«Վերջին անգամ ամուսնուս տեսել եմ սեպտեմբերի 19-ի առավոտյան։ Նկատեց, որ տելեֆոնը գրպանումը չի, դուրս է եկել, չգիտենք՝ գնացել է տելեֆոնը գտնի, թե անասունները բերի, բայց գնաց ու հետ չեկավ»,-արցախցի 66-ամյա Գալյա Բաբայանը Forrights.am-ի հետ զրույցում հիշում է իր ու 71-ամյա ամուսնու՝ Մադաթ Բաբայանի վերջին շփումը՝ ադրբեջանական հարձակումից կարճ ժամանակ անց էր։
«Գյուղում կրակոցներ էր, ժողովրդը սկսեց գյուղից դուրս գալ»,-Բաբայանները Գետավան գյուղից են, այս բնակավայրն առաջինն է հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ սահմանին շատ մոտ է։ Ընտանիքը կրակոցների տակ՝ ստեղծված ծանր իրավիճակում սկսել է փնտրել տանից դուրս եկած տարեց տղամարդուն։
«Մենք դուրս եկանք, որ փնտրենք, ռուսները չթողեցին, ասացին՝ գնացեք տուն, վտանգավոր է։ Տանն էլ էր վտանգավոր, որ խփում էին մեր տան ապակիները կոտրվում էր»,-պատմեց Գալյա Բաբայանը՝ նշելով, որ ցանկացել է ռուս խաղաղապահներին ասել, որ ամուսնուն է փնտրում, բայց իրեն չեն լսել։
Գետավանում մնալն արդեն վտանագավոր է դարձել մարդկանց համար, քանի որ թշնամին սկսել է թիրախավորել բնակելի տները։ Բաբայանները ստիպված հեռացել են գյուղից։ «Գյուղացիների հետ մի հատ Կամազով գնացինք կողքի գյուղ։ Այդպես էլ գնացինք ու իրեն չտեսանք»,-ասում է նա և պատմում, թե ինչպես մի կողմից ամուսնու հետ կապված անորոշությունը, մյուս կողմից ճանապարհի դժվարությունները հաղթահարելով կարողացան փրկվել։
«Կես ճանապարհը ոտքով, կեսը՝ մեքենայով, մի կերպ գնացինք։ Մինչև Դրմբոն ոտքով ենք գնացել, 12 կմ ճանապարհ քայլել ենք։ Հասանք այնտեղ, մի տղա եկավ, ասաց՝ հելեք, գալիս են։ Քայլելու ընթացքում էլ կրակոցներ կային, լսում էինք։ Ուզում էին կամուրջին խփեին, տրաքացնեին, բայց չէին կարողանում»։
Շուրջ 20 օր կինն ամուսնու մասին որևէ տեղեկություն չի ունեցել։ Արդեն Հայաստանում են եղել, երբ տիկին Գալյան անծանոթ հեռախոսահամարից զանգ է ստացել՝ պարզվել է ադրբեջանական համար է, Բաքվի բանտից են զանգում։ Այդ ժամանակ պարզվել է, որ Մադաթ Բաբայանը գերության մեջ է՝ այժմ արդեն մեկ տարուց ավելի։ Նա պարբերաբար զանգահարում է կնոջը, շատ չի խոսում, խնդրահարույց թեմաների չեն անդրադառնում։ «Զանգը գալիս է լրիվ 8-եր է գրվում։ Ասում է՝ լավ եմ, դուք լավ լինեք։ Մի անգամ ուզեցի այդ համարին զանգեմ, զանգ չգնաց։ Հենց տեսնում եմ ամբողջն 8 է գիտեմ, որ ինքն է»։
Տիկին Գալյան չի հավատում ամուսնու հավաստիացումներին, թե լավ է։ Ասում է՝ Շուրջ 50 տարի միասին են ապրել, ձայնից զգում է՝ ամուսինը ծանր կացության մեջ է։ «Չէ, ինքը լավ չի, հասկանում եմ, որ դժվարությամբ է խոսում։ Հիվանդ ոնց որ լինի, մի անգամ ասաց՝ կոկորդս է ցավում, մի անգամ էլ՝ ասաց ատամներս (պրոտեզ) են ջարդվել»։
Մադաթ Բաբայանին Ադրբեջանը մեղադրում է 1992 թվականին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար։ Գերեվարելուց հետո Ադրբեջանի անվտանգային ծառայությունը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ տարեց ու անպաշտպան արցախցին ձեռնաշղթաներով է, շրջապատված դիմակավորված ադրբեջանցիներով։ Քարոզչական բնույթի տեսանյութում Բաբայանն, ըստ Բաքվի, «ցույց է տալիս այն տարածքները, որտեղ իրականացրել է ցեղասպանությունը»։ Ընտանիքը սա կեղծ մեղադրանք է համարում։ Կինն ուսումնասիրել է Ադրբեջանի իրավապահների հրապարակած տեսանյութում ամուսնու կադրերը, բռնության հետքեր է նկատել։
«Նկատել եմ, որ աչքի տակը կապտած է։ Մտածում եմ, որ ամուսնուս ծեծել են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։