ՀՀ Հոկտեմբերյանի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի պայմանագրային զինծառայող Նորայր Նահապետյանն արդեն 4 տարի համարվում է անհայտ կորած։ 2020թ. 44-օրյա պատերազմում 27-ամյա սպան վիրավորվել էր ու ընտանիքի անդամների համար մինչև հիմա առեղծված է Նորայրի հանկարծակի անհետացումը։ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում բնակվող անհայտ համարվող Նորայրի ընտանիքի անդամները դիմել են համապատասխան կառույցների, սակայն սպայի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն ստացել։ Վերջին հեռախոսազանգը զինվորականից ստացել են 2020թ. հոկտեմբերի 19-ին։
Նորայրի մայրը՝ 58-ամյա Ալվարդ Գրիգորյանը, տեղեկացրեց, որ կապ են հաստատել ոմն ադրբեջանցու հետ, որը հավաստել է իր տղայի ողջ լինելը։ Սակայն Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատում սպայի գերեվարությունը։ Անհայտ կորածի մոր խոսքով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար հարցումներ են ուղարկում Ադրբեջանին, սակայն պաշտոնական Բաքուն 23 գերեվարված հայերի թվում Նորայր Նահապետյանի գերի լինելը չի հաստատում:
«Չգիտեմ, անհուսալի վիճակ է, ոչ մեկից էլ հույս չունենք, ոչ մեր կառավարությունից ու ոչ էլ որևէ կառույցից։ Նորոն Վազգեն Սարգսյանի անվան զորամասում հրամանատար էր։ Պատերազմի ժամանակ դիտարկման էին մեկնել Ջրականի շրջան։ Նրա զինվորները պատմել են, որ դիպուկահարի մեկ կրակոցից վիրավորվել է, գիտակցության կորուստ է ունեցել։ Նրանք էլ վախեցել ու հետնահանջի հրամանով հեռացել են։ Հետո երբ վերադարձել են՝ իրենց ավտոն տեղում էր, բայց Նորոյին չեն գտել։ Այդ տարածքում 700մ շառավղով մի 10 անգամ որոնել են տղայիս ու ոչ մի արդյունք։ Մենք հույս ենք պահում, որ գերի է ու տուն կգա։ Բայց աստիճանաբար հուսահատվում ենք, իսկ կառավարությունից հույսներս լրիվ կտրվել է։ Ադրբեջանն էլ ոչ հաստատում է և ոչ էլ հերքում գերեվարությունը։ Վերջին անգամ ադրբեջանցու հետ խոսել ենք մի ամիս առաջ։ Վերջինս ձայնային հաղորդագրություն է ուղարկել, որ Նորոյի առողջականը լավ չի ու 3 օր հոսպիտալում է եղել, իբր երևանյան հիվանդություն ունի։ Մենք հարցրինք, թե՝ բա ինչի վիդեո նկարահանում չեք ուղարկում, ասեցին, որ Նորայրին բերել են ադրբեջանական կատուկ ջոկատայինները և չեն թույատրում նկարահանել։ Միայն ձայնային հաղորդագրություններ են ուղարկում։ Այդ մասին հայտնել ենք ԱԱԾ-ին, բայց ոչ մի բան չեն ձեռնարկել։ Իրենցից էլ հույս չունենք։ Հույսս մենակ Աստծո վրա եմ դրել։ Չորս տարի ա իմ երեխեն չկա ու ոչ մեկը չի հետաքրքրվել մեզնով, իր ընտանիքով՝ սոված ենք, կուշտ ենք…»,- վրդովված պատմեց Ալվարդ Գրիգորյանը:
Տղայի անհետ լինելու հանգամանքով պայմանավորված մայրը առողջական խնդիրներ ունի։ Նա հույս ուներ, որ COP 29-ից հետո գերիներ կվերադառնան, իսկ այժմ հուսալքված չգիտի ում դիմի։ Իր խոսքով՝ ադրբեջանցին հավաստել էր, որ եթե գերիների խումբ վերադառնա՝ Նորոն էլ նրանց հետ կլինի։
«Հույս կորցրած մտածում եմ՝ ապրելս ո՞ւմա պետք, հետո նայում եմ էս էրեխեքին ու տեսնում, որ նրանք իմ կարիքն ունեն։ Մի քիչ էլ էս մեծ տղուցս եմ վախենում։ Ասում է, մամա, քեզի պահի, եթե քեզ հետ մի բան եղավ՝ կմտնեմ գոմ ու կկախվեմ։ Է՛հ շատ դժվար ա…։ Էն ժամանակ հարսս՝ Անին, հղի էր, ասում էի՝ հանկարծ չնեղվի, բան չըլնի։ Բայց դե ներսս քցելով անընդհատ հիվանդանում եմ։ Չորս տարվա մեջ մի անգամ տղայիս երազիս չեմ տեսել։ Սենց անորոշ վիճակում էլ ապրել չի էղնի։ Չգիտեմ ինչ պատասխանեմ թոռնիկիս՝ Ալվարդիկին, երբ հարցնում է հոր մասին։ Նա հորը երազում հաճախ է տեսնում ու լացում՝ պապային է ուզում, դե արի ու պատասխանի՝ ո՞ւր է պապան։ Սիրտս մղկտում է, բայց ձեռս ճար չկա», -հոգեկան իր ծանր ապրումների մասին պատմեց անհայտ կորածի մայրը։
Հինգ երեխա է ունեցել տիկին Ալվարդը։ Ամուսինը 9 տարի առաջ է մահացել։ Միայն աղջիկն ու Նորայրն են ամուսնացել։ Տղայի անհայտ լինելը խաթարել է իրենց մեծ ընտանիքի բնականոն կյանքը։ Արդեն 4 տարի համարյա ամեն շաբաթ ու կիրակի օրերին նրանք ընտանիքով պարտադիր եկեղեցի են գնում՝ Աստծուց հայցում ողորմություն։ Անորոշ ու անհույս այդ վիճակում նրանց աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնք պարբերաբար այցելում են ընտանիքին և փորձում լինել նրանց կողքին։
«Ախր գիտես ինչն ա սրտիս դարդ ըլնում, որ Ադրբեջանը ինչ պահանջում, տալիս ա, բայց փոխարենը ոչինչ չի ուզում։ Սկզբից ասեց՝ 2 ամիս համբերեք, սաղ գերիներն էլ կգան, բայց արդեն 4 տարի ա։ Ուղիղ 2 տարի հոգեբան աշխատեց հետս, բայց ոչ մի փոփոխություն։ Նույն վիճակն ա։ Բժիշկս արդեն խորհուրդ է տալիս դիմել հոգեբույժի։ Լրիվ կտրված էինք հասարակությունից ու նոր-նոր ենք ուժ գտնում, որ շփվենք մարդկանց հետ»,-հավելեց անճարության մեջ հայտնված մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան