Լիլիթ Գրիգորյանը մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն աշխատեց որպես ԱՀ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տեղամասային մանկաբարձուհի։ Նրա 20 տարվա սիրելի մասնագիտությունն ամբողջովին առնչվում էր կանանց կոնսուլտացիայում հաշվառված հղի կանանց առողջության վերահսկմանը։
«Չէինք պատկերացնում, որ շրջափակումն ամիսներ կտևի և ինչ դժվարություններով դեռ պիտի անցնենք։ Հղի կանանց վիճակն այդ պայմաններում չափազանց ծանր էր, հատկապես սննդամթերքի առումով։ Շատերը Կենտրոն էին դիմում՝ հղիությունն ընդհատելու համար ու մենք փորձում էինք հետ կանգնեցնել նրանց այդ քայլից։ Փառք Աստծո, որոշներին կարողացել էինք համոզել և մեր հորդորների շնորհիվ ծնվել են բալիկներ։ Սննդամթերքի սղությունը չէր կարող չանդրադառնալ կանանց առողջությանը։ Հղի կանանց մեծ մասը սոված էին գալիս կոնսուլտացիայի ու հերթերում ուշաթափվում էին։ Լիակատար շրջափակման ժամանակ, երբ կտրոնով մեկ շնչին կես հաց էր հասնում, բնակչության մեծ մասն անգամ դա չէր կարողանում հայթայթել»,- նշեց տեղամասային մանկաբարձուհին։
Լիլիթի մայրն անկողնային հիվանդ է, ստամոքսաաղիքային տրակտի խոց ունի։ Մեր զրուցակիցն իր մորը միայնակ է խնամում։ Մոր վիճակը վատթարացել էր հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ կորցրեց ամուսնուն։ Լիլիթի 70-ամյա հայրը քաղցկեղով հիվանդ էր, սիրտն էլ ստենտավորված։ 1990-ականների ազատամարտիկը նոյեմբերին ստորագրված կապիտուլյացիայի փաստի հետ չհամակերպվեց և առողջական խնդիրները սրվեցին։
«Հայրս պնդեց, որ ինքը պետք է վերադառնա և իր տանը հոգին ավանդի։ Նոյեմբերի 15-ին վերադարձանք Ստեփանակերտ, իսկ հաջորդ օրը հայրս մահացավ։ Մայրս էլ 2 տարվա անկողնային հիվանդ է ու շրջափակման ժամանակ բախվում էինք բազմաթիվ խնդիրների։ Սնունդ չկար, գազամատակարարումը խաթարված, էլեկտրաէներգիան հովհարային անջատումներով էր, իսկ երբեմն էլ նաև ջուր չկար։ Հարևաններս ինչ ունեին կիսվում էին՝ երկուական վարունգ, պոմիդոր, գազար, խնձոր էին բերում։ Մեզ ընդամենը մի հաց էր հասնում ու հարևաններս օգնում էին, որ հերթերում գիշերները չկանգնեմ։»,- շրջափակման ծանր պայմանների իրենց վիճակը ներկայացրեց Լիլիթը։
Իրավիճակն աստիճանաբար վատթարացավ և արցախահայությունը հայտնվեց անելանելի վիճակում։ Սեպտեմբերի 19-ին տեղամասային մանկաբարձուհին աշխատավայրում էր և պետք է զննեին շրջաններից եկած հղի կանանց։ Նրանք արդեն մտահոգ էին սրված իրավիճակից։
«Առաջին պայթյուններից ահավոր իրարանցում սկսվեց։ Հղի կանայք սկսեցին ճչալ, ծվալ, լացել…մեկի երեխան դպրոցում էր, մյուսինը մանկապարտեզում։ Բժիշկներն հրահանգեցին բոլորին իջնել նկուղ ու միայն ծննդաբերողները, անհաս երեխաներ ունեցողները մնացին բաժանմունքներում։ Ամբողջ ուշքս ու միտքս անկողնային հիվանդ մորս հետ էր։ Նա տանը մենակ էր և չէր կարող իջնել նկուղ ու մեր դուռը բացող չկա։ Երբ բոլորը իջան նկուղ, ես շտապեցի մորս մոտ։ Դուրս եկա, բայց ոտքերս թուլացան, դողում էին, չէի կարողանում քայլել… անընդհատ պայթյուններ, արկակոծություններ ու մտածում էի, որ Աստված չանի արկը պայթի մեր շենքի մոտ, ինչ պիտի անի մայրս։ Այդ պահին մեր հղի կանանցից մեկի ամուսինը կանգնեցրեց մեքենան ու ինձ հասցրեց մեր շենքի մոտ։ Վազելով բացեցի մեր դուռը և տեսա՝ մորս վախից քարացած հայացքը։ Նա չէր կարողանում խոսել, կարկամել էր…»,-հուզված վերհիշեց Լիլիթը։
Զինադադարի հայտարարությունից հետո Լիլիթն ու արցախահայության մեծ մասը չէին պատկերացնում, որ մի քանի օրից նրանք ստիպված կտեղահանվեն։
«Երբ մարդիկ սկսեցին լքել իրենց տները, անասելի ապրումների մեջ էի, մայրս չէր կարող գոնե քայլել, մնացել էինք մեն մենակ։ Եղբորս ընկերը հանձն առավ մեզ տեղահանել։ Նա վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ ցիստեռների մոտ հրաշքով փրկվեց, Տեղահանվեցինք սեպտեմբերի 29-ին՝ Մորս պառկեցրել ենք հետևի նստարանին և մի ճամպրուկով ճանապարհվել։ Երեք օր սոված, ծարավ էինք, իսկ մորս մի 20 անգամ ցավազրկել էի, որ գոնե քնի։ Հակարին անցնելուց աչքերս փակեցի, որ ադրբեջանցիներին չտեսնեմ ու մեզ առանց ստուգելու բաց թողեցին»,-պատմեց արցախցի կինը։
Լիլիթը չի համակերպվում ներկայիս իր կարգավիճակին, երազում ու աղոթում է թշնամիներից ազատագրված Ստեփանակերտ վերադառնալու մասին։
Այժմ մայր ու աղջիկ ծանր կացության մեջ են հայտնվել, հատկապես ձմեռային և համատարած գնաճի այս շրջանում։ Նրանք 150 հազար դրամ վարձավճարով ապրում են մեկ սենյականոցում։ Մոր 2-րդ խմբի հաշմանդամության թոշակը նվազեցրել են 13 հազարով ու 40 հազար դրամ թոշակն անգամ չի հերիքում դեղերին։ Իսկ հատկացվող 50 հազարական դրամներին ավելացնում են ևս 50-ն ու կոմունալների վարձը։ Լիլիթն ամիսներով չէր կարողանում լուծել զբաղվածության հարցը ու միայն անցած տարվա հուլիսից որպես բուժքույր ցածր աշխատավարձով ճարահատյալ տեղավորվեց ստոմատոլոգիական կլինիկայում, որ գոյատևեն։ Նրանք աջակցության խիստ կարիք ունեն ու ինչպես Լիլիթը խոստովանեց, որ գոնե դեղորայքի խնդիրը լուծվի։
Հ.Գ. Օգնել ցանկացողները կարող են զանգահարել 097-22-55-62 (Լիլիթ) հեռախոսահամարին:
Զառա Մայիլյան