Մոխրաթաղից մայրը գաղթի ճամփան է բռնել՝ հույս ունենալով, որ հասնելու է Հայաստան ու երևանյան հիվանդանոցներից մեկում գտնի վիրավոր տղային։ 65-ամյա Անահիտ Սարգսյանի որդին՝ Գևորգը, աշխարհազորի հետ յուրաքանչյուր ամիս բարձրացել է դիրքեր՝ պաշտպանելու Մարտակերտը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ընդառաջ Գևորգին մեկ շաբաթ շուտ են կանչել դիրքեր՝ ասել են մարդուժի կարիք կա, Գևորգը գնացել է։

«Ասացի՝ Գևորգ, մի գնա, քո վեց երեխուն ո՞ւր ես թողնում, ասաց՝ մամ ջան, ես տունը նստեմ, թաքնվեմ, բա մեր պոստերը ո՞վ պիտի պահի, հայրենիքը ո՞վ պետք է պաշտպանի, ոչինչ գնում եմ, ոչ մի բան չի լինի»,-Forrights.am-ի հետ զրույցում որդու հետ՝ դիրքեր բարձրանալուց առաջ տեղի ունեցած խոսակցությունն է հիշում մայրը։

Ստպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Գևորգը զանգել է ընտանիքին։ Հոր՝ 70-ամյա Ալյոշա Սարգսյանի փոխանցմամբ, ասել է, թե կարող է պատերազմ սկսվել։

«Ասաց՝ հանկարծ, որ մի բան լինի, մեքենաներով դուրս կգաք։ 11:30-ին էլ էր զանգել, բայց էլ չկարողացանք խոսել, էլ կապ գոյություն չուներ։ Ժամը 12-ին մի սնարյադ գյուղի վերևում պայթեց, հասկացա, որ կռվի նշան ա։ Հետո մի քանի հատ մյուս կողմում պայթեց։ Ամեն ինչ պայթեց, սվյազ գոյություն չուներ»,-մոխրաթաղցիները հենց այսպես տեղեկացել են, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է խաղաղ բնակիչների վրա։

Մոխրաթաղում պայթյունների ձայներից իրարանցում է սկսվել, երեխաներին և կանանց տեղափոխել են նկուղներ։ Գևորգի հայրը՝ չնայած կրակոցներին, դուրս է եկել որդու մասին որևէ տեղեկություն իմանալու:

«Ես կասկածում էի, որ Գևորգը զոհվել է, իր դիրքը թշնամու դիրքից 30-40 մետր էր հեռու, ամենավտանգավոր պոստն է։ Դիրքում 8 հոգի են եղել, իսկ թշնամին հարյուրավոր են եղել։ Նրանք ամեն ձևի զինված են եղել։ Ասում էին, որ ռուսը ստեղ ա կռիվ չի լինին, մեզ պահում է, դու մի ասա ամեն ինչը իրենք են արել, թողել փախել են։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան ԲՏՌ-ներով թողել, գնացել են։ Իրենց կամադիրն էլ է իրենց խաբել, չի մնացել իրենց կողքին, հիմա էլ Ռուսաստան է թողել գնացել։ Պետք է զգուշացնեին, որ կռիվ է լինելու։ Գյուղամիջում մի 40 հոգի հավաքված խոսում էին, ես հասկացա, որ մեր տղաներից են խոսում, ասում էին՝ վերջացել է, չկան։ Թշնամին հլը կրակում է, ամեն տեղի վրա։ Տեսնեմ մյուս տղաս կամադիրի հետ գալիս է, հարցրեցի՝ վերևին ի՞նչ կա-չկա, ասաց՝ սաղ պրծած ա։ Հարցնում եմ՝ ռուսները չեն օգնե՞լ, ասում է՝ մի բան էլ թշնամուն են օգնել»,-պատմեց Ալյոշա Սարգսյանը։

Ընտանիքը ստիպված է եղել սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվել Մոխրաթաղից՝ այդպես էլ Գևորգից որևէ տեղեկություն չունենալով։ «Ճանապարհ ենք ընկել, գալիս ենք, բայց իմ ուշքն ու միտքը հետևն է, որ իմ տղան չկա։ Զանգում եմ կամադիրին, ասում եմ՝ Գևորգը չկա, ինձ ասում եք՝ տնից հել, գնա, պատասխանում է՝ ուղարկել ենք Երևան»,-ասում է տիկին Անահիտն ու շեշտում՝ իր տուն ու տեղը լքում էր որդուն Երևանում հանդիպելու հույսով։ Մայրը՝ չնայած հրամանատարի պնդումներին, թե որդին Երևանում է, Ստեփանակերտ հասնելով Գևորգին փնտրել է բոլոր հիվանդանոցներում։

«Հասնում ենք Մասիս, էլի զանգում եմ կամադիրին, ասում եմ՝ իմ տղան ո՞ւր է, իր երեխաները փոքր են, իրենց հորն են ուզում, ասաց, որ հասնեք Երևան, կգտնենք։ Ամսի 27-ին տղաներս Գևորգին բոլոր հիվանդանոցներում փնտրեցին, չգտան, հետո ասացին, որ մորգ կա, որտեղ արցախցի տղաների են բերել։ Տղաս գնաց եղբորը գտավ։ Մյուս տղաս՝ Գարիկը եկավ տուն, ասաց՝ մեր Գևորգը չկա, ասաց վիրավոր չի, զոհված է»,-պատմեց մայրը

Ծնողները նշում են, որ Գևորգը երկու ընկերների հետ պայքարել է մինչև վերջ, չի նահանջել, ինչը հնարավոր է եղել։

«Իմ տղան վիրավոր է եղել, եթե օգնող լիներ, կարող ա փրկվեր, բայց ոչ մեկը չի եղել։ Թշնամին այնպես է խփել, որ մահվան ենթակա է եղել։ 50-60 հոգով, երբ հարձակվել են ութ հոգանոց դիրքի վրա, մերոնք դիմադրել են, բայց մի քանի հոգի, որ տեսել են՝ դժվար է, թողել, գնացել են Մարտակերտ։ Երեքը մնացել են, որից մեկը իմ տղան է եղել, սկսել են պայքարելը։ Իմ տղան ասել է՝ ես գերի չեմ ընկնելու։ Մինչև վերջ պայքարել է ու զոհվել է։ Թշնամին հետո եկել մտել է խրամատը ու էնքան է տղաների վրա կրակել, հնարավոր չի եղել, որ ճանաչենք»,-պատմում եմ ծնողները։

Գևորգին հուղարկավորել են հոկտեմբերի 5-ին՝ դստեր ծննդյան օրը, հոկտեմբերի 19-ին էլ փոքր տղայի ծննդյան օրն է, հոկտեմբերի 1-ին էլ իր ծնունդն է, ցավով նշում է մայրը։

«Երեխաներին տանում ենք Եռաբլուր պապային են ուզում, ասում են՝ պապա, խի մեզ մենակ թողեցիր, առանց քեզ չենք կարողանում, քո կարոտն ենք քաշում»,-ասաց մայրը։

Գևորգը վեց երեխա ունի, որից հինգն անչափահաս են։ Ապրում են սոցիալական ծանր պայմաններում։ Այս թեմային կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ