Արդեն մի քանի ամիս է, ինչ արցախցի վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում է։ 40-ամյա բժիշկը ծնվել ու մեծացել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից, սակայն հասուն տարիքում հիմնականում ապրել է Արցախից դուրս։
Գրիգորիի հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինքն էլ 9 տարեկանում օգնում էր պատերազմում ծանր վիրավորներին, երբեմն էլ դիակներ է տեղափոխել։
«Ես Կապանում գտել եմ Արցախը՝ իմ հողն ու ջուրը։ Նման նմանություն այլեւս աշխատհում չեք կարող գտնել։ Ամեն ինչն է նման։ Ես գյուղի տղա եմ, անտառ եմ սիրում, կենդանի եմ սիրում, բնություն եմ սիրում, չկա մի բան, որ այստեղ մի բանով տարբերվի իմ հարազատ Մարտակերտի շրջանի բնությունից… Բայց մինչեւ չկորցրի, չհասկացա հայրենիքի քաղցրությունը։ Նախկինում ես ձգտում էի Երեւանում աշխատեի, Երեւանի կլինիկաներում աշխատեի, գնում- գալիս էի։ Ծնողներս, քույրս, հարազատությունը այնտեղ էին։ Գնում՝ կարոտս առնում, հետ էի գնում։ Իսկ հիմա Արցախը չկա, հորս գերեզման է այնտեղ, այն քաշում է… ամեն ինչն է քաշում…մինչեւ չկորցրի, չհասցկացա, թե դա ինչ է»,- ասում է բժիշկը։
Գրիգորյանը հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր ընտանիքը տեղափոխվել էր Երեւան, իսկ հայրը մեկնել էր առաջնագիծ.«Մի անգամ հայրս եկավ մեզ տեսակցության, իսկ երբ վերադառնում էր Արցախ, ես նրա հետ գնացի։ Հոսպիտալում էի, որովհետեւ ուտելու բան միայն անտեղ կար։ Այդ ժամանակվա մասին ինչ պատմում եմ, ոչ ոք չի հավատում, Կամազով դիակներ եմ դատարկել, Գրադի տուփեր եմ քանդել, տարեց տղամարդիկ մահացածների համար դագաղներ են պատրաստել… ինչով կարողանում, օգտակար էինք լինում»։
Բժիշկը վստահ է, որ մենք ոչ թե կորցրինք Արցախը, այլ նվիրեցինք այն.«Վստահ եմ, որ մենք այնտեղ վերադառնալու ենք… ուժով վերցնելը իրական չի այս պահին, ցանկություն էլ չունեմ, որ ուժով վերցնենք։ Բոլ է, հերիք է, ես այլեւս պատրաստ չեմ զինվորի մահ տեսնել… կգժվեմ, այլեւս չեմ կարող։ Պատերազմում տեսածիցդ ու ապրածիցդ երբեք չես կարող ազատվես, կարող ես միայն այն դեպքում, եթե դառնաս հոգեկան հիվանդ… առաջին պատերազի ժամանակ, երբ երեխա էի, նայում էի, մտածում էի՝ դե կռիվ է, մարդիկ պետք է գնան… այս անգամ ես էի մեծը ու մեկ էլ 18 տարեկան տղա էր մահանում ձեռքիս տակ, կամ վիրավոր էին բերում… այս դեպքում մեծի աչքերով նայեցի եւ դա ահավոր էր»։
Գրիգորյանի խոսքով, հայ բժիշկները միշտ շատ լավ են աշխատել, մասնավորապես 44-օրյա պատերազմին եղած ավելի քան 2200 վիրավորներից մահացել են 32 հոգին, ինչը թվերի առումով խոսում է բժիշկների արդյունավետ ու նվիրված աշխատանքի մասին։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։