«Բաժակի վրա պատկերել եմ Ստեփանակերտի տներից մեկը, մեր հարևանի տունն է, իսկ բաժակի հետևի մասում իր պապիկի պատրաստած ճոճանակն է, որ միշտ հիշողության մեջ լինի»,-Ալյոնան ոչ միայն բաժակի, այլ նաև հագուստի, գլխարկի և բազմաթիվ առարկաների վրա պատկերում է Արցախի տեսարժան վայրերը, մարդկանց տները․ պատկերներ, որոնցով հնարավոր է պահպանել Արցախի հետ կապված հիշողությունները։

Ալյոնան Արցախից է, 34 տարեկան, սովորել է  Ստեփանակերտի Գյուրջյանի կիրառական արվեստի ինստիտուտում։  Forrights.am-ի հետ զրույցում նշում է, որ իր աշխատանքերը ներկայացնում է Alyon’S Brush/«Ալյոնայի վրձինը» բրենդով։ Վաճառքը հիմնականում կազմակերպում է նույն անվամբ սոցալիական ցանցերի էջերի միջոցով։

«Այդ հոգեվիճակից դուրս գալու իմ միակ փրկությունը եղել է նկարելը։ Սկզբում փոքր առարկաների վրա էի նկարում, նվիրում էի բարեկամներիս ու ընկերներսի։ Հետո զարգացրել եմ, փոքրիկ բիզնես եմ դարձրել»,-ասում է Ալյոնա Հայրապետյանը։

Ալյոնային հիմնական պատվիրատուները  Արցախից բռնի տեղահանվածներն են։ Նախընտրում են «Տատիկ-Պապիկի» արձանի, Շուշի, Գանձասարի եկեղեցիների պատկերներով հուշանվերներ։

«Նկարում եմ առաջինն ինձ համար, այս իրավիճակից դուրս եմ գալիս և ընկնում եմ այլ աշխարհ։ Հետո նոր միայն եկամտի աղբյուր է։ Չեմ ուզում, որ Արցախը մոռացվի։ Արցախի թեմայով նկարում եմ, որ մարդիկ իմանան, թե այն իրականում ինչպիսին է եղել, քանի որ ադրբեջանցիները այն վերացնում են»,-ասում է Ալյոնան և ցույց տալիս Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատկերով մի հուշանվեր․ «Շուշիի եկեղեցին ադրբեջանցիները քանդել են, ձևափոխել են, ես իմ աշխատանքով թողնում եմ, թե այն ինչպիսին է եղել, որ մարդիկ իմանան»,-ասում է նա և նշում, որ այսպիսով փորձում է նաև ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկային։

«Չնայած առկա բոլոր դժվարություններին փորձում եմ առաջ գնալ, ապրել և իմ բիզնեսը զարգացնել»։

Ալյոնան սկսել է ստեղծագործել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սիրված աշխատանքը շարունակել է նաև շրջափակման ծանր օրերին՝ չնայած առաջացած, թե նյութական, թե հոգեբանական ծանր իրավիճակին։

«Բլոկադան շատ ծանր թեմա է․ ներկ գտնելը դժվար էր, կտավներ չկար, աշխատելու համար նյութ չկար։ Երբ իմանում էի, որ Երևանից ինչ-որ բան ուղարկելու հնարավորություն կա, ես առաջին հերթին խնդրում էի, որ իմ համար ներկեր ուղարկեն, որ կարողանամ նկարել»։

2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո Ալյոնան Արցախից բռնի տեղահանվել է Հայաստան՝ իր հետ չկարողանալով բերել ամբողջ աշխատանքերը։

«Աշխատանքերիս մի մասը բերել եմ, շատ մասը մնացել է այնտեղ։ Ամենամեծ ցավն այն է, որ այնտեղ մնացել է մեր հարազատների գերեզմանները, մանկությունը, կարոտը։ Ես ապրում եմ այստեղ, բայց իմ սիրտը մնացել է այնտեղ։ Սեպտեմբերի 19-ին, երբ կռիվը սկսվեց մենք տանն էինք, երեխաները՝ դպրոցում։ Սկզբում չէինք մտածում, որ կարող է այսպես կռիվ սկսվել։ Նման չէր 2020 թվականի պատերազմին, շատ ահավոր էր»,-ասաց նա։

Ալյոնա Հայրապետյանի նպատակն է իր աշխատանքով մրցակցային լինել, որպեսզի շարունակի ապրել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest