Արցախի օկուպացումից և բնիկ բնակչության բռնի տեղահանումից հետո արցախցիների իրավունքները և Արցախի իրավական սուբյեկտությունը ոչ միայն անտեսվում են, այլ միտումնավոր ուղղորդվում են անպտուղ ուղղությամբ։
Արցախի և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի և արդյունավետ քայլերի բացակայության ֆոնին իրավական և հանրային տարածքում տեղի են ունենում գործողություններ, որոնք ուղղված են իրավունքների ոտնահարման մեղավորներին քաղաքական և իրավական պատասխանատվությունից պաշտպանելուն։
Հայկական լոբբինգի շնորհիվ մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, ինչպես նաև միջազգային դատարանները ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ ճանաչելով Արցախում էթնիկ զտումների փաստը և հայերի վերադարձի իրավունքը։ Սակայն բանաձեւերն ու որոշումները էթնիկ զտումների քաղաքական գնահատական չեն տալիս եւ չեն սահմանում վերադարձի պայմանները։
Նման վիճահարույց քաղաքական գնահատականի վերջին օրինակն է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հինգերորդ փուլային զեկույցը։
Այնտեղ նշվում է, որ «Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»։ Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:
Այլ կերպ ասած, ԵԽ կոմիտեն «արդյունավետ» է համարում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերականգնումը` կոչ անելով միայն թույլ տալ ղարաբաղցիների վերադարձը և ստեղծել գույքային խնդիրները լուծելու մեխանիզմ։
Ո՞ւր են եվրոպացիներն ու հայ առաջնորդները կոչ անում հայերին վերադառնալ։ Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանը «արդյունավետորեն վերականգնեց վերահսկողությո՞ւնը»։ Բաքուն չի ժխտում հայերի վերադարձի իրավունքը՝ առաջ քաշելով իր պայմանները՝ Ադրբեջանի քաղաքացիության և օրենքների ընդունում։ Ավելին, Բաքուն անտեսում է Ղարաբաղում հայերի ինքնորոշման բոլոր տեսակները, թեև 1921 թվականին Ղարաբաղը և Նախիջևանը որպես հայկական ինքնավարություններ մտցվեցին Ադրբեջանի կազմ։ Եվ քանի որ միջազգային ատյանները և հայ քաղաքական գործիչները չեն ժխտում Բաքվի պայմանները՝ պնդելով հայերի վերադարձը Արցախ, ստացվում է, որ նրանք լռելյայն ճանաչում են Ադրբեջանի իրավունքը՝ բռնի ուժով «վերահաստատել վերահսկողությունը» և օկուպացնել Արցախը ցեղասպանության և տեղահանության միջոցով։
«Օկուպացիան», «ցեղասպանությունը» և «տեղահանությունը» միջազգային իրավունքում լուրջ հանցագործություններ են, որոնք ենթադրում են լուրջ քաղաքական և իրավական պատասխանատվություն։ Բայց այս բառերը չկան հայկական իսթեբլիշմենթի բառապաշարում։ Իշխանությունները հիմնականում լռում են քաղաքական գնահատականներ՝ փորձելով արագորեն «խաղաղության պայմանագիր» կնքել, որտեղ Արցախի մասին խոսք չի լինի։ Իսկ ընդդիմությունը՝ ի դեմս «Օսկանյան կոմիտեի», նախընտրեց զբաղվել ոչ թե օկուպացիայի, ցեղասպանության և ինքնորոշման իրավունքի ոտնահարման, այլ էթնիկ զտումների և վերադարձի իրավունքի ճանաչման հարցով։
Մինչդեռ միջազգային իրավունքում «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացությունները չեն համարվում լիարժեք կատեգորիաներ։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Forrights-ի հետ զրույցում նշել է ․«Վերադարձի իրավունքի վերաբերյալ կան հետազոտություններ և այն միջազգային իրավունքում ունի հստակ նորմատիվ բնույթ, թեև ոչ այդ արտահայտությամբ, այլ տեղաշարժի իրավունքի առումով։ Դա ամրագրված է միջազգային իրավունքի երեք ճյուղերում՝ սովորույթային, մարդու և հումանիտար։ Այսինքն, այն ունի հստակ նորմատիվ բնույթ, բայց չի կոչվում վերադարձ, այլ դիտարկվում է տեղաշարժի իրավունքի ներքո, իսկ էթնիկ զտման առումով կան վիճարկություններ։ Մասնագետների մի մասն այն բնորոշում են որպես քաղաքական տերմին, բայց իրավական, դատական ակտերում էթնիկ զտում հասկացությունը տեղավորվում է և ռասիզմի, և պատերազմական հանցագործությունների ներքո, բայց այն չունի կոնկրետ նորմատիվ բնույթ»։
Նույնը ասում են նաեւ այլ մասնագետներ, վկայակոչելով Մարդու իրավունքների մասին կոնվենցիան, որտեղ գրված է «սեփական երկիր» վերադառնալու մասին, բայց սահմանված չէ, թե ինչ է «սեփական երկիրը» եւ ինչ կապ ունի տարածքի հետ։
Հարց է առաջանում․ ինչո՞ւ է հայկական լոբբինգը այդքան ջանք գործադրում անպտուղ արդյունքների հասնելու համար։ Ի՞նչ է տալիս հայերին էթնիկ զտումների ու վերադարձի իրավունքի ճանաչումը։ Արդյո՞ք դա հնարք չէ շրջանցել քաղաքական իրավունքներն ու պահանջատիրությունը, հանելով պատասխանատվությունը ներքին եւ արտաքին հանցագործերից եւ վերջնականապես փակելու Արցախի հարցը։
Նաիրա Հայրումյան