Ժամկետային զինծառայող Սարգիս Մելքոնյանի հայրը՝ Գագիկ Մելքոնյանը, Forrights.am-ի հետ զրույցում ահազանգում է այն, որ որդին Կապանի զորամասում բռնության է ենթարկվել հրամանատարական կազմի կողմից։
«Դեկտեմբերի 31-ին ԿՊՊ-ում հերթապահ է եղել, ինչ-որ զինվորի հետ է խոսելիս լինում, հրամանատարը հեռվից տեսնում է, մոտենում է։ Զինվորը հրամանատարին տեսնում է փախնում է, հրամանատարը գալիս է տղայիս օձիքից թափ է տալիս, հարցնում է՝ ո՞վ էր, տղաս ասում է՝ չեմ ճանաչում։ Նա գնդի հրամանատարն է, Հակոբ Գերյանն է։ Հրաման է տալիս, որ կես ժամից ճշտի, գնա շտաբ իրեն զեկուցի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը։
Ժամկետային զինծառայող Սարգիս Մելքոնյանը ծառայում է արդեն 1,5 տարի։ Հայրը փոխանցեց, որ որդին առողջական խնդիրներ ունի, ծառայության է մեկնել՝ սահմանափակումներով՝ «7Գ» հոդվածով, հոգեական առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Այս հանգամանքը շեշտելով նշում է, որ որդին զորամասի շտաբում գնդի հրամանատարի կողմից ծեծի է ենթարկվել։
«Հրամանից կես ժամ անց տղաս գնում է ասում է, որ զինվորին չի կարողացել գտնել։ Հրամանատարը վեր է կենում, քաշում է օձիքից ու ուժեղ չռփում է, մի հատ էլ իմ էրեխեն է հարվածում իրեն։ Ես չեմ խրախուսում իմ տղայի արածը, որ պատասխան հարված է տվել, բայց հրամանատարը կարող էր ակուրատնի ձևով այս հարցը լուծեր։ Այդ հարվածից հետո այդտեղ գտնվող հինգ-վեց սպաները հարձակվել են էրեխու վրա ու ջարդել են։ Տղաս պատմեց, երբ ընկել է գետնին Գերյանը քացիներով ջնջխում էր։ Ինձ զանգում է ընկերս ու ասում, որ Սաքը հրամանատարին խփել ա, դրանից հետո տղաս է ինձ զանգում, ասացի՝ այ տղա, դու ո՞վ ես, որ հրամանատարին խփում ես, չգիտեմ, թե ինչ է եղել։ Հետո եմ իմանում, որ հրամանատարը խփել է իրեն։ Մինչ այդ էլ հայհոյել է, երեխան ասաց, որ հրամանատարը իր անձին, ինքնասիրությանը կպել է»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ նշելով, որ որդին բռնության ենթարկվելուց հետո համապատասխան բուժօգնություն չի ստացել, այլ տեղափոխվել է բանտ՝ ընդ որում քաղաքացիական։
«Իմ տղային տեղափոխում են հոսպիտալ։ Հետո էլի տղայիս հետ եմ խոսում, ասում է՝ ինձ բերում են Կանազի հոսպիտալ՝ ստուգման։ Արդեն ամսի երեքն է լինում, մենք էլ մտածում ենք, որ կբերեն Երևան, կգնանք, կտեսնենք։ Հետո անհասանելի է դառնում, ինձ զանգահարում է մի դատավոր ու ասում, որ Սարգիսը կալանավորվել է և տեղափոխվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ։
Առանց հոգեբուժի եզրակացության՝ դատավորը դատ է արել։ Իմ էրեխեն գտնվում է հոգեկան ծանր վիճակում, նա խնդիրներ ունի, «7Գ»-ով է անցել ծառայության։ Մենք գնում ենք Սիսիանի հոսպիտալ, մեզ այնտեղ ասացին, որ հոգեբույժ չունենք, առաջարկել ենք, որ տանեն Կանազ՝ հոգեբույժի մոտ, բայց Կանազ չի հասել, եկել, շղթաները գցել են ձեռքերին, տարել են Գորիսի բերդ։ Զինվորի համար կա հատուկ կարգապահական գումարտակ, հատուկ պատժամիջոցներ կան, ինչո՞ւ են տարել բերդ։ Հարվածներից մարմնական վնասվածքներ է, ասում է սալջարդ է, ոտքն է քերձվել, բայց մենք չենք կարողանում տեսնել»,-ասաց նա։
Սարգիս Մելքոնյանի հայրը պահանջում է որդուն ազատ արձակել, համապատասխան բուժզննում ապահավել և հնարավորություն՝ շարունակել ծառայությունը։
Դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեից Forrights.am-ին փոխանցեցին, որ զինծառայողը կալանավորվել է երկու ամսով։
«2024 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելու, ապա ինքն իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 2-րդ մասով և 527-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակավում է»,-հայտնեց ՔԿ խոսնակը:
Իրավապահ կառույցը Գագիկ Մելքոնյանի՝ որդուն հրամանատարի կողմից ծեծի ենթարկելու ահազանգի մասին ոչինչ չի հաղորդում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան