Բաքվում պատանդառված հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու մեղադրանքներ հարուցած Ադրբեջանը հայտարարել է նրանց դատավարությունների մեկնարկը։ Արցախի ՀԿ-ների նախաձեռնությամբ հունվարի 17-ին հայ գերիների ազատ արձակման պահանջով կազմակերպված հանրային ակցիային հանդես եկավ նաև ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան ու նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մենք այստեղ ենք մեր խղճի, մեր անհատական և ազգային արժանապատվության համար, որովհետև մեր հայ պատանդները Բաքվում են մեզ համար: Իրենք այնտեղ շինծու դատավարության առջև են կանգնում, խոշտանգվում են, անմարդկային վերաբերմունքի արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության նախկին և գործող ղեկավարներ ու երկրորդը՝ որպես հայեր ու բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն անձինք, ովքեր կարծում են, որ Արցախը որպես հայկական պետություն պետք է գոյություն ունենար, նշանակում է, Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք: Եթե ահաբեկիչներ ենք, ուրեմն մենք ևս դատապարտվում ենք այնտեղ։ Դրա համար պետք է մեր ձայնը բարձրացնենք բոլոր ատյաններում և առաջին հերթին ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և անեն առավելագույնը մեր պատանդներին հայրենիք վերադարձնելու ու մեր արժանապատվությունը մեզ վերադարձնելու համար»,- հայտարարեց Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:
Անդրադառնալով ակցիայի կազմակերպման վայրերի ընտրությանը, Նա պարզաբանեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքվել են, որովհետև այն միջազգային հանրության հավաքական դեմքն է և ակցիան ուղղված է ոչ միայն զուտ ՄԱԿ-ին, այլ նաև բոլոր պետություններին, որովհետև բոլորը ՄԱԿ անդամ են։ Իսկ ԱԳՆ-ի դիմաց անցկացվող երկրորդ ակցիան ուղղված է ՀՀ իշխանություններին, որովհետև ըստ ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի, քանի դեռ պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում՝ անհատական և հավաքական մակարդակով, բնականաբար, այլ պետություններն ընդհանրապես չեն զբաղվելու։ Նա զգուշացրեց, որ առաջիկա օրերին և շաբաթներին Բաքվից սպասվում է հերթական տեղեկատվական-հոգեբանական գրոհը։
«Մեր և ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ռազմագերիները՝ տվյալ դեպքում 2023թ.-ից գերեվարված 8 ռազմաքաղաքական ղեկավար ու 7 ռազմագերի և մեկ քաղաքացիական անձ կանգնելու են Բաքվի կեղծ ցեղասպանական դատարանի առջև։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները նվաստացուցիչ պատկերներ են ի ցույց դնելու, հրապարակելու են կոնտեքստից կտրված տարբեր հայտարարություններ կամ այսպես կոչված ցուցմունքներ՝ խոշտանգումների և տարբեր բռնաճնշումների հետևանքով, որոնց մենք չպետք է ուշադրություն դարձնենք։ Բոլորս պետք է հիշենք, որ այնտեղ գտնվող մեր եղբայրներն ազատ են ասելու յուրաքաչյուր բառ, միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որեւէ մեկը՝ սովորական քաղաքացի լինի, թե պաշտոնյա, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու մեր եղբայրներին: Իրենք այնտեղ մեզ են ներկայացնում ու մենք առավելագույնս պետք է անենք, որ իրենք որևէ կերպ չթիրախավորվեն մեր հայրենակիցների կողմից»,-նշեց Արտակ Բեգլարյանը:
Նա հանրությանն ու իշխանություններին կոչ արեց ադրբեջանական կեղծ թեզերը ու նվաստացուցիչ պատկերները չբերել հայկական տեղեկատվական տիրույթ ու իշխանության որևէ ներկայացուցիչ իրեն իրավունք չվերապահի որևէ մեկին թիրախավորելու, որովհետև ըստ Ըստ նախկին պետնախարարի, մեր պատանդներն այնտեղ են իշխանությունների մեղքերի, բացթողումների պատճառով։
«Չմոռանաք, որ այս օրերին Բաքվի հայ բնակչության կոտորածի 35-րդ տարելիցն է։ Այն հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականության մի դրվագն է ու հիմա մեր հայ պատանդները առերեսվում են ցեղասպանական մեկ այլ դրվագի։ Ցեղասպանության հետևանք է Արցախի հայաթափումը, մեր եկեղեցիների, տների, գերեզմանների քանդելը և սա ՀՀ իշխանությունների, միջազգային հանրության հավաքական ձախողման հետևանքն է։ Մենք այստեղ ենք մեր պատանդներին ազատելու, մեր ընթացող ցեղասպանության և հետևանքների հաղթահարման ու նոր ցեղասպանության կանխման համար»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը:
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: