Պահեստազորի սպա 50-ամյա Գառնիկ Մնացականյանը ծննդով Ասկերանի շրջանի Շոշ գյուղից է։ Տեղի դպրոցն ավարտել է Արցախյան շարժման սկզբնափուլում և միանգամից ընդգրկվել  Գոյապայքարին։ 1990-ականներին Շոշ գյուղի ջոկատի կազմում(հրամանատար Արկադի(Ագո) Հարությունյան) մասնակցել է Արցախի ազատագրական մարտերին, այդ թվում  Շուշիի ազատագրմանը։ Արժանացել է մի շարք մեդալների։ 1993-98թթ.Գառնիկը սովորել է Չելյաբինսկի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում, ապավերադարձել և ծառայության է անցել ԱՀ Իվանյանի տանկային գնդում՝ որպես դասակի հրամանատար։ 1999թ.  որպես վաշտի հրամանատար ծառայել է (Ցոր)՝-ի զորամասում մինչև 2021թ.՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

«2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տանկային գումարտակի հրամանատարն էի։ Քառօրյայից հետո պատերազմը վաղ թե շուտ կանխատեսվում էր։ Թշնամին փորձել էր գտնել մեր թույլ և ուժեղ կողմերը։ Ուժեղ կողմը հրետանին էր, որի դեմ ԱԹՍ- ներով պիտի պայքարեին։ Արդեն 2020թ. սեպտեմբերին հասկանում էինք, որ պատերազմի վերսկսումը մոտ է։ Սեպտեմբերի 27-ին մեր գյուղում էի՝ Շոշում, առաջին արկերը ընկան հենց մեր և Ավետարանոց գյուղի միջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության բազաների վրա։ Պայթյունները վերագրեցինք ինչ-որ սխալի,   բայց շուտով զանգեցին Ցորից՝ հաստատելով, որ պատերազմ է։ Ցորից տանկերով քաղաքի փողոցներով ուղևորվել ենք մեր տեղաբաշխման վայր՝ Ուղտասար։ Մեկ շաբաթ հանգիստ էր, սպասողական վիճակում էինք,  այնուհետև Ֆիզուլիի շրջանում պիտի մարտական առաջադրանք կատարեինք, սակայն որոշ ժամանակ անց հրամանը չեղարկվեց։ Հետո տանկերով Հադրութի միջով հասել ենք Ջեբրայիլ՝ միանգամից մտել մարտական գործողությունների մեջ։ Զորամասի հրամանատար Արթուր Օհանյանի վիրավորվելուց հետո օպերացիան ձախողվել է։ Վերախմբավորվելուց հետո այլ առաջադրանքներ ենք ստացել, սակայն դրանք միշտ փոփոխվել են հետնահանջի հրամանով։ Հոկտեմբերի 15-ին Հորադիզի մոտ երեք օր շրջափակման մեջ էինք հայտնվել։ Շրջափակումից մի կերպ դուրս գալով տարբեր առաջադրանքներ ենք կատարել։ Մինչև նոյեմբերի 4-ը Քարին տակի պաշտպանական դիրքերում էինք։ Խառը իրավիճակներ էին։ Նոյեմբերի 8-ին Երևանից զանգել են տնեցիներս և հայտնել, որ մեծ եղբայրս վերակենդանացման բաժանմունքում է ու վիճակը ծանր է։ Լուրը լսելուց շտապել եմ Երևան, որ երկու օրից հետ վերադառնամ։ Սակայն եղավ այն՝ ինչ եղավ։ Հրադադարի հայտարարությունից հետո նույն օրը վերադարձել եմ Արցախ։ Չեմ էլ ուզում հիշել այդ օրերը»,-դառնությամբ ներկայացրեց սպան։

Պահեստազորի սպայի պարզաբանմամբ՝ թշնամու բոլոր գործողությունները նպատակաուղղված էին Շուշիի գրավմանը։ Մինչև 2021թ. փետրվար՝ իր պաշտոնաթող լինելը և զինվորական թոշակի անցնելը, նա կահավորել և ամրապնդել էր եղած դիրքերը։ Ինչ վերաբերում է 2023թ. կրկին պատերազմի վերսկսմանը, Գառնիկը շատերի պես մտածում էր, որ քանի դեռ ՌԴ խաղաղապահներն Արցախում են, այն մինչև 2025թ.-ը  չի սկսվի։ Նա նույնիսկ վերանորոգեց Ստեփանակերտի իր բնակարանը։ Իսկ 2023թ. Գառնիկը Ստեփանակերտի աշխարհազորի գումարտակի հրամանատարն էր։

«Սեպտեմբերի 19-ին առավոտյան զանգել էին ինձ և տեղեկացրել, որ պատերազմից 5 է պակաս։ Շրջափակման ծանր օրերն էին, սննդամթերք քաղաքում չկար, իսկ դիրքապահներին քիչ քանակությամբ էին ուտելիք տալիս։ Տղաների հետ հասցնում ենք խաշլաման ուտել, ինչից հետո էլ սկսվում են արկակոծությունները։ Անմիջապես բարձրանում եմ Շուշիի ոլորանների մոտ գտնվող դիրքեր։ Բարձունքից արդեն ամեն ինչ երևում էր։ Շուշիի տանկի վերևի մեր դիրքում մարտեր էին։ Այդ ընթացքում վիրավորվել է վաշտի հրամանատար Բորիս Բալայանը և շտապօգնությունը չէր կարողանում հասնել, այնուհետև տեղեկություններ սկսեցի ստանալ մոտակա դիրքերի վիրավորների մասին։ Աշխարհազորի դասակի հրամանատար Արթուր Աղաջանյանից(Արջուկ) էլ լուր չունեինք, կապ չկար։ Նա Շուշիի տակ փոքր խաչի դիրքում էր։ Հետո պարզվեց, որ Արջուկը զոհվել է։ Հիվանդանոցում զոհվեց նաև Բորյան»,-հուզված իր զինակիցների մասին պատմեց պահեստազորի սպան։

Բորիս Բալայանը 1990-ականների արցախյան պատերազմի մասնակից է և ընդամենը 17 տարեկանում արժանացել է ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի։ Արթուր Աղաջանյանը՝ Արջուկը,  նույնպես Արցախյան գոյամարտի մասնակից էր և որպես աշխարհազորայիններ մարտնչեցին մինչև վերջ՝ իրենց հոգիներն ավանդելով հանուն հայրենիքի։ Նրանց և մյուս նահատակների աճյունները դիրքերից կարողացել են հանել միայն սեպտեմբերի 22-ին։ Բորիս Բալայանի և Արթուր Աղաջանյանի մարմիններն ամփոփված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Մեկօրյա պատերազմի ընթացքում կորցրել եմ 842 և 843 դիրքերը։ Ունեցել ենք չորս զոհ։ Թշնամու կորուստն անհամեմատ ավելի շատ էր։ Միայն 842 դիրքում` խաչի մոտ, թշնամու 25 դիակ էր փռված։ Մեկ դիրքի վրա 50 հոգով են եկել՝ մեզնից թվաքանակով ավելի քան 2 անգամ շատ։ Անհավասար մարտեր էին։ Մեկ բուժքույր և 2 կին կապավոր էլ էին դիրքերում, որոնց հետո անտառներով կարողացել ենք հանել։ Բայց մենք մինչև վերջ սպասում էինք, որ Հայաստանից օգնության կհասնեն։ Չէինք կարող պատկերացնել, որ կթողնեն թշնամին մտնի Ստեփանակերտ»,-վրդովված ասաց Գառնիկը։

Նրա խոսքով՝ կապի միջոցով արդեն հայտնել էին, որ Կարմիր գյուղը, Սզնեքը, Սարուշենը թշնամու վերահսկողության տակ են։ Պարզվեց նաև, որ իրենց դիրքերից մեկում  5 հոգի մնացել են քարայրում՝ Շուշիի տակ և չեն կարողանում ոչ առաջ, ոչ էլ հետ շարժվել։ Գիշերը զանգել են Գառնիկին և տեղեկացրել, որ Արջուկի զոհվելուց հետո նրանք դիրքից նահանջելով հայտնվել են անելանելի վիճակում ու առանց պարանի չեն կարող դուրս գալ։

«Իսկ մեզ հրամայել են դիրքերից իջնել։ ՌԴ խաղաղապահները ևս ստիպեցին զենքերը վայր դնել ու հեռանալ։ Բոլորը հիասթափված մտածում էին շուտափույթ հասնել ընտանիքներին,  որովհետև ադրբեջանցիները մտել են Կրկժանի թաղամասի առաջին տունը և դրոշ տեղադրել, բայց մերոնց կրակոցներից հեռացել են։ Իսկ մեր 5 աշխարհազորայիններին պիտի փրկեինք, ուստի արդեն քաղաք հասնելով անօդաչու սարքով պարան ենք հասցրել նրանց, որ դուրս գան մեր ուղորդած տեղանքով՝ գետով։ Ի վերջո նրանք կարողացել են պարանի օգնությամբ լեռան այդ հատվածը հաղթահարել և 4կմ տարածքը թշնամու քթի տակով աննկատ անցնել 15 ժամվա ընթացքում»,-պատմեց հրամանատարը։

Սեպտեմբերի 24-ին Արցախի բնակչությունը սկսեց տեղահանվել։ Այլընտրանք չկար։ Գառնիկը ևս իր ավտոմեքենայով տեղահանեց ընտանիքը։ Նրանք իրենց հետ անհրաժեշտ պարագաներն են միայն վերցրել ու հեռուստացույցը, որն էլ ճանապահին ջարդվել էր։

«Հակարիի կամուրջն անցելուց հետո խոր շունչ քաշեցի։ Երևանում կազմակերպել ենք մեր զոհված ընկերների հուղարկավորությունը։ Այժմ ապրում ենք Հրազդանում։ Դպրոցում դասավանդում եմ ՆԶՊ առարկան։ Երկու ամիս աշխատելուց հետո դպրոցի թիմը ՆԶՊ մրցույթում 1-ին տեղն է գրավել։ Ինչ վերաբերում է հետվերադարձին, ապա միայն ուժով՝ զենքի միջոցով։ Ոչ մի պետություն չի երաշխավորելու մեր անվտանգությունը։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։  Ու ինչքան շուտ, այնքան լավ»,-եզրափակեց պահեստազորի սպան։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest