«Ֆեյսբուքը բացեցի առաջինը եկավ էրեխուս նկարը, որտեղ գրված էր՝ այսօր Մեղրիի զորամասում մահացած զինծառայողը Աղասի Սերոժի Դալլաքյանն է․․․»,-այսպես է Գոհար Հայրապետյանը տեղեկացել զինվոր որդու մահվան մասին։
Հոկտեմբերի 13-ին ՊՆ-ն հայտնեց բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զոհի մասին։ Գերատեսչությունը փոխանցել էր, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 09:30-ի սահմաններում։ Զինվորի մայրը Forrights.am-ի հետ զրույցում սա կեղծիք է որակում՝ նշելով, որ որդու հետ խոսել է 09:30-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Ես շաբաթ առավոտյան տեսազանգով իմ տղայի հետ խոսել եմ, նրա մոտ ոչ մի արտառոց բան չեմ նկատել, նա երբևէ իր ծառայությունից չի բողոքել. ո՛չ ծառայակիցներից, ո՛չ սպայական կազմից չի բողոքել։
Առաջին սխալ փաստը դա է։ ՊՆ-ն հայտարարեց, որ 09:30-ի սահմաններում գտել են Աղասի Դալլաքյանի դին, իմ երեխան կորա՞ծ էր, որ գտել եք։ Իմ հեռախոսի մեջ պահպանված է, թե ես իմ երեխայի հետ երբ եմ խոսել ու քանի րոպե։ Իմ տղայի հետ խոսել եմ 9:48 րոպեից՝ հինգ րոպե 33 վայրկյան։ Առաջին սուտ լուրը սա է։ Հետո ասացին, որ պարսկական ժամի հետ են խառնել։ Ես չեմ հասկանում ՀՀ ՊՆ-ն Պարսկաստանի ժամանակով է առաջնորդվո՞ւմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Աղասի Դալլաքյանի մայրը՝ շեշտելով, որ որդու մոտ անհանգստություն և հեռախոսազանգը շուտ անջատելու տրամադրություն չկար, հակառակ դեպքում երկար չէր խոսի։
Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, ծառայում էր Սյունիքի մարզում՝ Ագարակի հատվածում։
ՀՀ Քննչական կոմիտեն ժամկետային զինծառայողի հետ տեղի ունեցածը որակել է «ինքնասպանություն»՝ նկարագրելով հետևյալ իրավիճակը։ «Նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Վերջիններս ձերբակալվել են»,-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Դալլաքյանները չեն հավատում ինքնասպանության վարկածին, մայրը Faorrights.am-ի հետ զրույցում նշեց․ «Ո՛չ, ես այդ վարկածին չեմ հավատում։ Իմ տղան թուլամորտ չի եղել, ոչ մեկին չի նեղացրել, ոչ էլ թույլ է տվել, որ իրեն նեղացնեն։ Նա իր վրա երբեք ձեռք չէր բարձրացնի։ Եթե նա ինքնասպանություն գործելու լիներ մոր զանգին կպատասխանե՞ր, հանգիստ կխոսե՞ր։ Ես զանգել եմ 9:48 րոպեին, հարցրեցի՝ ինչո՞ւ առավոտ չզանգեցիր, պատասխանեց՝ ամբողջ գիշեր պոստի էի, քնած էի։ Այսինքն իմ երեխան ամբողջ գիշեր պոստի է եղել, իսկ երբ հարցրեցի, թե ինչու երեկոյան չի զանգել հանգիստ տոնով ասաց՝ երեկ երեկոյան վերևի դիքի տղաները հյուր էին եկել, նստած զրուցում էինք։ Գիտե՞ք, որ զինված տղաներին միայնակ հանում են դիրքեր, վերադաս չկա, ոչ մի վերահսկողություն չկա, ի՞նչ է նշանակում մյուս դիրքից 1,5 կմ կտրեն գան հյուր։ Այդ խոսակցության մասին ոչ մի բան չպատմեց»,-Forrights.am-ի հետ զրույցում մայրը նշեց, որ հոկտեմբերի 13-ին, երբ որդու հետ խոսելիս է եղել տեղեկացել է, որ տղայի դիրքեր այլ զինծառայողներ են եկել։
«Խոսակցության ընթացքում ասաց, որ մեքենա է գալիս։ Ասաց՝ մա անջատի, երեևի սպա է գալիս։ Ես չանջատեցի զանգը ու լսեցի ձայն տվեց դիրքի ավագին՝ Մանուկ Տոնոյանին, ասաց՝ էս ինչ ավտո եկավ ու հեռախոսն անջատեց»,-ասաց մայրը նշելով, որ կարճ ժամանակ անց զանգահարել է որդուն, բայց նա չի պատասխանել։
«Մենք գիտենք, որ ձերբակալված են սպան ու այն զինծառայողը, որ իրենց դիրքը թողել ու եկել են հյուր, ձերբակալված է նաև իր դիրքի ավագ Մանուկ Տոնոյանը և Արշակ Միրզախանյանը, նրանք իմ տղայի հետ հերթապահության են եղել։ Մյուս դիրքից եկածներից մեկի անունը Արամայիս է եղել, որի մականունը Թանգես է եղել, այսպես ասած, «չաստ նայող տղեն» ու լեյտենատը՝ Ռուբեն Սաֆարյանը։ Բոլորը ենթարկվել են Թանգեսին, ինքը չաստի յախշին է եղել, ինչն է եղել, իմ տղան նրան չի ենթարկվել։ Խնդիրը դա է եղել իմ տղայի ու իր միջև։ Աղասին մեզ ոչինչ չի ասել, իր ծառայակից ընկերներից պատմել են, որ ուզեցել են Աղասիի դուխը կոտրել։ Դիրքերում հարմար պահ է եղել, իմ էրեխու կողքին սպա չի եղել։ Իրենք դեռ օգոստոսից խնդիրներ են ունեցել, որ Աղասին պետք է ենթարկվի Թանգեսին, ինչպես բոլորը։ Նա էլ որոշել է մինչև իր զորացրվելը պետք է Աղասիի դուխը կոտրի։ Ես վստահ եմ՝ իմ տղային խփել են, իրենց ձեռքի գործն է։ Եթե զորամասը չունի հրամանատար մենք մեր երեխաներին ո՞ւմ ենք վստահում, որ ուղարկում ենք։ Եթե բանակում պետք է գործի փողոցային վարքերն ու բարքերը հրամանատարի դերը ո՞րն է, որ ինքը տեղյակ չէ, թե իր զորամասում ինչ է կատարվում։ Ո՞վ է պատասխանատուն իմ երեխայի համար, իրենք էին կյանք տվել իմ երեխային, որ խլեցին։ Ինքնասպանության վարկածը ձեռնտու տարբերակ է իրանց համար, որ գործը փակեն, երևի հա»,-ասաց մայրը՝ շեշտելով այն հանգամանքը, որ զինծառայողները դիրքերում միայնակ են եղել՝ առանց հրամանատարի հսկողության։
Գոհար Հայրապետյանը նշում է՝ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են։ Իսկ այլ դժբախտության մասին Պաշտխանության նախարարությունը հայտնել է անփույթ ձևով։ Դեպքից երկու ժամ անց Դալլաքյանների ընտանիք են այցելել համայնքապետարանի և զինկոմի ներկայացուցիչները։ Գոհար Հայրապետյանը նշում է, որ մինչ իրենց տուն գալը զինկոմի աշխատակիցները եղել են հարազատների տանը և առաջարկել, որ իրենք Աղասիի մահվան լուրը հայտնեն ընտանիքին։ «Մեր բարեկամներն ասել էին՝ սև լուրը դուք եք բերել, բայց ուզում եք մենք հայտնենք, մենք ոնց գնանք այդ մարդկանց նման բան ասենք։ Եկան մեր տուն, ասացին՝ վիրավոր է, զենքը մաքրելուց կրակել է ուսին, վիրավոր է։ Ես չհավատացի, ասացի՝ դիրքերում է, ոնց կարող է զենք մաքրել։ ․․․ Այդ ընթացքում տան ինտերնետն անջատել էին, հեռախոսը ձեռքիցս վերցրել էին, բայց մի պահ տեսա սեղանին դրված է, վերցրեցի ու մտա համացանց։ Ֆեյսբուքը բացեցի առաջինը եկավ էրեխուս նկարը, որտեղ գրված էր՝ այսօր Մեղրիի զորամասում մահացած զինծառայողը Աղասի Սերոժի Դալլաքյանն է․․․ մենք այդպես իմացանք»,-ասաց նա։
Աղասի Դալլաքյանը կրում էր պապիկի անունը։ Ավագ Աղասի Դալաքյանը Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝ պայքարելու են արդարության վերականգման համար։
«Մենք մեր երեխային հետ չենք բերելու, ով թոռան հետ տեղի ունեցածի հետ կապ ունի պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ ու իրենց ծնողների աչքի առաջ, որ օրինակ ծառայի մյուսներին։ Վերջը սա ի՞նչ է, ծառայություն է, բա՞նտ է, 18 տարի պահենք, մեծացնենք, տանք իրենց, հեռու իրանից, բերեն լորդեն ու գնան։ Սա եղա՞վ պետություն, եղա՞վ ՊՆ, ի՞նչ են մտածում, ի՞նչ է կատարվում բանակում։ Սա ո՞ր երրորդ դեպքն է։ Այպիսի պատիժ պետք է տան այդ տղաներին, որ մնացած զինվորների համար օրինակ լինի։ Ո՞վ է տեսել սպան բանակում գողական գնա, զինվորի ճակատագրի հետ խաղաղ։ Թուրքի գյուլեն կպներ այսքան ցավ չէի զգա, որքան որ հայն է արել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: