Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Էրիկի առողջական վիճակը գնահատվում էր բավարար, չնայած հաշմանդամության սայլակին, բայց նա կարողանում էր հանգիստ ստեղծագործել՝ գտնվելով Արցախում։ Սակայն բռնի տեղահանությունը ծանր հարված հասցրեց 40-ամյա Էրիկի կյանքին։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և անգամ հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։
Արցախից տեղահանվելուց հետո Էրիկն իր ընտանիքի հետ սկզբում բնակություն հաստատեց Վանաձոր քաղաքում։ Սակայն Վանաձորի խոնավ օդը և մշտական սթրեսը էլ ավելի սրեցին նրա առողջական խնդիրները։ Այդ պատճառով նրանք որոշեցին տեղափոխվել Արտաշատ՝ հույս ունենալով, որ ավելի չոր կլիման կբարելավի Էրիկի առողջական վիճակը։
«Շնչառությանս հետ կապված խնդիրներն են սրվել։ Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից, բժիշկներն ասացին՝ գնա տուն, մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք», — պատմում է Էրիկը։
Այժմ նրանք բնակվում են Արտաշատում՝ վարձակալած բնակարանում, որի համար ամսական վճարում են 120,000 դրամ։ Ընտանիքը բաղկացած է 8 հոգուց՝ Էրիկի ծնողները, եղբոր ընտանիքը և ինքն։ Ընտանիքը ապրում է թոշակների հույսին, իսկ եղբայրը դեռևս չի կարողանում աշխատել 2023 թվականի սեպտեմբերին բենզինի պայթյունից ստացած լուրջ վնասվածքների պատճառով։
Չնայած այս դժվարություններին՝ Էրիկը դժվարանում է խոսել իր սոցիալական խնդիրների մասին։ Նա հիշում է՝ Արցախում հանգիստ ստեղծագործում էր, մասնակցում ցուցահանդեսների, նույնիսկ վաճառել է իր որոշ աշխատանքները։ Հայաստանում, սակայն, նման հնարավորություն չունի։ Նրա խոսքով՝ այս պահին նկարում է իր սենյակի փոքրիկ անկյունում, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս նախկինի պես ակտիվ աշխատել։
«Արցախում, օրինակ, մեկ նկարը երեք օրում էի ավարտում, իսկ հիմա ամենաքիչը տասնհինգ օր է պահանջվում։ Բացի դա, հիմա անգամ շնչառությանս հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ», — ասում է նա։
Էրիկն իրեն համեմատում է թևերը կտրած թռչունի հետ։ «Թռչունի նման եմ, որի թևերը կտրել են ու վանդակի մեջ նետել։ Ուզում եմ թռչել, բայց չեմ կարող։ Միակ երազանքս այն է, որ կարողանամ կրկին գնալ Արցախ, ապրել այնտեղ ու հանգիստ ստեղծագործել», — ասում է նա։
Այսօր Էրիկի ընտանիքում ոչ ոք չի աշխատում, և նրանք գոյատևում են կառավարության կողմից տրված աջակցությամբ, սակայն, մի քանի ամիս էլ վերանայումներ են լինելու, չափահաս և առողջ անձիք զրկվելու են այդ գումարներից։ Նա հույս ունի, որ իր ճակատագրին անտարբեր չեն մնա, և կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել իր ընտանիքին հաղթահարելու այս դժվարությունները։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: