«Մամ, պապ, ես ձեզ սիրում եմ, ինձ կներեք»,- ծխախոտի տուփի փոքրիկ թղթի վրա էայս տողերն է գրել ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը ենթադրյալ ինքնասպանությունից առաջ։ Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը։ Տղայի գրված վերջին տողերը դեռ քննչականում է, ծնողներին չեն փոխանցել։

ՊՆ-ն Նարեկ Գրիգորյանի մահվան մասին հայտնեց նոյեմբերի  13-ին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում։

«Այդ օրը առավոտյան հաց են կերել, պետք է շարվեին, որ գնային զորամաս։ Նարեկին ու մյուսներին ասել էին՝ գնացեք, հավաքեք ձեր իրերը, որ զորամաս գնաք։ Գնացել են հավաքելու, շարահարապարկում տեսել են՝ Նարեկը չկա, մտել են խոհանոց, տեսել որ․․․ վերջի օրով։ Իմ հարմար հարց է մնում՝ ինչո՞ւ վերջին օրով, 20 օր դիմանալուց հետո»,-ասաց մայրը։

«Մտածում ենք, որ իրեն մեկը դրդել է այդ քային, որովհետև տասը ամիսների ընթացքում լավագույն զինվոր է եղել, ոչ մի խնդիր չի եղել, կռիվների մեջ չի եղել։ Սեպտեմբերի 3-ին գնացել էինք զորամաս, գովաբանում էին տղայիս։ Նա իր սխալի համար գնաց կարգապահական ու կարգապահականն էլ ճակատարգրական եղավ իմ տղայի համար»,- ասաց մայրը՝ ներկայացնելով, թե ինչու էր տղան տեղափոխվել կարգապահական գումարտակ։

«Տղաս հոկտեմբերին դիրքեր է բարձրացել, ութ հոգով են եղել։ Դիրքերում սնունդ են պատվիրել, իրենց ծառայակից ընկերներից մեկը մատնել է, որ տղաները պիցցա և խորոված են պատվիրել։ Այդ տղայի և յոթ հոգու միջև վիճաբանություն է սկսվում։ Ռազմական ոստիկանությունն է գալիս, որոշվում է, որ յոթ հոգին էլ պետք է կարգապահական վաշտ տեղափոխվեն»,-պատմեց Վարսիկ Հովհաննիսյանը։

Թե կարգապահական վաշտում Նարեկ Գրիգորյանը ում հետ և ինչ թեմայով է խնդիրներ ունեցել, մայրը որոշակի տեղեկություններ ունի, ներկայացնում է տղայի և այլ ծառայակցի միջև տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակը։ Մինչ այդ սակայն, մեկ այլ ուշագրավ տեղեկություն է հայտնում, որ զորամասում տղան ծեծի է ենթարկվել բարձրաստիճան զինվորականի կողմից։

«Ե՛վ կարգապահակնում է թեմա եղել, և՛ դիրքերից իջնելուց զորամասում։ Կամբատը ծեծի է ենթարկել տղաներին, թե ինչու եք դիրքերում պատվերներ կատարում, շարքի մեջ ծեծել է, սա անթույլատրելի է։ Նա մարդ կոչվելու իրավունք չունի։ Կարգապահականում էլ ինչ-որ տղա կա, իր հետ է եղել խնդիրը։ Գրքի հետ է կապված խնդիրը։ Զինվորներից մեկը գիրքը պատռել է, Նարեկն էլ խոսել է, որ դա իր զինակցի գիրքն է եղել, տվել է, որ Նարեկը կարգապահականում կարդա։ Ասում են, որ դա «չաստ նայողի» մոր գիրքն է եղել, տարել զուգարանում պատռել է, իրբ թե թուղթ չի եղել։ Ես չեմ հավատում, որ այս կոնֆլիկտը տղայիս տանելու էր մահվան։

Հիմա կալանավորված են իր հետ կարգապահական վաշտ գնացածները, նոյեմբերի 4-ին իրենց զորամասից կարգապահական վաշտ այլ թեմայով եկած երկու հոգին, գիտեմ, որ սպա էլ կան, ինչպես նաև գիրքը պատռած տղան։ Նա ուրիշ զորամասից է եղել»,-ասաց մայրը։

Նարեկ Գրիգորյանը Արարատի մարզի Աբովյան գյուղից է,  հունվարի 15-ին էր զորակոչվել բանակ, Երևանում հինգ ամիս ծառայելուց հետո տեղափոխվել էր Բերդ, հասցրել էր ծառայել չորս ամիս, ջոկի ավագն էր։ «Խրախուսանքներ ուներ որպես լավագույն զինվոր։ Նա չպետք է դիրք բարձրանա, որովհետեև կապավոր էր, բայց դիրք էին հանել, քանի որ մարտական ծառայություն իրականացնողների խնդիր կա»,-ասաց մայրը՝ նշելով, որ տղան կարգապահական վաշտից՝ ըստ սահմանված կարգի, շաբաթը մեկ անգամ զանգահարել է իրենց։

«Առաջին անգամ հոր հետ է խոսել, ծխախոտ է ուզել, իսկ երկրորդ անգամ ասել է, որ այստեղից գնամ չաստ, կարող ես այնպես անել, որ գամ արձակուրդ, այսինքն իմ տղան պլաններ ուներ, չէր կարող նման քայլի դիմել»,-ասում է մայրն ու պահանջում, որ բացահայտեն, թե ովքեր են մեղավոր տղայի մահվան համար։

Վարսիկ Հովհաննիսյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին՝ պահանջելով, տեր կանգնեն զինվորներին։

«Պաշտպանության նախարարը թող գնա, տեսնի՝ ինչ է կատարվում, դա կալանավայր չէ, որ չաստ նայող լինի։ Դրա համար էլ սեպտեմբերից հիմա այսպիսի դեպքեր ունենք, այդ տղաները իրենց տան ճրագներն էին։ Եթե մեր ձեռքից տանում են մեր մինուճարներին, որ հայրենիք պաշտպանեն, թող տեր կանգնեն, ոչ թե սպանեն ու տան ծնողին։ Մենք հոգեկան տղաներ չենք տալիս, զննում տանում եք, մեր երեխաներն են պաշտպանում հայրենիքը, ոչ մի հարուստի երեխա չի պաշտպանում, գոնե մեր երեխաներին հետ տվեք մեզ։ Ինչո՞ւ իմ տղան չպետք է ողջ լինի։ Գնացեք, նայեք, բանակում միայն կերակուրի և հագուստի հարցը չի, գնացեք նայեք ինչ է կատարվում։ Ոնց են սպաները զինվորների պատվին կպնում, հայհոյում, զինվորի մորն են հայոյում։ Չգիտեմ՝ ումից պատասխան ուզեմ, ուզում եմ, որ կառավարությունը, Փաշինյանը լսի։ Ես իրեն գրել եմ, բայց պատասխան չկա։ Հերիք է զինվորներին սպանեն, տան ծնողներին»,-ասում է մայրն ու պատմում, թե ինչպես է տարիներ առաջ, երբ տղայի մոտ հինգ տարեկանում լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, պայքարել ու հաղթահարել։ «Ուրախացել էինք, որ այդ չարիքի դեմ կարողացանք պայքարել, բայց 18 տարեկանում այսպես եղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest