«Խաղաղ ժամանակ եղել եմ արհեստավոր, երբ պատերազմ է եղե, եղել եմ հրետանավոր»,- կարճ իր կյանքի մասին այսպես է պատմում 45- ամյա արցախցի Հակոբ Գրիգորյանը։

Երեք երեխաների հայր Գրիգորյանը 2020-ի պատերազմի ժամանակ  ոտքերի շրջանում վիրավորում է ստացել, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է առաջնագիծ։ Իսկ 2023-ի սեպտեմբերին գնացել է նորակոչիկ որդի կողքին լինելու, նաեւ ծառայող տղաներին հաց է հասցրել։

«Բլոկադայի ժամանակ տղաս զորակոչվեց, երկու անգամ ոտքով գնացինք տեսանք։ Այլ ձեւ գնալու տարբերակ չկար։ Մտածում էինք՝ տղա է, թող գնա ծառայի։ Երբ պատերազմը սկսվեց, աղջիկները դպրոցում էին, գնացի բերեցի ռմբակոծությունների տակ ու էլ մտածելու բան չկար՝ նստեցի մեքենան, որ գնամ տղայիս գտնեմ»,- պատմում է Գրիգորյանը։

ՀԻշելով ճանապարհին իր տեսածը նա ասում է՝ եղել է հրետակոծություն՝ իր բոլոր հետեւանքներով.«Դեպի Գանձասար գնացող ճամփեն հրթիռակոծել էին, դեռ փոշին էր բարձրանում, ճամփին էլ դիակ, էլ վիրավոր… հասկացանք, որ շարունակելը վտանգավոր է, վիրավորրին հասցրինք գյուղի բուժկետ…Աստծուն խնդրել եմ, որ մեր արածը տեղ հասնի, վիրավորը ողջ մնա… հետ գնացինք, հարցուփորձ անելով իմացանք, որ տղաներին գյուղից հանել են, շրջանաձեւ պաշտպանության են անցել, հերթապահություն են անում։ Հրամանատարությանը տեսա։ Նրանցից անչափ գոհ եմ, քանի որ ճիշտ ու գրագետ մոտեցում են ունեցել։ Նորակոչիկներին՝ մալադոյներին առանձնացրել են, պահել են ամենավերջին ռեզերվի համար, քանի որ նրանք իրանց գործին դեռ լավ չէին տիրապետում»։

Հակոբը հիշում է, որ այդ պահին իրեն զգացել է երկու քարի արանքում, քանի որ մի կողմից ցանկանում էր որդու կողքին լինել, բայց մյուս կողմից էլ ընտանիքը ռմբակոծվող Ստեփանակերտում էր։ «Ի վերջո որոշեցի վերադառնալ Ստեփանակերտ։ Չցանկացա տղայիս հետս վերցնել, հանել ծառայությունից։ Ո՞նց կլինի, եթե ինքը կարող է մնալ ու ինչ-որ մեկի կյանքը փրկել։ Եթե որդուս վերցնեի, հետս բերեի Ստեփանակերտ, ինձ բան չէին ասի, բայց ինքս որոշեցի, որ նա պետք է մնա ծառայության մեջ… Երկու օր անց լուր տարածցվեց, որ այն տեղանքը, որտեղ որդիս էր, թուրքերը վերցրել են։ Ո՞նց են վերցրել, անցած գիշերն այնտեղ էի։ Սկսեցի մտածել, թե այդ դեպքում ինչ է եղել տղաների հետ, որդուս հետ։ Ոչ մի ինֆորմացիա հնարավոր չէր գտնել։ Մի զինվորի հոր պատահաբար հանդիպեցի, ասաց, որ որդին կարողացել է զանգել, որ տղաները նահանջել են, Սեյրիշեն գյուղում են։

Մեր տանը, հարեւանների տանը ինչքան սնունդ կար, հավաքեցի ու գնացի տղաների մոտ։ Հասա, մեքենաները ծառերի տակ պահած, տղաներ ամբողջությամբ ցեխի մեջ… Որդուս որ տեսա, շատ հուզվեցի»։

Վստահանալով որ որդին լավ է, Գրիգորյանը կրկին վերադարձել է Ստեփանակերտ, իսկ երկու օր անց զինվորները զորացրվել են եւ որդին վերադարձել է ընտանիքի մոտ։

Ստեփանակերտը լքելիս Հակոբը որոշել է իր հետ վերցնել իր մեդալներն ու անձը հաստատող փաստաթղթերը։ Դրանք պահել է մի մեքենայի մեջ, որը ինքն է վարել, իսկ կնոջն ու երեխաներին ուղեկցել է այլ մեքենա. «Մտածեցի, որ եթե մեդալներն ու իմ իրերը գտնեն, ինձ բռնեն, մերոնք այդ մեքենայի մեջ չլինեն»։

Բարեբախտաբար Հակոբի մեքենան առանց խոչընդոտ անցել է Հակարի կամուրջն, ու Գորիսում ընտանիքը վերամիավորվել է։

Ընտանիքն այժմ ապրում է Կոտայքի Արամուս համայնքում։ Հակոբը զբաղվում է արհեստավորի իր գործով, ասում է՝ չգիտի, թե ինչ է իրենց սպասում, սակայն այս պահին ամենակարեւորն այն է, որ ընտանիքը ապահով է, իսկ որդին արդեն կամաց-կամաց հաղթահարում է պատերազմում իր ապրածի ու անցածի ծանր հեգաբանական հետեւանքները։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest