Շուշեցի Կարո Ազիրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր տան նկուղում էր, երբ առաջնագծից սկսել են գալ առաջին վատ լուրերը, ինչի հետեւանքով  նա սրտի կաթվածով տեղափոխվել է Ստեփանակերտ՝ վիրահատության: «Իմացա, որ Հադրութը կորցրել ենք: Այդ ժամանակ ե՛ւ տղաս, ե՛ւ քրոջս տղան Հադրութում էին: Սիրտս չդիմացավ: Երբ տեղափոխվեցի հիվանդանոց, դեռ չգիտեի, որ էլ երբեք Շուշի չեմ վերադառնալու»,- պատմում է նա:

Սա Կարո Ազիրյանի տեսած առաջին պատերազմը չէր: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ ընդամենը 22 տարեկան էր, կորցրել էր ոտքը:

2020-ից մինչ օրս ընտանիքն ապրում է Երեւանում` ուսանողական հանրակացարանում: 2020- ին անցած լինելով բռնի տեղահանության ճանապարհով, 2023-ին  Կարոն օգնել ու աջակցել է նոր տեղահանվողներին

.«Շատ ահավոր էր, նախկինում գոնե հույս կար, որ հետ կգնանք Արցախ, բայց ամբողջ հայության հեռանալով այնտեղից մենք այլեւս հույս չունենք։ Ո՞նց գնանք։ Մինչեւ 2023ը տղաներս Արցախում ծառայում էին, սահմանն էին պահում։ Ամեն ինչ թողեցին, եկան։ Մյուսների պես, ոչինչ չեն վերցրել, առանց որեւէ բանի հեռացել են։ Ոնց որ մենք էինք Շուշիից առանց որեւէ բանի դուրս եկել, այդպես էլ տղաներս են առանց որեւէ բանի Արցախից հեռացել»։

Խոսելով պետությունից ստացվող աջակցության մասին, Կարոն ասում է.«Մեր ամսական 50 հազար դրամներն են կտրել։ Ասում են՝ հանրակացարանում եք ապրում, իրավունք չունեք այդ գումարից օգտվեք։ Մեր ընտանիքում յոթ հոգի կա։ Ստացվում է, որ 350 հազար պետությունը միայն մեր ընտանիքից է խլում, մեզնով փող է աշխատում պետությունը, բայց մի հատ չի գալիս տեսնի, թե իր փախստական ժողովուրդը ոնց է… Երկրի ղեկավարությունը մեզ թողել է փակուղու առաջ»։

Ազիրյանի խոսքով, ոչ ինքը, ոչ որդիները մինչ օրս չեն կարողանում օգտվել բնակարանների ապահովման պետական ծրագրից, քանի որ դրա պայմանները ուղղակի անհասկանալի են ու անարդար, բացի դա ինքը չի ցանկանում փոխել իր անձնագիրը.«Չեմ էլ փոխելու, որ չասեն, որ թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը։ Իմ անձնագրում իմ Շուշիի հասցեն է գրված՝ Ամիրյան 9, բնակարան 19։ Մեր տունն է։ Քաղաքը քանդել են, քո փողոցը քանդում են, հին հայկական սաղ տները քանդել են, շենքեր են դնում, պատմությունը ջնջել են, այդ բոլոր տները հայկական պատմություն էին…»։

Թե դեռ ինչքան է ընտանիքը ապրելու հանրակացարանում, Կարոն չգիտի, ասում է՝ գլուխներս էլ չի աշխատում, էլ չգիտենք, թե ինչ անենք։

«Պատերազմները մեզ շատ տանջեցին, բայց դրանից էլ չպրծանք։ Հորեղբորս տղան չկա, կորել է։ Բոյ են տվել վերջին օրով, ողջ է եղել, գնացել են, որ վիրավորներին, զոհերին հանեն, երեք հոգին կորել են։ Թե թուրքերն են վերցրել, թե ինչ է եղել, հայտնի չէ… իմ տղաներին էլ ռուսներն են հանել։ Եթե չհանեին, նրանց էլ թուրքերը կսպանեին… Մենք էլ ողջ ենք, այստեղ ենք, բայց չգիտենք, թե ուր ենք գնում եւ ինչի համար»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest