«Սզնեքն արդեն թշնամու ձեռքում էր։ Մենք անտառներով փախչում էինք դեպի Խաչմաչ գյուղ։ Ճանապարհին մտածում էի՝ ինչ էլ լինի, գոնե գերի չընկնենք», հիշում է 55-ամյա Հրանուշը։
Հրանուշ Աղաբեկյանն այժմ ապրում է Երևանում՝ երկու երեխաների հետ։ Հյուրասենյակում ամուսնու՝ Մելիքսեթ Սահակյանի լուսանկարն է, կողքին՝ ԼՂՀ արիության մեդալն ու զինվորական գրքույկը։ Ամուսնու մասին Հրանուշը երկար դադարներով է խոսում։ Ասում է՝ իր կյանքն ընդհատվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից։
44-օրյա պատերազմի ժամանակ Հրանուշի որդին՝ Արմենը ժամկետային զինծառայող էր, իսկ ամուսինը մեկնել էր դիրքեր․ Սզնեք գյուղում իրավիճակը լարված էր․ «Առավոտյան շատ վաղ պայթյուններ լսվեցին գյուղի մոտակայքում։ Մի քանի ժամ անց արդեն գիտեինք՝ պատերազմ է։ Թշնամին շատ մոտ էր», հիշում է նա։
Նոյեմբերի 9-ին Հրանուշի ամուսինը մահացու վիրավորում է ստանում, չնայած հրադադարն արդեն կնքված էր, դիրքերի ուղղությամբ շարունակում են հրետանակոծել․ «Ամուսինս վիրավոր էր։ Մարտական ընկերները փորձում են հանել դիրքներից, նույն պահին էլ կրակում են իրենց ուղղությամբ։ Շատերը վիրավորվում են, նրանցից մեկը զոհվում է»։ Մինչև իրավիճակն հանդարտվում է և զինակիցներին հաջողվում է ամուսնուն տեղափոխել Վանք գյուղի հոսպիտալ՝ կյանքը փրկել չի հաջողվում։
Ամուսնուն հուղարկավորում են այստեղ՝ Բյուրեղավանում, քանի որ Հրանուշին թվում էր՝ այլևս չի կարողանա վերադառնալ Արցախ։
Տունս տակնուվրա էր եղել․ վերադարձա, որ մաքրեմ
Դեկտեմբերի 12-ին Հրանուշը վերադառնում է հարազատ գյուղ՝ Սզնեք։ Հիշում է՝ վնասվել էր տունը, երևում էր, որ պատերազմ էր եղել։ Վերադարձից հետո Հրանուշը փորձում է Արցախ տեղափոխել ամուսնու աճյունը՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում հուղարկավորելու համար։ Մեկ տարի անց հաջողվում է տեղափոխությունը․ «Երբ վերադարձա, մտածում էի, որ ամուսինս պիտի Արցախում լինի։ Ես էլ էի ուզում ծաղիկներ տանել ամուսնուս գերեզմանին», հիշում է նա։
Ամուսնուց մնացած հիշողություններից քիչ մասն է, որ կարողացել է վերցնել իր հետ՝ տեղահանությունների ժամանակ։ Ամենակարևորը՝ պսակադրության օրվա ձայնագրությունը, զինվորական գրքույկը, դրոշը, մեդալները և մի քանի լուսանկար։Դրանք պահում է առանձնահատուկ ուշադրությամբ, քանի որ գտնելը կրկնակի դժվար էր ։
Պատմում է, երբ ճանաչել է ամուսնու դիակը, գրպանում որևէ իր չի եղել, չնայած հրաժեշտից առաջ հիշում է՝ վերցրել էր զինվորական գրքույկը ու մի փոքր գումար․ «Ամուսնուցս մնացած միակ բանն էր, որ ուզում էի գտնել։ Շատ եմ պայքարել, որ գտնեմ իրերը»։ Հրանուշի երկար պայքարը արդյուք է տալիս։ Կարողանում է գտնել ամուսնու բաճկոնը, որի գրպանում թողել էր իրերը։ Բջջային հեռախոսը, որում ընտանիքի անձնական արխիվն էր՝ այդպես էլ գտնել չի հաջողվում։
Թշնամու ձայները միշտ լսել եմ․ շատ մոտ էին
Արցախ վերադառնալուց հետո, Հրանուշի զավակները ընդունվում են համալսարան Երևանում և տեղափոխվում այստեղ, իսկ նա գնում է Ստեփանակերտ՝ ամուսնուն մոտ լինելու համար։ Հիշում է, թե ինչպես էր պարբերաբար այցելում գյուղի իրենց տուն՝ մաքրություն անում, հողակտորը մշակում, շփվում հարևանների հետ․ «Գյուղում շատ պարզ լսվում էր թշնամու խոսակցությունները, կրակոցի ձայները։ Երբ տեղափոխվեցի վարձով բնակարան, կարոտում էի գյուղի տունը, պարբերաբար գնում էի ու մնում մի քանի օր»։ Հերթական անգամ Հրանուշը որոշում է մեկնել գյուղ նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին՝ չգուշակելով, թե ինչ է սպասվում իրեն․ «Չորս ամիս էր, որ չէի գնացել, որովհետև բլոկադայի ժամանակ շատ դժվար էր բենզին գտնելը ու տեղափոխվելը։ Երբ քրոջս տղան ասաց, որր գնալու է գյուղ՝ ուրախացա, արագ հավաքվեցի ու ճանապարհ ընկանք», հիշում է նա։
Հրանուշի ամուսինը մեջտեղում
Երբ սկսվում է պատերազմը, Հրանուշը այգում էր՝ տնային շորերով բակում աշխատում էր։ Ասում է՝ երբ կրակոցները սկսվում են, քարանում է, որովհետև չգիտեր՝ որտեղ կարող է փախչել․ կրակոցները չէին դադարում․ «Գյուղի տղաները դիրքերում էին, մնացել էինք կանանցով, երեխաներով ու ծերերով։ Անորոշություն էր, թե ինչպես պետք է կազմակերպվենք»։
Հրանուշին մի կերպ հաջողվում է փախչել հարևանուհու տուն, որտեղ նկուղում համագյուղացիների հետ սպասում է՝ հրադադարին։ Հիշում է ճանապարհը․ «Ոտքերս կարծես չէին ենթարկվում ինձ։ Ճանապարհը շատ երկար էր թվում։ Ես հասցրել էի տուն մտնել, վերցնել հեռախոսս ու պայուսակս։ Գյուղի տնից ոչինչ չեմ հասցրել վերցրել։ Մտածում էի՝ գոնե փրկվեմ»։
Մոտ մեկ ժամ նկուղում սպասելուց հետո, գյուղի տղամարդկանցից մեկը ձայն է տալիս՝ հավաքում բոլորին․ «Մեր գյուղի էլեկտրիկն էր։ Դուրս էր եկել գյուղից, հենց վերադարձավ՝ տեսել էր, որ պատերազմ է սկսվել։ Արագ կազմակերպել էր, որ գյուղը դատարկվեր, որովհետև թշնամին մտնում էր գյուղ։ Մեր գյուղապետն էլ դիրքերում էր՝ չգիտեինք, թե ինչ է մեզ սպասվում»։
Վիդեո- պատմում է գյուղից դուրս գալու մասին
Շուտով մի քանի մեքենայով գյուղի բնակիչները սկսում են դուրս գալ դեպի Խաչմաչ գյուղ՝ փրկվելու հույսով։ Հրանուշն այս ճանապարհը բնութագրում է․ դժոխային էր։ Հրանուշը տեղավորվում է մեքենաներից մեկում, ետևի նստստեղին 7-ից ավելի մարդ կար։
Այսօրվա պես հիշում է, թե ինչպես էին մեքենաներով լքում գյուղը․ «Որքան հնարավոր էր՝ մեքենայով անցանք։ Մենք արդեն տեսնում էինք թշնամուն։ Ինչ-որ պահից իրենց ուղիղ նշանառության տակ էինք»։ Երբ այլևս հնարավոր չէր մեքենայով անցնել ճանապարհը՝ Հրանուշն ու համագյուղացիները դուրս են գալիս մեքենայից ու գնում են դեպի անտառ՝ զարտուղի ճանապարհներով հարևան գյուղ հասնելու հեռանկարով․ «Ահավոր տեսարան էր․ մեծերը ձեռնափայտով, հազիվ քայլում էինք։ Երբ գյուղ հասանք, Խաչմաչում նույն վիճակն էր․ թշնամին արդեն հասնում էր այստեղ։ Շատ ժամանակ չունեինք։ Արդեն երեկո էր, միանգամից ճանապարհեցինք Ստեփանակերտ», հիշում է Հրանուշը։
«Կոնֆետը որ ուտեմ, կծարավեմ՝ անտառում ջուր չկա»
Սովորական պայմաններում Հրանուշը կարող էր Սզնեքից հասնել Խաչմաչ գյուղ ընդամենը տասը րոպեում, բայց վերջին անգամ ճանապարհը 5 ժամից ավել էր տևել։ Ճանապարհն անցնելու զգացողությունները Հրանուշը մեկը մյուսի ետևից այժմ վերհիշում է․ «Ամեն րոպե մեզ կարող էին սպանել։ Տղամարդիկ, որ մեզ ուղեկցում էին, ասացին՝ իրարից հեռու քայլեք։ Եթե որևէ մեկիս սպանեին, գոնե մյուսը փրկվեր։ Անպատմելի էր այն ամենն, ինչ զգացել եմ», ասում է նա։
Հրանուշը մինչև այսօր հիշում է համագյուղացի փոքրիկ Մանեին։ Ճանապարհին, երբ բոլորը սոված ու ծարավ էին, Հրանուշը 6-ամյա աղջկան կոնֆետ է առաջարկում, բայց աղջիկը հրաժարվում է․ «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես փոքրիկ մատները մոտեցրեց շրթունքներին ու ասաց, որ լռեմ՝ մեզ թշնամին կարող է լսել։ Ինձ ասաց, որ եթե ընդունի կոնֆետը՝ կծարավի, իսկ անտառում ջուր չկար»։ Ճանապարհի կեսին Հրանուշին հաջողվում է երկտող գրել աղջկան, ասել, որ լավ է և ոտքով գնում է հարևան գյուղ։
Նոյեմբերի 20-ին, երբ արդեն Ստեփանակերտում էին և իրավիճակն արդեն հանդարտվել էր, Հրանուշը փորձում է տեղեկություն իմանալ համագյուղացիների մասին․ «Մենք բավականին ուշ հասանք Ստեփանակերտ՝ ուժ չունեինք։ Իմ բնակարանի նկուղում մնալու հնարավորություն չունեի։ Այդ գիշերը համագյուղացիներից մեկի բարեկամի նկուղում մնացինք բոլորով՝ ոչ ուտելիք կար, ոչ ջուր։ Բոլորս փորձում էինք լուրեր իմանալ մեր գյուղերի մասին»։
Արդեն Ստեփանակերտում Հրանուշը տեղեկանում է, որ համագյուղացիներից որոշները գերեվարվել են՝ Խաչմաչ գյուղից, ծերերից մեկն էլ սպանվել էր ճանապարհին․ «Գյուղից ընդհանուր չորս գերի ունենք, ևս երկուսի ճատակագիրն անհայտ է։ Գիտեմ որ հարազատները զանգում են, կապ ունեն կարմիր խաչի միջոցով, բայց վերադարձի մասին դեռ որևէ լուր չունենք»։
Հրանուշը Ստեփանակերտում մնում է մինչև սեպտեմբերի 27-ը քանի որ քրոջ որդին բենզինի պահեստի պայթյունի ժամանակ վնասվածք է ստանում և կարիք է լինում՝ գնալու հիվանդանոց․ «Քրոջս որդին ինձ պետք է Հայաստան բերեր։ Ես սպասում էի, հետո իմացա, որ վնասվել է պայթյունի ժամանակ։ Գնացի հիվանդանոց․ սարսափելի տեսարան էր, բոլորը արյունոտ, անճանաչելի՝ իսկական խառնաշփոթ էր», հիշում է նա։ Հրանուշը ամուսնու քրոջ ընտանիքի հետ շուրջ 36 ժամ ճանապարհ է անցնում և հասնում Հայաստան։ Երկու տեղահանություններից կարողացել է քիչ իրեր վերցնել։
Այսօրվա սուրճի բաժակները վերջին պահին դրել է պայուսակի մեջ ու Ստեփանակերտից հասցրել Հայաստան։ Իր տանն այժմ պահում է նաև մոր ձեռագործները, որոնք միակ հուշն են իր եիրտասարդ տարիներից։
Շուշանիկ Փափազյան
Լուսանկարների և տեսանյութի հեղինակ Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: