Ադրբեջանական գերության մեջ գտնվող Մաթադ Բաբայանը Բաքվից հոկտեմբերի 30-ին զանգել է ընտանիքին։ «Շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ զանգահարում է։ Ժամանակ է լինում, որ ավել ենք սպասում մինչև կզանգի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանի թոռը՝ Ալենը։
Արդեն մեկ տարուց ավել ադրբեջանական գերության մեջ գտնվող Մադաթ Բաբայանն, ըստ ընտանիքի անդամների քիչ է խոսում, խոսակցության բովանդակությունը միմյանց որպիսություն հարցնելն է ու անհրաժեշտ իրերի խնդրանքը։ «Շատ չի խոսում, ասում է՝ տաք գլխարկ ուղարկեք, գլխարկ եմ ուզում, ցուրտ է տեղներս։ Ես լավ եմ, դուք ոնց եք»,-այսքանն է վերջին խոսակցության հիմնական բովանդակությունը։
Խոսակցությունը մի քանի րոպե է տևում՝ մինչև երեք րոպե։ «Ուրիշ բան, որ հարցնում ենք՝ անջատում են։ Օրինակ հարցրեցինք մենա՞կ ես, քանի՞ հոգով եք, լա՞վ ես, անջատեցին»,-ասաց Ալեն Բաբայանը։
Կարմիչ խաչը ընտանիքին մի ցուցակ է տվել, որտեղ նշված է, թե Հայաստանից Ադրբեջան ինչ են ուղարկելու․ հիմնականում չորս սնունդ՝ քաղցրավենիքի տեսքով։ «Ինչ նշված է դա ենք առնում, մեզնից դուրս բաներ չենք կարող առնել։ Տանում ենք Կարմիր Խաչ, որ փոխանցեն պապիկին։ Հիմնականում սնունդ, տաք շոր, քաղցրավենիք»,-ասում է Ալենն ու նշում՝ չգիտեն ծանրոցի պարունակությունն ամբողջությամբ է հասնում պապիկին, թե ոչ։
Այս անգամ տաք գլխարկ է ուզել, գնելու են ուղարկեն, նախորդ անգամ կոշիկ էր ուզել։ Հայաստանից ադրբեջանական բանտախուց հասած կոշիկը փոխվել էր, պապիկն ասել էր՝ փոքր է, ընտանիքը զարմացած էր մնացել։
«Չգիտենք՝ ամբողջն իրեն հասնում է, թե չէ։ Մի անգամ կոշիկ էր ուզել, ուղարկել էինք իր ուզածից երկու համար մեծ, բայց հետո խոսացինք ասաց, որ փոքր է, մենք ուրիշ կոշիկ էինք նկարագրում, ինքը ուրիշ։ Ոչինչ, թող այդպես էլ լինի, բայց հասնի իրեն։ Մենք հավատում ենք, որ մեր պապին հետ է գալու, քանի որ անմեղ է, ոչ մի ցեղասպանության էլ չի մասնակցել»,-ասաց Ալենը։
72-ամյա Մադաթ Բաբայանը Բաքվից առաջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել անցած տարի՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ընտանիքը նրա մասին որևէ տեղեկություն չի ունեցել, փնտրել են ամենուր՝ անգամ զոհվածների մեջ։ «Սկզբից ադրբեջաներեն էին խոսում, տատիկս չհասկացավ, տվեց մամայիս, մամայի հետ սկսեց ռուսերեն խոսել, հետո նոր տվեց պապիին։ Ադրբեջանցի էր սկզբից խոսում՝ ռուսերենով, ադրբեջաներենով և հայերենով։ Ռուսերենով հարցրել է՝ Մադաթ Բաբայանի ընտանիքին եմ զանգահարել, մաման ասաց հա ու պապին սկսեց խոսել»,-ասաց Ալեն Բաբայանը։
Մադաթ Բաբայանն Արցախի Գետավան գյուղից է։ Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա գյուղը դատարկվել է։ Արդեն երեկոյան 8-ին գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Մադաթ Բաբայանի ընտանիքը մյուսների նման ստիպված է եղել բռնի տեղահանվել գյուղից, այդ ընտթացքում Մադաթը որոշել է պտտվել գյուղում, տեսնել ինչ է կատարվում, գնացել և չի վերադարձել։
«Հենց պատերազմը սկսվել է մերոնք հավաքվել են իրար գլուխ, սպասել են տեսնեն, թե ամբողջ ժողովուրդն ինչ է անելու։ Հետո որոշվել է, որ բնակիչներին պետք է տանից դուրս հանեն, պապին ասել է՝ գնամ տեսնեմ գյուղի մեջ ինչ կա, ինչ նորություն կա, գամ։ Գնացել ու չի եկել, իսկ կրակոցները գնալով ավելի են ուժեղացել, մարդիկ դուրս են եկել, պապիկս մնացել է։ Ինձ թվում է՝ մտել են գյուղ, իրեն վերցրել են։ Պաիկս առողջական խնդիրներ ունի, երևի ադրբեջանցիներին տեսել է, մտածել է ռուսներն են, մոտեցել է, բռնել են։ Չգիտեմ, ինքը հիվանդ էր, իր ցավերը հաճախակի էր բռնում, երևի մի տեղ կուճ է եկել, եկել բռնել են։ Ամեն բան էլ կարող է պատահած լինի։ Գյուղից, որ դուրս ենք եկել, որևէ տեղեկություն չենք ունեցել՝ մինչև հոկտեմբերի 9-ը։ Քեռիս արյուն էր տալիս, որ համընկնում լինի զոհերի հետ, բայց չէինք գտնում։ Մտածում էինք, որ կարող է գերության մեջ լինի, բայց հետո էլ ասում էինք՝ ամբողջ կյանքը հովիվ է եղել, սար ու քարը գիտի, չէր կարող գերության մեջ հայտնվել, սպասում էինք, որ մի տեղից դուրս է գալու»,-ասաց Ալենը։
Մադաթ Բաբայանին Ադրբեջանը մեղադրում է 1992 թվականին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար։ Գերեվարելուց հետո Ադրբեջանի անվտանգային ծառայությունը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ տարեց ու անպաշտպան արցախցին ձեռնաշղթաներով է, շրջապատված դիմակավորված ադրբեջանցիներով։ Քարոզչական բնույթի տեսանյութում Բաբայանն, ըստ Բաքվի, «ցույց է տալիս այն տարածքները, որտեղ իրականացրել է ցեղասպանությունը»։ Ընտանիքը սա կեղծ մեղադրանք է համարում։
«Պապիկիս մեղադրում են 92 թվականին Խոջալու ցեղասպանություն կատարելու համար, իբր թե այդ ցածրահասակ մարդը 150 մարդ է սպանել ու բոլորին թաղել է, բայց այդ մարդը զենք բառը չի իմացել ինչ է, հիվանդ մարդ է եղել։ Նրա հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եղել»,-ասաց Ալեն Բաբայանը։
Forrights.am -ը զրուցել է նաև Բաբայանի կնոջ հետ, որը կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։