Լյուդմիլա Կոստանյանը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղից է։ 69-ամյա կինն ունեցել է 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ, սակայն այժմ նա ունի միայն մեկ տղա։ 2022թ. 44-օրյա պատերազմում նրա որդին՝ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի պայմանագրային զինծառայող 37-ամյա Արիստակեսը համարվում է ահայտ կորած։
«Զինվոր բալուցս առայսօր ոչ մի լուր չունենք։ էդ չարաբաստիկ հոկտեմբեր ամիսն ինձ համար ճակատագրական դառավ։ 44-օրյա պատերազմում հոկտեմբերի 21-ին իմացանք Արեսի անհայտ լինելն ու մինչև այսօր ոչ մի տեղեկություն չունենք։ Ուղիղ մեկ տարի անց, նույն օրը՝ նույն ժամին մահացավ աղջիկս։ Նա 34 տարեկան էր, չամուսնացած։ Ինքն ինձ ապավեն էր ու Արեսից հետո միշտ ասում էր՝ հերիք է լաց լինես, իմ երեխաներին էլ դեռ պիտի պահես։ Սակայն սթրեսի հետևանքով աղջկաս գլխուղեղում ուռուցք ձևավորվեց և այն հայտնաբերելն ու սրընթաց տարածվելը մեկ եղավ և նա կայծակնային մահացավ։ Աղջկաս մահվան մի տարին լրանալուց մի քանի օր հետո էլ մյուս տղաս՝ Հակոբս, ավտովթարի ենթարկվեց ու 15 օր «Սուրբ Գր. Լուսավորիչ» հիվանդանոցում կյանքի ու մահվան պայքարից հետո նույնպես մահացավ։ Իսկ ավագ որդիս Մոսկվայում էր, ուներ ընտանիք, միայն 14 տարի հետո վերադարձավ հայրենի գյուղ ու արդեն 6 ամիս է ապրում է ինձ հետ»,- հուզված ներկայացրեց սգավոր մայրը։
Իր կյանքի այս ծանր ու դաժան ժամանակահատվածում թոշակառու կնոջը ձեռք են մեկնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Նրանց օգնությամբ տիկին Լյուդմիլան սթրեսային այդ ծանր իրավիճակում ստացավ հոգեբանական ու սոցիալական աջակցություն և մասնագետների պարբերական շփումների շնորհիվ նա կարողացավ ուժերը մեկտեղել ու շարունակել ապրել հանուն իր թոռների և հարազատների։
«Այդ ծանր հոգեվիճակից ինձ դուրս են բերել Կարմիր խաչի կոմիտեի աշխատողներ Նունեն, Լիանան, Նառան։ Նրանց այցը մեր տուն որոշակի փոխեց իրավիճակը ու հիմա սպասում եմ Արեսիս վերադարձին։ Իրոք, հույսս չեմ կորցրել, եթե բախտ ունենամ, գոնե Արեսիս վերադարձը կտեսնեմ։ Մնացած հոգսերը սովորական են, գյուղի տունա, ամեն ձևի հոգսեր կան։ Թոշակառու ենք, անասուններ ունենք, հավ, ձագ, ամեն ինչ։ Մենք հանուն մեր որդիների թողած ժառանգների համար շարունակում են աշխատել։ Հակոբս վարձով Մեծամորում էր ապրում, 2 երեխա ունի։ Նրա տղան քոլեջում է սովորում, աղջիկը 5-րդ դասարանում։ Իսկ Արեսս ինձ հետ էր ապրում և ուներ 1,6 ամսական բալիկ, երբ սկսվեց պատերազմը։ Նրանց զորամասը Ղափանում էր։ Հոկտեմբերի 20-ին Ղափանի զորամասից անպատրաստ, նույնիսկ առանց բրոնեժիլետի տարել են Կովսական»,-վրդովված պատմեց անհայտ կորած Արիստակեսի մայրը։
«Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործը 2020 թ․ 44-օրյա պատերազմին առնչվող գործերից մեկն է, որի շրջանակում քննության առարկա են դարձել Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի զինծառայողների 62 հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները: Ըստ ajdm՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով գերեվարվել է «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թ. նույն զորամասի շտաբի նախկին պետ Սարգիս Կուլակչյանին եւ կապիտան Էլլադա Հարությունյանին:
Բազմաչարչար մոր խոսքով՝ ներկայումս դատական գործընթացը դեռ շարունակվում է։
«Արդյո՞ք կպատժվեն մեղավորները, չգիտեմ։ Պարզվում է, որ մեղքը ղեկավարներին է, քանի որ իրենք գիտենալով, որ Կովսականը գրավված է, տղաներին ուղարկել են՝ իբր մեր կողմի տուժածներին կամ զոհվածների մարմինները դուրս բերելու համար։ Մեր տղաների պատերազմը տևել է ընդամենը 45 րոպե, ինչի արդյունքում 62 հոգանոց խմբից 23-ը մինչև այսօր անհայտ բացակայող են ճանաչվում։ Ոչ մի լուր չունենք։ Դիմել ենք տարբեր ատյանների, խնդրել, բայց ոչ մի դրական պատասխան չունենք, գոնե իմանանք ո՞ղջ են։ Երկու թանկ երեխա էլ ունեմ ինձնից հեռացած, բայց նրանց տեղը գոնե գիտեմ, գնում ու լաց եմ լինում, իսկ Արեսի համար իմ ամբողջ հոգեկանը խախտված է։ Ու ինձ էս ծայահեղ ծանր հոգեվիճակից փրկել են միայն Կարմիր խաչի աշխատակիցները»,-պարզաբանեց վշտաբեկ մայրը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կազմակերպել էր միջոցառում «Սպասում եմ» թեմայով ու անհայտ կորած յուրաքանչյուր ընտանիքի անդամ կիսվել է իր ապրումներով։ Իրենց որդիների սպասման ապրումների ու դրանից բխող գործողությունների վերաբերյալ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ լուսանկարների միջոցով բնորոշվել է նման կարգավիճակում հայտնված ծնողի հոգեվիճակը։
Երեք տարվա ընթացքում տիկին Լյուդան որովայնի շրջանում ենթարկվել է 5 վիրահատության։ Ատամնաշարի վերականգնման խնդիր ուներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հնարավոր է դարձել բարելավել սգավոր մոր առողջական վիճակը։ Նա վրդովված է նաև, որ որդու զորամասի անձնակազմից ոչ մի ուշադրության չեն արժանանում։ Թոռնիկը՝ Ալենն անընդհատ հարցնում է՝ թե, արդեն չորս տարի է, ե՞րբ է հայրը աշխատանքից վերադառնալու։
«Զորամասում Արեսս հանել էր իր զինվորական հին վերնազգեստը ու կախել ավտոմեքենայի նստարանին և ուղևորվել Կովսական։ Մենք մինչև հիմա տղայիս վերնազգեստը չենք հանել իր ավտոմեքենայի նստարանից։ Սպասում ենք իր վերադարձին։ Ցուցահանդեսին ներկայացրել են մեր ավտոյի լուսանկարը։ Ու մենք հուսով սպասում ենք մեր տղային։ Հոկտեմբերի 20-ին զանգել էր պապային, եղբորը, քրոջը և հորդորել, որ ինձ չասեն, որ տանում են Ղարաբաղ։ Բայց մինչ այդ ամեն առավոտ զանգում էր, թե՝ մամ ջան հանգիստ կաց, ոչինչ չկա, մեզ չեն էլ տանի։ Սակայն հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը մութ և ուշ ժամին տղաներին տարան։ Ցուցմունքի ժամանակ վկաները տեղեկացրել էին, որ հեռվից երևում էր, որ ադրբեջանական դրոշը Կովսականի դպրոցի վերևում խփած էր։ Բայց ճիշտը մեզ ոչ մի բան էլ չեն ասում։ Հոկտեմբերի 21-ը դառավ ինձ նման բազմաթիվ մայրերի համար սգո օր։ Արդեն չորս տարի է այդ օրը հավաքվում ենք բոլոր ծնողներով և այցելում այդ զորամասից նահատակվածների շիրիմներ։ Ու երբ մանկապարտեզից թոռս գալիս է ու հարցնում՝ լա՞վ ես Լյուդո, մտածում եմ՝ բա ոնց չապրեմ։ Հանուն նրանց ինչքան հնարավոր է պետք է օգնեմ, որ մեծանան ու իրենց մուրազին հասնեն։ Իմ ճակատագիրը բոլորից տարբեր է։ Իմ վիշտն ուրիշ է…երեք զավակս ինձնից հեռացան։ Ընդամենը 2 տարում 3 բալիկ կորցրի։ Արեսիս էլ եմ կորցրած համարում, որովհետև չեմ գտնում։ Չգիտեմ՝ կգտնե՞մ։ Ու սպասում եմ, անվերջ սպասում»,-հավելեց սգավոր մայրը։
Նյութը պատրաստվել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածներ և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան