Գեղանկարչուհի, երկու երեխաների մայր 43-ամյա Նարինե Ղուկասյանը հիշում է, երբ տասը տարի առաջ փորձել է օգտվել վերարտադրողական պետական ծրագրերից, բժիշկները կոպիտ են արձագանքել` «երեխա ունենում ես տանջելու՞ համար»:
Ղուկասյանն ունի մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ-ը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է): Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ արմատավորված տարատեսակ կարծրատիպեր, ինչպիսիք են` հաշմանդամ կինը լիարժեք ծնող չի կարող լինել, երեխան էլ հաշմանդամություն կունենա, անձամբ է զգացել եւ խտրականության ենթարկվել:
Առողջապահության նախարարությունը չունի տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող քանի կին է մինչ այժմ օգտվել կամ օգտվում պետական վերարտադրողական ծրագրերից, որոնք հատկապես ընդլայնվեցին վերջին տարիներին։ Ըստ նախարարության խոսնակի՝ նման տարանջատում չի արվում պացիենտների շրջանում, քանի որ այդ ծրագիրը համարվում է արտոնություն և որոշ տարիքային խմբերի բոլոր կանայք անխտիր կարող են օգտվել դրանից։ Այսօր, սակայն, շատ ծառայություններ դեռ մնում են անմատչելի կամ դժվարամատչելի հաշմանդամություն ունեցողների համար և հավասար հնարավորությունների մասին դժվար է խոսել։
Նարինեն այսօր նաև «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ նախագահն է և պայքարում է հաշմանդամություն ունեցողների իրավունքների համար։
«Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահ 37-ամյա Արև Մելքոնյանը հաշմանդամություն ձեռք է բերել փոքր տարիքում, անվասայլակ է օգտագործում: Կարծրատիպերի պատճառով կորցրել է նորաստեղծ ընտանիքը, քանի որ ամուսնու ծնողները չեն հաշտվել իր հաշմանդամության հետ։
Մելքոնյանը, որն այժմ խնամում է իր 6-ամյա տղային, հիշում է` հղիության վաղ շրջանից սկսած բացասական վերաբերմունքի է հանդիպել հենց բուժաշխատողների կողմից։ Ուլտրաձայնային սոնոգրաֆիայով հղիության ընթացքը ստուգող բժիշկը չի հավատացել, որ սայլակ օգտագործող կինը կարող է ամուսնացած ու հղի լինել, նույնիսկ հետաքրքրվել է, թե հնարավոր է, որ հղիությունը բռնության հետևանք է։
Արև Մելքոնյանն իրեն երջանիկ մարդ է համարում՝ ունի իր ցանկալի աշխատանքը, առողջ տղա և սպորտային հաջողություններ՝ պարածանրամարտի Հայաստանի չեմպիոնուհի է։ Նրա կարծիքով, սակայն, հաշմանդամություն ունեցող շատ աղջիկներ վախենում են բարձրաձայնել ընտանիք ունենալու, մայրանալու ցանկության մասին՝ վախենալով զրկվել այն տանիքից, որն այժմ ունեն։
Հայաստանի կառավարությունը 2021 թ-ին ընդունել է «Հաշմանդամության մասին» օրենքը, որը սահմանում է, որ հաշմանդամություն ունեցողների համար պետք է ապահովել ոչ միայն ֆիզիկական մատչելիություն, օրինակ, թեքահարթակներ, այլև՝ ծառայությունների մատչելիություն, այդ թվում՝ բժշկական ծառայությունների, որպեսզի բոլոր ծառայությունները մատչելի դառնան հաշմանդամություն ունեցողների համար։
Գյումրիում գործող «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի մասնագետ Ռոզա Ավագյանը նշում, որ հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ իրազեկ չեն՝ ինչ է բռնությունը, բռնության ինչ տեսակներ կան՝ ներառյալ ֆիզիկականը, տնտեսականը եւ հոգեբանականը: Նրանք հաճախ չգիտեն նաեւ, թե ինչ իրավունքներ ունեն:
«Օրինակ՝ ունեցել ենք մտավոր զարգացման խնդիր ունեցող աղջիկ, որն ուզել է ամուսնանալ, սակայն հենց ինչ-որ մեկի հետ հանդիպում էր, ընտանիքի անդամներն իմանում էին ու ինքը տանն անընդհատ ենթարկվում էր ծեծի, մեր կազմակերպությունը ևս փորձել է միջամտել, սակայն իրենք կարծում են, որ իրենց աղջիկն ունի մտավոր զարգացման խնդիր, իրեն պետք չէ ամուսնանալ, ավելորդ խնդիրներ կունենա»,-նշում է հետազոտությունների հեղինակը:
Հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներն, իրենց սեռով եւ ինքնությամբ պայմանավորված, երբեմն դառնում են նաեւ գենդերային ապատեղեկատվության զոհ:
Նման մի օրինակի է անդրադառնում նաեւ ՕքսԵՋեն հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» 2024-ի զեկույցը:
armlur.am կայքն` անդրադառնալով Վարդենիս համայնքում դպրոցական աղջնակի` 2 տարեց տղամարդկանց կողմից բռնաբարության դեպքին, նշել էր, թե «տեղի բնակիչները իրավապահների հետ զրույցում ասում են, որ 13-ամյա աղջիկը այդքան էլ չի փայլել վարքով»:
Թեև բռնարարները կալանավորվեցին ու գործն այժմ դատարանում է, սոցցանցերում և անգամ մամուլում որոշ մեղադրանքներ հնչեցին նաև աղջկա հասցեին։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցաշխատող Լինա Անտոնյանն անընդունելի է համարում զոհին մեղադրելու միտումը մեր հասարակության մեջ։
ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանում տեղադրված հետազոտության համաձայն` հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները, մոտ 2,3 անգամ ավելի խոցելի են սեռական բռնության նկատմամբ, քան մյուսները:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցաշխատող Լինա Անտոնյանը պատմում է, որ շատ դեպքերում բռնությունը տեղի է ունենում խնամողի կամ ընտանիքի անդամի կողմից: Նա ասում է, որ Հայաստանում չկան հոգեբան-մասնագետներ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող աղջիկների հարցաքննությունները, գործերը քննող քննիչները վերապատրաստված չեն հատուկ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հարցազրույցներ իրականացնելու համար, երեխան չի համարվում վստահելի վկա կամ անձ։ Փորձը ցույց է տալիս, որ հարուցված շատ վարույթներ էլ կարճվում են՝ ապացույցների բացակայության պատճառով։
ԶԼՄ-ներում ու սոցցանցերում թիրախավորվելու արդյունքում կինը հաճախ հրաժարվում է պայքարել իր խախտված իրավունքների համար
Թեև հայաստանյան մեդիան պարբերաբար անդրադառնում է հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների խնդիրներին ու լուսաբանում դրանք, քիչ չեն նաև դեպքերը, երբ ԶԼՄ-ներում և հատկապես սոցանցերում տարածվում են հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպեր ու նարատիվներ, նաև՝ գենդերային ապատեղեկատվություն, իսկ երբեմն, հատկապես սեռական ոտնձգնությունների ենթարկվելու ժամանակ, նրանք թիրախավորվում են՝ զոհից վերածվելով մեղավորի։
Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող կանանց սոցցանցերում թիրախավորում են հատկապես դատական գործընթացների ժամանակ։
«Մենք բազմաթիվ դեպքերով ունեցել ենք իրավիճակ, երբ մտավոր կամ հոգեկան խնդիրներ ունեցող կանանց նկատմամբ եղել է բռնություն, ամենաշատը սեռական բռնությունն է, հասարակությունը պիտակավորել է, թե ոնց կարող է բռնություն լինի մի մարդու նկատմամբ, որը չի հասկանում՝ իր հետ ինչ է կատարվել։ Եվ դա սկսում են շահարկել և տարածել սոցցանցերում, ինչը նվաստացնող իրավիճակի առիթ է ստեղծում, հաշմանդամություն ունեցող կինը հասարակության կողմից նշանակվում է որպես մեղավոր իր հանդեպ կատաված բռնության համար և դադարում է պայքարել իր իրավունքների համար»,-նշում է Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ մամուլը պետք է շատ զգույշ լինի նման տեղեկատվության տարածման նկատմամբ՝ հաշվի առնելով մարդու խոցելիությունը:
«Եթե կինը փորձում է պայքարել իր իրավունքների համար և հանդիպում է հանրային պարսավանքի՝ պայմանավորված հաշմանդամության փաստով կամ որևէ խնդրով, նա պարփակվում է, չի շարունակում իր պայքարն իրավունքների համար, և մեր փորձառությունը ցույց է տալիս, որ նրանք ուղղակի փորձում են մոռանալ իրենց կյանքի այդ հատվածը և չվերականգնել խախտված իրավունքները, նույնիսկ՝ լքել երկիրը»,- ասում է իրավապաշտպանը։
Հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների մասնագետ Անի Կոջոյան` հենվելով նախորդ տարի գենդերային ապատեղեկատվության մշտադիտարկման արդյունքների վրա, նշում է, որ մեդիայի և լրագրողների դերը գենդերային ապատեղեկատվության ստեղծման եւ տարածման գործում նշակալից է:
Կոջոյանի խոսքով՝ այս առթիվ վերահսկողություն չկա առցանց մեդիայում և սոցհարթակներում, հեռոուստատեսությունն ավելի վերահսկելի է։ «Ցանկացած լրատվամիջոց պետք է հարգի «Մի՛ վնասիր» սկզբունքը։ Նույնիսկ եթե դա ուրիշի խոսքի տարածում է, պետք է մտածի՝ արդյոք վնասո՞ւմ է այն անձին, ում ուղղված է այդ խոսքը կամ նարատիվը։ Մեդիան կարող է ոչ թե տարածել գենդերային նարատիվները, այլ փորձել օգնել այդ կանանց»,-նշում է նա։
Փորձագետը կարծում է, որ թեև լրագրողների, քաղաքական գործիչների համար կան տարբեր ուղեցույցներ, կազմակերպվում են դասընթացներ, անհրաժեշտ է նաեւ համակարգային մոտեցում։
«Պետք է հասկանալ՝ ինչ պետք է փոխել էթիկայի հանձնաժողովներում ու կանոնակարգերում։ Երբեմն հավատի պակասն է, որ կանայք չեն դիմում, երբեմն՝ անտեղյակության»,-նշում է Կոջոյանը։
Ուստի փորձագետն առաջարկում է վերահսկող կառույցներին ու հանձնաժողովներին չսպասել դիմումների և պրոակտիվ գործունեության անցնել։
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2024 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 83 396 հաշմանդամություն ունեցող կին և աղջիկ երեխա։ Հայաստանի քննչական կոմիտեն վիճակագրություն չի վարում, թե առնվազն վերջին 5 տարում Կոմիտեում քանի գործ է քննվել և քննվում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերով և դեպքերի ինչ դինամիկա է նկատվում։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: