«Ես հիմա այդ նկարներով եմ ապրում»,-Forrights.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Ալինա Հովսեփյաը թերթում է հեռախոսի լուսանկարներն ու ցույց տալիս Ստեփանակերտի իր տունը, որոնք հիմա հիշողությունների միակ փաստական ապացույցն են դարձել։  «Նկարել եմ իմ տունը, բակը, ծաղիկները, ինչով զբաղվել եմ, հաճախ եմ նայում՝ օրը մի քանի անգամ։ Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց կյանքը այնտեղ է մնացել»,-ասում է բազմանդամ ընտանիքի մայրը։

Ալինա Հովսեփյանի ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց։ Արցախի բլոկադայի պայմաններում, իսկ հետո արդեն սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով ընտանիքի անդամները ստիպված միմյանցից հեռու են ապրել։ Որդիներից մեկը դիրքերում է եղել։

«Իմ ընտանիքը հիմա էլ է կիսված։ Տղաս մեր հետ է ապրում, իսկ հարսս ու երկու տարեկան թոռնիկս՝ հարսիս ծնողների հետ։ Տղաս աշխատանք չունի, չի կարողանում տուն վարձի, իսկ այս տանը չենք կարող յոթ հոգով ապրենք»,-տիկին Ալինան ամուսնու և երեք տղաների հետ բնակվում է Էջմիածինում՝ երկուս սենյականոց բնակարանում։

Տունը չի բավարարում բազմանդամ ընտանիքի համար, թոռնիկը և հարսն ապրում են Գավառում։ Ընտանիքի երեք անդամ դիմել են քաղաքացիության համար, անցել է վեց ամիս, բայց նորություն չկա։  Հովսեփյանների ծանր սոցիալական կենցաղն էլ ավելի է դժվարանալու, երբ գարնանը ուժի մեջ մտնի կառավարության նոր որոշումը, որով արցախցիների մի մասը զրկվելու է պետության տված բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունից։ Հիմա յոթ հոգանոց ընտանիքը ստանում է 350 հազար դրամ, իսկ մարտից աջակցությունը, որը դառնալու է 50-ի փոխարեն 40 հազար դրամ, ստանալու են տան անչափահաս երկու երեխաները և տիկին Ալինայի հաշմանդամություն ունեցող ամուսինը։ Աջակցությունը մարտից այս ընտանիքի համար կրճատվելու է դառնալով 120 հազար դրամ։

«Այս տանը մենք տալիս ենք 150 հազար դրամ, այն էլ տերն է մեզ ընդառաջել, որ այս գնով տա, էժան տուն չկա։ Մենք փողոցում ենք հայտնվելու, այդ գումարով չենք կարող բնակարան գտնել»,-ասում է տիկին Ալինան ու նշում, թե ինչ դժվարությունների միջով են անցնում ամեն օր՝ աշխատանք չգտնելու պատճառով։

«Հարսս չի կարող աշխատել, երեխան երկու տարեկան է։ Տղաս մի քանի տեղ աշխատել է, բայց մշտական աշխատանք չի գտնում։ Ես պատմության ուսուցչուհի եմ, մեկ ամիս խանութում եմ աշխատել, ոտքերի հետ կապված խնդիրներ եմ ձեռք բերել։ Գրանցված եմ որպես գործազուրկ, բայց դեռ ոչ մի բան չեն առաջարկել։ Նույնիսկ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաս է աշխատանք փնտրում, բայց չեն տալիս։ Եկեղեցում պահակի տեղ կար, գնաց, մերժեցին, Ստեփանակերտում աշխատում էր պահակ»,-պատմում է մայրը։

Ընտանիքը մինչև 2017 Ստեփանակերտում վարձով է ապրել, այդ թվականից սկսած տուն են ստացել, որի մի մասը հագուստի խանութ են դարձրել ու կարողացել ապրել։ Հիմա ամեն ինչ կորցրել են։ Աշխատանք չի գտնում նաև Արցախում դիրքեր պաշտպանած մյուս որդին։

Սեպտեմբերի 19-ին տիկին Ալինան անհանգիստ բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, հիմա ցանկանում է երեխաների համար անվտանգ կյանք ապահովել։

«Այդ օրը մեծ տղաս զանգեց ասաց՝ Գոռին դպրոց չտանես, վատ բաներ են խոսում, կարող ա պատերազմ լինի, բայց ես երեխային տարա դպրոց։ Ճանապարհին Գոռը՝ փոքր տղաս, հարցնում է՝ մամ, եթե հիմա պատերազմ սկսվի ի՞նչ ենք անելու, ճանապարհի կեսն էինք անցել, պատասխանեցի՝ արագ հետ ենք գնալու տուն։ Արդեն հասել էինք դպրոցի մոտ էլ նույն հարցը տվեց, պատասխանեցի՝ վազելու ենք դպրոցի ապաստարան։ Այդպես էլ եղավ, երկու ժամ հետ սկսվեց։ Գժվեցի մինչև երեխային տուն բերեցին։

Զինադատարից հետո խուճապային իրավիճակ էր, բոլորը փախչում էին, բայց՝ ո՞ւր, չգիտես։ Թշնամին, որ առաջ էր եկել, Մարտակերտի գյուղերը վերցրել էին, այդ գյուղերի բնակիչները օդանավակայանում էին, մենք մեզ պաշտպանված չէինք զգում, չկար իշխանության ներկայությունը, չգիտեինք, թե ինչ անեինք, հայտարարություն չկար, որ հետևեինք։ Ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսներ։ Ստեփանակերտը ծխի մեջ էր, մարդիկ այրում էին զինվորական հագուստները, մեզ համար աշխարհի վերջն էր այդ օրը։ Գալիս էինք Հակարի կամուրջ, բայց հույս չունեինք, որ այնտեղից դուրս ենք գալու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest