Նվեր Միրզոյանը Արցախի Ասկերանի Խնձրիստան գյուղից է։ Կապանի դպրոցի հարեւանությամբ նա իր ընտանիքի հետ փոքրիկ բիզնեսն է հիմնել։ Փոքրիկ տարածք են վարձակալել, անվանել՝ «Արցախը Սյունիքում», ու ընտանիքի կանայք  սկսել են արցախյան խոհանոցի համն ու բույրը Կապանում տարածել։ Կնոջ՝ Աննայի պատրաստած փախլավաներն արդեն  քաղաքում հայտնի են դարձել։

«Տեղահանույունից հետո նախ ապրել ենք Սովխոզում (Սյունիք գյուղում- հեղ.), Կապանի մոտ։ Տանտերը ջերմ ընդունեց, ասեց՝ կտա պետությունը, կտաք տան վարձը, չի տա` չեք տա։  Հինգ ամիս մնալուց հետո այդ տունը վաճառվեց, տեղափոխվել ենք Կապան։ Որոշեցինք այս կողմերում մնալ, քանի որ բարեմաներ ունեինք, բացի դա Արցախին այստեղ շատ նման է»,- ասում է Նվերը։

Լրացնելով ամուսնուն, տիկինն Աննան մանրամասնում է, թե ինչով է Կապանը նման Արցախին.

«Եւ բնությունն է նման, եւ ժողովուրդն է նման, եւ խոսքն է նման։ Մարդիկ շատ մարդկային են, Ստեփանակերտի նման է, մարդիկ դռները չեն փակում, իրար հետ հարեւանություն են անում, հարեւանը գիտի, թե երբ է գալու, իրար հետ սուրճ են խմելու, երբ կարող են իրար հետ ճաշել եւ այլն… Սկզբից տանն էինք անում, պատվերներ էինք վերցնում, հետո որոշեցինք տեղ վերցնենք։ Տեղացիները շատ են սիրում մեր մթերքը, գիտեն, որ արցախցի ենք, գալիս նաեւ որպես աջակցություն են գնում։ Արցախցիներն էլ են օգտվում մեր թխածից։ Մարդ կա, որ գալիս գրությունը տեսնում է՝ «Արցախը Սյունիքում», լացում է»։

Խոսելով այն մասին, որ ապրիլից Կառավարությունը նախատեսում է դադարեցնել արցախցիներին հատկացնել 40+10 գումարը, Նվերն ասում է.«Շատ մարդիկ մինչեւ հիմա անգամ կայուն աշխատանք չեն գտել, այս տեղից այն տեղ են գնում եւ այդ տրամադրված գումարով մինիմալ կարիքներն էին հոգում։ Այդ գումարը կտրելուց առաջ մարդկանց պետք է տնով ապահովեն»։

Միզոյանները փոքրիկ բիզնեսից գոհ են, ընտանիքի 7 անդամներից ամեն մեկն իր անելիքն ունի, իսկ բացի փռով զբաղվելուց Նվերը նաեւ այլ աշխատանքի է անցել։

Միզոյանների տղաներից մեկը քոլեջում է սովորում, մյուսը՝ դպրոցի ֆիզմաթ հոսքում, աղջիկն էլ առաջիկայում պետք է  մանկապարտեզ հաճախի։

Հիմա ապրում են վարձով, սպասում են սերտիֆիկատին։ Միզոյանները վստահ են, եթե հնարավորություն ունենան տուն գնել պետության տրամդրած սերտիֆիկատով, ապա այն կգնեն հենց Կապանում։ «Մենք ընտանիքում յոթ հոգով ենք, այսինքն յոթ հոգուն տրամադրվող սերտիֆիկատով պետք է որ կարողանանք այստեղ տուն այստեղ, բայց հարցն այն է, որ չենք հավատում, որ բանը դրան կհասնի։ Այսքան ժամանակ է անցել, դեռ չենք լսել, որ որեւէ մի արցախցի կարողացած լինի տուն ձեռք բերել այդ ծրագրով։ Դրա համար էլ մենք այլեւս ոչինչի չենք հավատում»,- ասում է տիկին Աննան։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest