Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Աղաջանյանների ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում։ Հայաստան գալուց հետո նրանց հետ մեկ այլ դժբախտություն է պատահել՝ ավտովթարի են ենթարկվել Լիանա Աղաջանյանի 18 և 21 տարեկան երեխաները։ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել նրանց ավտոմեքենան, որի մեջ էին որդին ու դուստրը՝ Աննան։ Աղջիկը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

«Ավտովթարից հետո առաջին վիրահատությունը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է կատարվել։ Վթարի հետևանքով գլխի հեմատոմա էր ստացել։ Երկու ամիս մնացել է բժիշկների վերահսկողության տակ։ Հետո տեղափոխեցինք Արաբկիր ԲԿ, որտեղ մնաց 5 ամիս՝ ստանալով վերականգնողական բուժում, ապա պլաստիկ վիրահատության ենթարկվեց Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնում, որտեղից էլ աղջկաս տեղափոխեցին Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջից մինչև այսօր մեր կյանքը հիվանդանոցներում է անցնում։ Սկզբից աղջկաս վիճակը շատ վատ էր։ Ամիսներ շարունակ մենք չգիտեինք, թե ինչ է սպասվում Աննային։ Եղել է մի շրջան, որ նա լրիվությամբ անհույս էր, սակայն այժմ, երբ վերականգնողական կենտրոնում է, դրական դինամիկա է նկատվում։ Չնայած դեռ չի քայլում, խոսում և ինքնուրույն չի կարողանում ուտել, սակայն մենք նկատում ենք, որ դեպի լավն է գնում։ Արդեն ճանաչում ու աչքերով արձագանքում է բոլորիս, ինչը մեծ հույս է ներշնչում»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ նշելով, որ աղջիկը դեռ երկարատև բուժման կարիք ունի, սակայն, այլևս չեն կարողանում վճարել հիվանդանոցի ծախսերը։

«Այսքան ժամանակ ոսկի եմ գրավ դրել, վարկեր եմ վերցրել, ծանոթ-անծանոթներն են օգնել, էլ հնարավորություն չունեմ, բայց պետք է շարունակի վերականգնողական բուժումը Միքայելյան հիվանդանոցում։ Վերջին անգամ երեք ամիս առաջ են վիրահատել, գլխի ոսկորը չկար, պլաստիկ են տեղադրել։ Հիվանդանոցի մեկ օրը  65 հազար դրամ է, մեկ ամսվա համար մոտ երկու մլն դրամ եմ տալիս։ Բժիշկներն ասում են, որ չորս-հինգ ամիս հետո նոր պետք է այն սարքերը հանեն, որով շնչում և ուտում է»,-իրավիճակը ներկայացրեց Լիանա Աղաջանյանը։

Ընտանիքի սոցիալական վիճակն այնքան է ծանրացել, որ մայրը ցանկանում է նաև օգնության համար դիմել Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ «Ուզում եմ հանդիպել Աննա Հակոբյանին, որ օգնություն խնդրեմ»։

Լիանան որդու և մյուս դստեր հետ ապրում է Երևանում, բնակարան առաջարկել է որդու ընկերը։ «Ծանոթի տանն ենք մնում, իմ տղայի ընկերներն են օգնում, որ մնանք այս տանը։ Ես չգիտեմ՝ տղուս ընկերը վարձ տալիս է, թե՝ չէ, բայց մենք չենք տալիս, տուն վարձելու հնարավորություն չունենք»։

Աղաջանյանները ծանր օրերե են անցակցրել Արցախում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լիանայի որդին մասնակցել է ադրբեջանցիների հարձակման դեմ պայքարին։ «Նա Ակնայում է եղել, որտեղ ճանապարհը փակել էին, որ ադրբեջանցիները առաջ չգան։ Վիրավորվել է, բեկորային վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest