51-ամյա Սարգիս Հայրապետյանը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի փոխտնօրենն էր, իսկ այժմ Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բանվոր է աշխատում։ Ծնվել և ապրել է Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ ինժեներ- կոնստրուկտոր Սարգիսն Արցախում աշխատել է տարբեր բնագավառներում, ընտանիք կազմել և ունեցել երեք որդի։ 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի փոխտնօրենն էր։ Նրա ավագ տղաները զինծառայողներ էին՝ մեկը Ջրականի, մյուսն էլ «Եղնիկներ»-ի զորամասերում էին։ Փոքր որդին դպրոցական էր։

«44-օրյա պատերազմի ժամանակ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մենք թիկունքային աշխատանքներ էինք կատարում։ Ընդգրկվել էինք նաև  օգնություն բերող ավտոմեքենաների բեռնաթափմանը, պահեստավորելով և ուղարկելով համապատասխան զորամասեր։ Իսկ Մշակույթի կենտրոնը բազա էր Հայաստանից եկած կամավորներների համար, որոնք գիշերում էին և հետո տեղափոխվում ըստ իրենց նշանակության վայրի։ Մեր աշխատակիցներով ևս միացել ենք ինքնապաշտպանական մարտերին։ Մեկ ամիս «Եղնիկներ»-ի զորամասում ծառայող որդուցս լուր չունեինք։ Հնարավոր չէր կապ հաստատել տվյալ դիրքի հետ, բայց փառք Աստծո, երկու որդիներս ողջ և առողջ վերադարձան պատերազմից»,-նշեց Սարգիս Հայրապետյանը։

2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մեր զրուցակիցն իր ընտանիքով շարունակեց ապրել Ստեփանակերտում։ «Եղնիկներ»-ի զորամասում ծառայող որդին զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Արցախի հրջեջ-փրկարարական ծառայությունում որպես փրկարար և մինչև 2023թ. սեպտեմբերի վերջն աջակցում էր բնակիչների տարհանման աշխատանքներին։

«Ոչ ոք չէր պատկերացնում, որ կրկին կվերսկսվի պատերազմը և այսպիսի ելքով կավարտվի։ Շրջափակման ժամանակ դիմանում էինք, բայց հատկապես դժվար էր փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Ու շրջափակման ամենածանր փուլում սկսվեց պատերազմը։ Մեր բնակարանը քաղաքի սկզբնամասի շենքերում էր՝ «Ցորի» զորամասի մոտ։ Այդ ժամանակ ես արձակուրդում էի՝ տանը, հանկարծ սկսվեցին արկակոծությունները։ Փոքր որդիս դպրոցում էր։ Մեր շենքում նկուղ չկար և կնոջս ուղարկեցի մեր թաղամասում գտնվող Աստվածամոր Հովանու եկեղեցու ներքնահարկը, որը պատերազմական իրավիճակներում ծառայում էր որպես ապաստարան։ Որդուս դպրոցը մեր թաղամասին մոտ էր և նա շուտափույթ արկակոծությունների տակ մի կերպ միացել է մեզ։ Արցախն ամբողջովին հոսանքազրկվել էր ու հետո նաև խափանվեց ջրամատակարարումը։ Մյուս որդիներիս հետ ի վերջո հաջողվել է կապ հաստատել և մեկօրյա պատերազմի հետևանքով պայմանավորված իրավիճակով սկսվեց  քաղաքացիների մասսայական բռնի տեղահանումը։ Մենք չորրորդ հարկում էինք բնակվում և այլևս հնարավոր չէր մնայը ու ականատեսն էինք տեղահանության դաժան պատկերին։ Մեքենաների հերթը մեր շենքի մոտ էր»,-վերհիշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իրենց շենքում բնակիչների թիվն աստիճանաբար նվազում էր։ Իսկ վառելիք նրանք կարողացել են հայթայթել միայն սեպտեմբերի 27-ին և նույն օրը որոշել տեղահանվել իրենց  «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով։

«Մի փոքր բեռնախցիկում ի՞նչ պիտի տեղավորվեր։ Այն՝ ինչն այնքան էլ էական չէր՝ բացառությամբ փաստաթղթերի և որոշ լուսանկարների։ Գորիս հասել ենք 26 ժամում և այնտեղ մնացել 3 օր։ Ճանապարհին վատթարացել էր ծնողներիս առողջական վիճակը։ 81 տարեկան հորս անմիջապես տեղափոխեցինք հիվանդանոց։ Մեկ օր համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո հորս շուտափույթ դուրս են գրել, քանի որ հիվանդանոցում արդեն տեղ չկար՝ պայմանավորված տեղահանման ճանապարհին վատթարացած արցախցի, հատկապես մեծահասակ մարդկանց մեծ թվով։ Ծնողներս չէին հասկանում, թե ինչու պիտի լքեն իրենց հայրենիքը, շատ ծանր էին տանում այդ իրողությունը»,-վրդովված ներկայացրեց Սարգիսը։

Այժմ նրա ծնողները Բագրատաշենում բարեկամի տան են մնում։ Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն ու չեն կարողանում համակերպվել ներկա իրականության հետ։ Արցախում ապրում էին ամեն հարմարություններով ու մինչ տեղահանումը նրանք առողջական խնդիրներ չունեին, իսկ այժմ հաճախակի հիվանդանում են և բուժվում հիվանդանոցում։

Սարգիսն իր ընտանիքով տեղափոխվել է Երևան և վարձով մի քանի բնակարան փոխել։ Անցած տարվա դեկտեմբերից նա աշխատանքի է անցել Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Նա գոհ է աշխատավայրի մթնոլորտից, տնօրենության վերաբերմունքից, սակայն եթե ՀՀ կառավառության կողմից իրականացվող բնակվարձի աջակցության ծրագիրը դադարեցվի, բանվորի 100 հազար աշխատավարձով նրանք չեն կարողանալու գոյատևել։ Նախկին փոխտնօրենն այժմ ստիպված բանվոր է աշխատում ու դեռևս հեռանկար չունի ապագայի հանդեպ։

«Մեզ հատկացվող  50-հազարական դրամներով վճարում ենք բնակվարձը՝ 250 հազար դրամ ու դեռ 50-ն էլ ավելացնում ենք կոմունալները վճարելու համար։ Կինս չի աշխատում, ես ու մեկ որդիս ենք աշխատում ու մի կերպ ծերը ծերին հասցնում ենք։ Իսկ առաջարկվող բնակապահովման ծրագրով նույնպես հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։ Եթե բնակվարձի ծրագիրը դադարեցվի, մենք արդեն ստիպված պետք է արտագաղթենք։ Որոշել են ծրագիրը շարունակել մինչև ապրիլ, սակայն հետո ի՞նչ պիտի անենք…մեզ համար ոչ մի ձև հնարավոր չի լինելու այստեղ ապրել։ Ձմեռն անցնի՝ կտեսնենք։ Ոչ բիզնես ունենք, ոչ բարձր աշխատավարձով աշխատանք ու չենք կարողանալու այստեղ մնալ»,-հավելեց Սարգիսը։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest