Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք ստացած Անդրանիկ Գաբրիելյանը ծննդով Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից է։ Պարտադիր   զինվորական ծառայությունից հետո նա աշխատանքի էր անցել Արցախի ԱԱԾ-ում ու հինգ տարի ծառայությունից հետո տեղափոխվել Հայկազովի, հետո Այգեստանի զորամասերի հետախուզական ջոկատներ։ Անդրանիկը որպես հատուկ ջոկատային մասնակցել է 2016թ. քառօրյա պատերազմին, իսկ 2020թ. մարտից մինչև 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը պայմանագրային զինծառայող էր Արցախի ՊԲ-ի Հայկազովի զորամասում։

«2023թ. սեպտեմբերի 19-ին Հայկազովի զորամասի դիրքում էի։ Պատերազմը կանխատեսելի էր ու մենք պատրաստ էինք, պարզապես հստակ չգիտեինք, թե եր՞բ կսկսվի։ Անգամ պատերազմից կես ժամ առաջ կինս զանգել էր ինձ և տեղեկացրել, որ քաղաքում պատերազմի վերսկսման լուրեր են պտտվում։ Ես էլ նրան հավաստիացրել եմ, որ այդպիսի տեղեկություն չկա։ Սեպտեմբերի 8-ից դիրքում էի։ Երեք օրից պիտի իջնեի դիրքից,  սակայն սեպտեմբերի 19-ի կեսօրին՝ միանգամից, բոլոր դիրքերի ուղղություններով սկսվեցին արկակոծությունները։ Հասցրել եմ մենակ ավտոմատս վերցնել և բլինդաժից դուրս գալ, երբ 15մ հեռավորությամբ արկը պայթեց ու միանգամից վիրավորվեցինք 4 զինծառայող ու, ցավոք, 1 հոգի էլ զոհվեց։ Մեզ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դիրք հասած շտապօգնության մեքենան նույնպես արկակոծվեց։ Մեքենայի անիվները շարքից հանվեցին, ապակիները փշրվեցին. ես ու մի վիրավոր տղա մոտեցանք, որ մեքենայի դուռը բացենք և ուժեղ ձգելուց այն պոկվեց։ Հետո մի կերպ տեղավորվել ենք ու անսարք մեքենայով՝ արկակոծությունների տակ, փորձել դուրս գալ այդ տեղանքից։ Ճանապարհի կեսին անիվները սկսեցին վառվել, մարդիկ  օգնության հասան և մեզ մեքենայից իջեցրել ու հանգցրել են կրակը»,- պատմեց Անդրանիկը։

34-ամյա վիրավոր զինվորականի խոսքով՝ շտապօգնության ավտոմեքենայի բժիշկը օգնություն էր խնդրել ՌԴ խաղաղապահն

երից, սակայն նրանք մերժել են վիրավորներին տեղափոխելու մեքենա  հատկացնելու խնդրանքը։ Ընդ որում՝ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր էր, անգամ չէր կարողանում խոսել, իսկ Անդրանիկը ձախ ձեռքի ու ոտքի բեկորային վնասվածք էր ստացել։  Վիրավոր զինծառայողները ստիպված մնացին ասֆալտին, մինչև որ մեկ այլ զորամասի շտապօգնության մեքենա հասավ և իրենց տեղափոխեցին Իվանյանի հոսպիտալ։ Մեր զրուցակիցն այդ ընթացքում կապի բացակայության պատճառով հնարավորություն չուներ իր վիճակի մասին տեղեկացնել ընտանիքին։ Երեք օր հոսպիտալում բուժվելուց հետո նա որոշեց մի վիրավորի մոտ տեսակցության եկած մարդու մեքենայով, իր ասելով՝ փախչել հոսպիտալից։

«Կապի ու վառելիքի բացակայության և անորոշ իրավիճակում ընտանիքից անտեղյակ լինելու պատճառով գիշերը փախա հոսպիտալից։ Հոսպիտալում վիրավորի տեսակցության եկած մի տղայի խնդրեցի ու պնդեցի, որ ինձ Ստեփանակերտ տանի։ Վերջապես միանալով ընտանիքիս՝ հասկացա, որ շուտով պիտի տեղահանվենք։ Մի ոտքով մի կերպ վառելիք գտա, որ տարհանեմ իմ ու միջնեկ եղբորս ընտանիքը։ Քանի որ փոքր եղբայրս նույնպես վիրավորվել ու մի ոտքը կտրվել էր ու միջնեկ եղբայրս մնացել էր, որ ուղղաթիռով նրան ուղարկի Հայաստան։ Առողջական վիճակս էլ էր վատթար, սակայն այլընտրանք չկար ու մի կերպ նստեցի ավտոմեքենան և սկսեցի վարել։ Ճանապարհը տանջալից էր, անչափահաս երեք երեխաների ներկայությամբ մի կերպ ինձ զսպում էի, որ ցավից ձայն չհանեմ։ Մեծ Շեն չհասած ոտքս սկսեց արյունահոսել։ Չգիտեմ որտեղից, կինս գտավ մի բուժքրոջ և նա վերքս մշակեց, փաթաթեց ու մի կերպ դիմանալով կարողացա զոռով հասնել Գորիսի հիվանդանոց»,- իր ընտանիքի տեղահանման դաժան ու ծանր օրերը նկարագրեց վիրավոր զինծառայողը։

Մեկ օր Գորիսում մնալուց հետո նրանք ճանապարհվել են դեպի Չարենցավան ու մինչև հիմա վարձով ապրում են այդ քաղաքում։  Իհարկե, նման ելք անկանխատեսելի էր մեր զրուցակցի համար։

«Մեկը՝ ես, ծնվել ու մեծացել եմ Արցախում։ Ամեն ինչով կապված Արցախին ու ո՞նց կարող եմ թողնել ու դուրս գալ։ Մտածում էի, որ ավելի լավ է մեռնեմ ստեղ, քան թողնեմ ու հեռանամ։ Բայց դե՝ թողեցինք։ Ու մնալու համար մեզնից կախված ամեն ինչ արել ենք։ Մինչև վերջին պահը ժողովուրդն ուզում էր պահել իր հողը։ Արցախցին արեց հնարավորն ու անհնարինը իր հողում մնալու համար։ Նույնիսկ շրջափակման ծանր փուլերին, երբ դիրքում 7 հոգուս՝ 3 օրվա համար 4 հաց էին տալիս,  մենք չէին նեղվում՝ «վսյո ռավնո» էր։ Անտառի հատապտուղնեով «յոլա» էինք գնում, իսկ ծխախոտի տեղ զինվորականները մոշի տերև էին ծխում ու մինչև վերջ՝ առանց բողոքելու կանգնել դիրքում։ Ո՞վ կպատկերացներ, որ մեր այսքան արածը զրոյի կհավասարեցնեն»,-վրդովված ներկայացրեց զինվորականը։

Անդրանիկը տարակուսում է շրջանառվող այն արտահայտություններից, որ իբր արցախցին չի կռվել։ Նրա խոսքով՝ նորմալ, հասկացող մարդը չի կարող նման բան ասել ու, ի վերջո, Արցախում նաև հայաստանցիներ էլ են եղել և իրենք ականատես էին իրականությանը։

«Եթե արցախցին չի կռվել, ապա թշնամու շուրջ երկու հազար զոհը որտեղի՞ց է։ Թող մեկը գա ու ինձ ասի, որ արցախցին չի կռվել ու ես կբացատրեմ, որ արցախցին մինչև վերջին վայրկյանը կռվել է։ Ու արցախցին ունի հետվերադարձի իրավունք, որովհետև մենք հինգ տարի առաջ չենք բնակություն հաստատել Արցախում և դա մեր հողն է ու մենք սերունդներով այդտեղ ենք ապրել։ Հետվերադարձի  մեր հույսը չի մարում։ Նույնիսկ պատերազմ էլ լինի՝ ես պատրաստ եմ մասնակցել և ազատագրել մեր հայրենիքը։ Լավ է ես հասնեմ իմ տուն՝ Արցախ ու զոհվեմ, քան այստեղ առողջ ապրեմ։ Կարևոր է, որ ինձինց հետո իմ տանն ապրի իմ երեխան՝ գիտակցելով, որ ինքը ապրում է իր հայրերի բնօրրանում»,-հավելեց Անդրանիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Զառա Մայիլյան

Pin It on Pinterest