Հունվարի 30-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել  44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների փակ հանդիպումը: Ներկա են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Ծնողները ներկա են եղել մեծ կազմով՝ շուրջ 80 հոգի։ Ուշագրավ է, որ հանդիպումն անցել է արտառոց իրավիճակում։ Ծնողներից ոչ բոլորն են հնարավորություն ունեցել ներկա գտնվել նիստերի դահլիճում։ Միայն 16-ն են պաշտոնյաներին ուղիղ հարց տալու հնաարվորություն ունեցել, մյուսները նիստին հետևել են լրագրողների համար նախատեսված օթյակից։ Չնայած, որ նախապես հայտարարվել է, որ անհետ կորածների թեմայով տեղի է ունենալու խորհրդարական լսումներ, բայց նիստն անցավ փակ ռեժիմով, լրագրողները լուսաբանելու հնարավորություն չունեցան։

Չորս ժամ տևած նիստից հետո գոհ էր միայն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։  «Շատ կոնստրուկտիվ քննարկում է եղել, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում»,– ասաց Քոչարյանը։

Անհետ կորածների ծնողները և հարազատները մինչդեռ խորհրդարանի շենքից հեռացան դժգոհ կամ անպատասխան մնացած հարցերով։

«Մինչև մեր հարցերին պատասխան չլինի, դժգոհ ենք, բա ինչ ենք»,- հանդիպումից հետո ասաց անհետ կորած զինվորի ծնող Ազատ Գևորգյանը։

«Մեր հարցերին սպառիչ պատասխան չեղավ»,- հանդիպումից հետո նշեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Նա հայտարարեց, թե Ալեն Սիմոնյանը ծնողներին ասել է՝ եթե հանդիպման ձևաչափից դժգոհ են, կարող են թողնել ու գնալ։

«Ֆորմատն ի սկզբանե խախտված էր, ասացիք այս մասին, բայց պատասխանեցին՝ գոհացեք նրանով, ինչ կա։  Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե այս ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք գնալ։ Մենք էլ մտածեցին՝ գնանք, թե մնանք, որոշեցինք մնալ՝ մեր հարցերի պատասխանները լսել։ Լսեցինք, խոսքերը լսեցինք։ Արդյունքում՝ ինչ եղել է 4 ու կես տարի, նույնն էլ շարունակվում է, ոչ մի տարբերություն։ Ոչ մի փոփոխություն»,- նշեց անհետ կորած զինծառայողի հորեղբարը՝ շեշտելով, որ իրենց հուզող ամենակարևոր խնդիրներից մեկին  ընդհանրապես անդրադարձ չի եղել։

«ԴՆԹ-ների հարցը՝  ամենակարևոր խնդիրներից մեկը, որն առկա է, այսօր ընդհանրապես չհասցրինք էլ քննարկել։  ԴՆԹ փորձաքննություն անցած մարմինների մասունքները, որոնք համընկնում են, բայց ծնողները չեն վստահում փորձաքննության արդյունքներին, դրան անգամ չենք էլ անդրադարձել։ Դա մնաց մի ամիս հետո։

Նախնական պայմանավորվել ենք՝ 30 օր հետո նորից հանդիպենք,  իրենք էլ երևի ավելի պատրաստ կլինեն, քանի որ անգամ ՔԿ ղեկավարը այսօր պատշաճ ձևով պատրաստ չէր մեր հարցերին պատասխանելու»։

Նշենք, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 քաղաքացի ու առայսօր նրանց ճակատագրի հետ կապված որևէ տեղեկություն չկա:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հայտարարել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ևս մեկ հանդիպում տեղի կունենա մեկ ամսից, կրկին խորհրդարանում։

Նիստի ժամանակ քննարկվել է միայն 2020 թվականից հետո անհետ կորած զինծառայողների հարցը։  ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 1992 թվականին անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:

«Ես հարցրեցի, թե արդյոք դուք զբաղվո՞ւմ եք 1990-ականների անհայտ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում»։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ