Նոյեմբերի 30-ին արցախյան կազմակերպությունները հավաք են հրավիրել առաջին հերթին՝ ընդդեմ արցախցիների ֆինանսական աջակցության ծրագրի կտրուկ կրճատման։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլից այս օգնությունը կստանան միայն անչափահասները, հաշմանդամները և կենսաթոշակային տարիքի անձինք, այն էլ՝ նվազեցված չափով։

Սակայն, ինչպես ասում է հավաքի գլխավոր կազմակերպիչ, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, խոսքը 50 հազար դրամը չէ, այլ՝ մեր ընտանիքների վաղվա օրվա հարցը, որի միակ պատասխանատուն մենք ինքներս ենք։

«Տե’ր կանգնենք մեր իրավունքներին։ Հավաքի օրակարգում կլինեն՝ 1. Սոցիալական աջակցության շարունակականություն բոլորի համար՝ մինչեւ սեփական տանիքով ապահովելը։ 2. Բնակապահովման ծրագրի վերանայում՝ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա։ 3. Իրատեսական զբաղվածության ծրագրերի իրականացում։ 4. Միջազգային հանրության կողմից մեր իրավունքների ճանաչում», գրել է Լիաննա Պետրոսյանը, կոչ անելով արցախցիներին մասնակցել հավաքին։

Արցախցիների իրավական ու սոցիալական իրավունքները այնքան անորոշ են ու շփոթված, որ նույնիսկ իրավաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչ սկզբունքների է հետեւում կառավարությունը եւ ինչ հիմքով են արցախցիների վերաբերյալ որոշումներ կայացվում։

Պարադոքսն այն է, որ արցախցիները բռնագաղթվել են հայրենիքից և զրկվել մասնավոր ու հավաքական սեփականությունից՝ որպես մեկ համայնք։ Հայաստանում նրանք բոլորը նույնպես կոլեկտիվ  հիմքով ստացան ժամանակավոր պաշտպանություն՝ փախստականի կարգավիճակ: Բայց մնացած բոլոր հարցերում Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախի ժողովրդին ընկալել որպես համայնք։

Սա առաջին հերթին արտահայտվում է նրանում, որ Հայաստանի ղեկավարությունը կատեգորիկ չի ճանաչում Արցախի ընտրովի մարմինները, որոնք կոչված են իրականացնելու հավաքական կառավարում։ Չեն ճանաչվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների լիազորությունները, թեև համայնքային համակարգի միջոցով հեշտ կլիներ գույքագրել ինչպես կորցրած գույքը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակը և արցախցիների կարիքները։ Սա թույլ կտա նպատակային կազմակերպել սոցիալական և իրավական աջակցությունը:

Սակայն արցախցիների սոցիալական աջակցությունը կապվում է ոչ թե համայնքի, այլ ընտանիքի հետ։ Հայաստանի կառավարությունը Արցախի բնակիչներին կամայականորեն «բաժանեց» ընտանիքների, ստիպեց այդ ընտանիքներին գրանցվել այլոց տներում, իսկ բնակարանային աջակցության ծրագիրը պայմանավորում է առանձին ընտանիքի իրավական կարգավիճակով։ Օրինակ, ինչպես պարզվեց, բնակարանային աջակցության ծրագրին դիմած ավելի քան 2000 արցախցիներից վկայական է ստացել միայն 24 ընտանիք։ Մնացածները մերժվել են, քանի որ «ընտանիքի առնվազն մեկ անդամ չի համապատասխանում ծրագրի պահանջներին»։

Ստացվում է, որ արցախցիները կոլեկտիվ են արտաքսվել, նրանց որպես համանքի տրվել է փախստականի կարգավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք, իսկ սոցիալական օգնությունը, աշխատանքն ու իրավական կարգավիճակը կապվում են առանձին ընտանիքի հետ՝ անտեսելով համայնքը։ շատերն են հիմա հարցնում՝ ինչո՞ւ կառավարությունը չորոշեց ճանաչել բոլոր արցախցիների 070 անձնագրերը կամ չշնորհեց լիիրավ քաղաքացիություն, այլ կոչ արեց առանձին-առանձին դիմել քաղաքացիություն ստանալու համար։

Այս կեցվածքի քաղաքական նպատակներն ակնհայտ են՝ թույլ չտալ Արցախի ժողովրդին ինքնակազմակերպվել որպես համայնք, թույլ չտալ նրանց հավաքականորեն պաշտպանել քաղաքական և սոցիալական իրավունքները, ինչը ՀՀ իշխանությանը ազատ գործելու հնարավորություն կտա։

Բայց արցախցիների շրջանում ինքնակազմակերպման գործընթացն արդեն սկսվել է։ Առայժմ այս գործընթացը խոչընդոտվում է՝ տարաձայնություններ մտցնելով արցախյան հասարակության մեջ՝ իրար դեմ հանելով, Արցախից հանած առասպելական գումարների մասին արտահոսքերով։ Գնացեք ձեր ղեկավարությունից փող պահանջեք, ասում են Հայաստանում իշխանամետ տրոլները, չնշելով, թե ինչո՞ւ ՀՀ իրավապահ մարմինները չեն քննում նման փաստերը, չէ՞ որ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչքան գումար է գնացել Արցախ եւ ինչքան վերադարձել։

Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանում նաեւ, թե ինչու են «առասպելական գումարներ» ուղարկվել Արցախ՝ շինարարության համար, թեև քաղաքական հարցերը մշուշոտ էին, իսկ հեռանկարները՝ ամպի պես մութ։ Թե ով և ինչպես է «կտրել» այս գումարը, կորոշի ապագա դատարանը, իսկ արցախցիներն հիմա փորձում են նայել ապագային, և դրա համար պետք է ինքնակազմակերպվել որպես համայնք և պաշտպանել հավաքական իրավունքները։

Թե դա ինչպես կկատարվի՝ Արցախի խորհրդարանի արտահերթ ընտրություններով (ներկայիս ժամկետը մինչև 2025 թվականի մայիսն է), թե Համակարգող խորհրդի ստեղծմամբ, կարևոր չէ։ Գլխավորն այն է, որ կա հավաքական գործողությունների անհրաժեշտության ըմբռնում։ Արցախում պետականության հազարամյա շարունակական ավանդույթների արմատները նոր ծիլեր են տալու։

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest