2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվեցին 120 հազար արցախցի: Լեռնային Ղարաբաղում մնացին միայն շուրջ երկու տասնյակ հայ։

Ըստ APA գործակալության տեղեկատվության՝  հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մնացած հայերից մեկը՝ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել է։ Այդ մասին հայտնել էին Ադրբեջանի առողջապահության նախարարությունից և կնոջ  մահվան պատճառը նշել առողջական խնդիրները։  Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 70-ամյա հայ կնոջ մոտ սրտի կանգ է արձանագրվել։

Վերա Աղասյանի հարազատները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը տեղափոխեն և հուղարկավորեն Հայաստանում։ Կնոջ հարազատներն արդեն մեկ ամիս է, ինչ սպասում են, թե երբ, ի վերջո, Ադրբեջանը կթույլատրի Վերա Աղասյանի դին տեղափոխել Հայաստան։ Խնդրի կապակցությամբ Բաքվի հետ ունեցած երկխոսությունում դեռևս առաջընթաց չկա։

«Չեմ կարող որևէ առաջընթացի հետ կապված մեկնաբանություն անել, հաշվի առնելով, որ որոշումն ու դրա հետ կապված մանրամասներն իշխանությունների ձեռքերում են, կողմերում։ Այս պահին որևէ առաջընթաց այդ հարցում դեռ չկա։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել  երկու կողմերի համաձայնության դեպքում նպաստել հետագա քայլերի իրականացմանը։ Այս պահին կողմերի ձեռքերում է որոշումը։ Բայց կարող եմ ասել, որ հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,-ԶԼՄ-ներին իրազեկեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Ըստ բաց աղբյուրների՝ Արցախի հայաթափումից հետո Վերա Աղասյանն առաջին հայն է, որ մահացավ այնտեղ։ Բաքուն մինչև այժմ որևէ թիվ չի ներկայացրել Արցախում մնացած հայերի մասին։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այս ամենն անմարդկային վերաբերմունք է որակում: Նրա կարծիքով՝ կարող էր այս փոխանցումը ձգձգվել միայն մի դեպքում, եթե փորձաքննությունների կարիք լիներ, բայց այս դեպքում Բաքուն ի սկզբանե հայտարարել էր, թե ինչից է մահացել կինը։ Ու ըստ իրավապաշտպանի՝ Ստրասբուրգի դատարան անհապաղ միջոցի կիրառման դիմում ուղարկելն օգուտ չի տա։

Վերա Աղասյանն որդին՝ Արսենը, մեզ հետ ունեցած զրույցում հերքեց լրատվամիջոցներում շրջանառվող դատարան դիմելու իրենց պատրաստակամությունը։ Նա տեղեկացրեց, որ խնդրի կապակցությամբ զբաղվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ու վրդովված է լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն տարածելու առումով։

«Առանց ինձ հետ խոսելու ապատեղեկատվություն են տարածում։ Թողեք համապատասխան կառույցներն աշխատեն և այդ առումով առաջընթաց լինելու դեպքում արդեն կտեղեկացնենք հանրությանը։ Մորս մահվան վերաբերյալ միակ տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանի կողմից։ Առանց հարազատների ու զավակների հետ խորհրդակցելու լրագրողներն ինքնագլուխ հայտարություններ են հնչեցնում։ Ի՞նչ դատարան պիտի զբաղվի այդ հարցով։  Երկխոսությամբ պետք է հարցը լուծել և Ադրբեջանը պետք է թույլատրի մեր այնտեղ գնալն ու չգնալը։ Ինձ արդեն տեղեկացրել են, որ Ադրբեջանի կարմիր մահիկի ներկայացուցիչները շուտով Ստեփանակերտ են ժամանելու և հուսով ենք, որ կընդառաջեն ու մենք կգնանք Հակարիի կամրջի մուտ ճանաչելու մեր ծնողի դիակը»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց Արսենը։

Միայն դին տեղափոխելուց հետո Վերա Աղասյանի որդին կմանրամասնի իրողությունը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է նման դեպք տեղի ունեցել և համապատասխան կառույցները զբաղվում են դրանով՝  հորդորելով  համբերությամբ սպասել։

Վերա Աղասյանը ծննդով Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքից է։ Ամուսնացել ու ապրել է Խրամորթ գյուղում։ Որդու ասելով՝ միայն մայրը չէր մնացել Ստեփանակերտում, այլև եղբայրն ու այլ հարազատներ։ Նրանք ոչ մի կերպ չէին ուզում թողնել Արցախը ու նախընտրեցին մնալ այնտեղ՝ մտածելով, որ լավ է մեռնել ծննդավայրում կամ գուցեև հետվերադարձ կլինի։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշել էր, որ Ստեփանակերտում մնացած հայերի մասին տեղեկանում է նրանց հարազատներից ու գրեթե ամեն շաբաթ նրանք հնարավորություն են ունենում մի քանի րոպե խոսել հեռախոսով։

«Արդեն մեկուկես ամիս է ինչ չեմ խոսել հարազատներիս հետ։ Մորս հետ մինչև մահանալը՝ սեպտեմբերի 28-ին էի խոսել ու որևէ առողջական խնդիր չուներ։ Ամիսը 4-5 անգամ խոսում էի հարազատներիս հետ ու ամեն  ամեն ինչ նորմալ էր։ Բոլոր հարազատները և Ստեփանակերտում մնացած հայերը բնակվում են մի հյուրանոցում»,-հավելեց մահացած կնոջ որդին։

Այլ մանրամասնություններ Արսենը չի ուզում հայտնել, որովհետև ինքն էլ չունի համապատասխան տեղեկատվություն։ Դեպքի առնչությամբ ՀՀ իշխանություններին դիմելը հարազատներն անիմաստ են համարել, ուստի դիմել են միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝  սպասելով խնդրի լուծմանը։

Զառա Մայիլյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest