Արցախցի Մարինա Ավետիսյանը վեց անչափահաս երեխաների հետ ապրում է ծանր սոցիալական պայմաններում։ Նա ամեն առավոտ արթնանում է ժամը հինգին, որ հասցնի նստել դաշտեր գնացող մեքենան․ օրավարձով հողագործությամբ է զբաղվում։ Մինչև երեկոյան 8-ը աշխատելու համար ստանում է վեց հազար դրամ։ Սակայն, այս եկամուտը չի բավարարում 45-ամյա կնոջը հոգալ անչափահաս երեխաների կարիքները։

«Վառելիքի խնդիր ունենք, շատ է վառելիք անհրաժեշտ։ Սննդի խնդիր ունենք, խանութում արդեն 270 հազար դրամ պարտք ունենք»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է բազմազավակ մայրը։ Նա զրկվել է նաև այգիներում աշխատելու հնարավորությունից՝ սեզոնով պայմանավորված։

Մարինան երեխաների հետ բնակվում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։ Այստեղ տեղափոխվել են մեկ ամիս առաջ, մինչ այս հասցրել են ժամանակավոր ապրել հինգ տարբեր գյուղերում։ Ընտանիքը Արցախի Գետավան գյուղից է, մայրը երեխաների հետ գյուղը լքել սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից հետո։

«Սեպտեմբերի 19-ին ահավոր վիճակ էր։ Ես տանը չէի, տղայիս հետ գնացել էի Դրմբոն ուտելիք գտնելու, երեխաներին թողել էի քրոջս մոտ, զանգեց ասաց՝ կռիվ է սկսվել։ Ոտքով հետ եկա գյուղ, որ հասնեմ երեխաներիս։ Քույրս տարել էր ապաստարան, եկա տեսա կեսը տկլոր են, կեսը՝ բոբիկ։ Կրակոցների տակ գնացի տուն, շոր ու կոշիկ բերեցի, որ երեխաներին հագցնեմ»,-ասաց նա՝ նշելով, որ ստիպված են եղել անգամ գիշերով ճանապարհ անցնել, որ հնարավորինս շատ հեռու լինեն զինված ադրբեջանցիներից։

«Գետավանում ահավոր վիճակ էր, թշնամին արդեն մտել էր գյուղ։ Վերջին մարդը, որ դուրս է եկել տեսել է, թե նրանց տանկերը ոնց են գյուղ մտնում։ Մենք, որ գյուղում էինք կրակոցներն արդեն շատացել էին, հույս չունենիքն, որ դուրս ենք գալու։ Քրոջս աղջիկըը վախից ուշաթափվել էր, 15 տարեկան երեխա է։ Գիշերը ճանապարհներին ենք լուսացրել, մինչև հասել են օդանավակայան»,-ասաց նա։

Անասելի դաժան է եղել նաև Ստեփանակերտից Գորիս ճանապարհը։ Մայրը ստիպված է եղել հետևել, թե ինչպես են երեխաները թրջվում անձրևի տակ՝ սոված ու կիսահագնված։ «Ստեփանակերտից դուրս ենք եկել Կամազով, ահավոր վիճակ էր։ Բոլորով կուզովի մեջ էինք, անձրև էր գալիս երեխաների վրա մինչև հասանք Գորիս։ Երեխաները սոված էին հաց չկար, հարևաններից էի վերցնում, որ տամ երեխաներին»։

Մարինան երկրորդ անգամ է տեղահանվում։ Յոթ տարեկան էր, երբ ընտանիքը սպանվելու վտանգը զգալով լքել է Բաքուն։ «Քարերով սկսեցին խփել մեր պատուհաններին, հասկացանք, որ էլ չենք կարող մնալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest