հեռախոսը չկա: Ասեղ էր, կորա՞վ: Տարել են տղուս հեռախոսը, որ փակեն գործը: Չեն կարա»:
Նա վստահեցնում է՝ որդու մահվան հանգամանքները առհասարակ մութ են շատ: Մեդալների ու հեռախոսի անհետացումը չի, որ այս մտքին է հանգեցնում զինվորի մորը: Դեպքի առաջին օրը համագյուղացիների քննարկումներն են ականջով ընկել: Լսել է, որ Ալիկը խփվել է երկու կրակոցից: «Հետո ասեցին՝ չէ, մի կրակոց ա: Ես ինքս չեմ տեսել: Երեխու վիզը կոճկած էր: Լավ չէր երևում: Կողքն էի ամբողջ ժամանակ, ուզում էի տեսնել, թե որտեղ ունի վնասվածք: Նկատեցի, որ աչքը լավ ուռած էր»:
«Տղաս շատ փողեր էր ուզում մեզանից, զանգում էր, ասում էր՝ ինձ գումար ա պետք էս ինչ ժամի, էն ինչ ժամի: Հինգ հազար տուր, 7 հազար տուր, մի ամսում 60 հազար ուղարկել էի- հիշում է Լիլիթը, — գումարները արագ ուղարկում էի, վախենում էի, որ մի բան կանեն իրեն ընդեղ: Երևի, էլի են ուզել, ինքն էլ ինձ չի ասել, երևի, էլ փող չի տվել, մի բան արին տղայիս հետ»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: