Պաշտպանության նախարարության կազմակերպած 25-օրյա վարժական հավաքներին մասնակցած Էդուարդ Հայրումյանը Forrights.am-ին մանրամսներ է ներկայացրել իրականացվող գործընթացից։ Նրա դիտարկմամբ՝ վարժական հավաքները կազմակերպվում են, ոչ թե քաղաքացիների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, այլ առկա մարդկային ռեսուրսների բացը լրացնելու նպատակով։
«25-օրյա հավանքերին սպաներն ասում էին՝ տղեք, եկել եք, որ գնաք վերև, դիրքեր։ Մեզ հավաքներին տանելու նպատակն այն էր, որ մեզ տանեին դիրքեր։ Առաջին օրը պայմանագիր են տալիս ստորագրելու, որ համաձայն ես բարձրանալ դիրքեր։ Վարժական հավաքը չի ենթադրում, որ քեզ տանելու են դիրքեր, հավելյալ պայմանագով են տանում դիրքեր։ Զորամասի հրամանատարի անունով պայմանագիր են տալիս ստորագրում ես, որ համաձայն ես բարձրանալ դիրքեր։ 25 օրերի ընթացքում որևէ դաս չենք արել, բացի կրակայինը։ Առաջին օգնության հետ կապված ասում էին՝ դե տղեք կիմանաք էլի․․․ուսումնական որևէ գործընթաց չի եղել։
Պետությունը այս հավաքներով անձնակազմի բացն է լրացնում, իմ տեսածով այդպես էր։ Ես գնացել եմ հավաքների, բայց որևէ հավելյալ գիտելիք ձեռք չեմ բերել, կրակայինս եմ մի քիչ բարելավել։ Հավաքների ընթացքում պետք է կամ մարդկանց գիտելիքները բարելավես, կրթես, կամ ասես՝ տղեք, պետք եք դիրքերում, արեք, որ բարձրանաք դիրքեր։ Մեզանից հետո 250 հոգի պետք է գար, իրենց արդեն ասել էին, որ պետք է բարձրանան դիրքեր»,-Forrights.am-ին ասաց Էդուարդ Հայրումյանը։
Հիշեցնենք՝ Forrights.am-ը Էդուարդ Հայրումյանի՝ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր ստանալուն, անդրադարձել էր նաև ամռան ամիսներին, երբ նա լինելով Արցախի քաղաքացի դիմել էր ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար։ Նրան զինկոմում առաջարկել էին անձնագրի համար անհրաժեշտ փաստաթղթերը տալ վարժական հավաքներին մասնակցության ծանուցագիրը ստորագրելուց հետո միայն։ Էդուարդ Հայրումյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հավաքների ժամանակ պարզել է, որ իր նման ևս մի քանի արցախցիների են նման պայմանով հավաքներին ընդգրկել։
«Բոլոր արցախցիների հետ էր նույնը տեղի ունենում, մեր խմբում չորս արցախցի կար, նրանց էլ էին վարժական հավաքների ծանուցագիր տվել։ Ասել էին՝ մինչև չմասնակցես 25-օրյա վարժական հավաքներին, քեզ հաշվառման չենք առնի, քեզ անձնագիր չենք տա։ Կար Հայկ անունով տղա ում նպատակը հայոց բանակում ծառայելն էր։ Նա Արցախում էլ է ծառայել, այստեղ էլ էր ուզում ծառայեր, ուրախացել էր, որ դիրքեր է բարձրանալու։ Գնացել էր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու, ծառայության անցնելու համար, զինկոմում էլի նույնն էին ասել։ Նա ասել էր՝ ես գնալու եմ ծառայելու էլ ինչո՞ւ եք հավաքներին ուղարկում, մի անգամից թուղթ տվեք, որ հաշվառման եք վերցրել, գնամ ծառայեմ։ Իրեն ևս ասել էին՝ չէ, մի հատ գնա հավաքներին, հետո նոր կգնաս ծառայության»,-պատմեց Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, որ զինկոմները փորձում էին տարբեր մեթոդներով մարդկանց հավաքագրել, որ տանեն հավաքների։
«Ես կարծում եմ, որ զինկոմները մարդկանց հավաքելու խնդիր ունեն, սա շանս է, որը օգտագործում են մարդկանց հավաքելու։ Մեր խմբում 90 հոգի էինք․ ոմանք անձնագրի խնդրով էին զինկոմ գնացել, մեկը մեկ այլ հարցով, ասել են ստորագրի ծանուցագիրը, որ քո հարցը լուծենք։ Եղել է մարդ, որ անցած տարի եռամսյա հավաքներին է մասնակցել, իսկ այս տարի ուղարկել էին 25-օրյա հավաքերին»։
Վարժական հավաքներին նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ են ընդգրկվել։ Էդուարդ Հայրումյանը մի դեպք ներկայացրեց, որն իր աչքի առաջ էր տեղի ունեցել։
«Մարդ էլ կար, որ 30 տարի չէր մասնակցել հավաքներին, առաջին անգամ էր գալիս։ 51 տարեկան քաղաքացի կար, որն ուներ ճնշման խնդիր և այլ հիվանդություններ կողմնակի։ Երկրորդ օրը նրա ճնշումը բարձրացավ 210, ես այնտեղ էի, սպան ինձ խնդրեց տանել բուժկետ։ Բուժքույրն ասաց՝ ես այսքան տարի է այստեղ աշխատում եմ, բայց 210 ճնշումով մարդ չէի տեսել։ Այդ մարդն ամբողջ կամիսիայի ընթացքում ասել է, որ ճնշում ունի, բայց իրեն ուղարկում էին 2320 մետր բարձրության վրա՝ Իշխանասար։ Բժիշկն ասաց, եթե այս մարդուն հանեք վերև, չեք կարող իջեցնել։ Երեք հոգի կային, որ երևացող առողջական խնդիրներ ունեին, տարիքով մարդիկ էին, ճնշման խնդիր ունեին։ Հրամանատարական կազմն էլ գոհ չէր զինկոմի ուղարկած մարդկանցից, առողջ մարդիկ էին ուզում, որ տանեին դիրքեր»։
Վարժական հավաքների մասնակիցը բարձրաձայնում է նաև սոցիալական արդարության բացերի մասին։ Նշեց, որ ոչ բոլոր խավերն են ընդգրկվում վարժական հավաքներին։
«Մարդիկ արդարացի հարց էին բարձրացնում՝ ինչպես է լինում, որ ես արդեն մի քանի անգամ եմ գալիս, իսկ մեր շենքում կան ինձ տարեկից մարդիկ, երբևէ չեն գալիս։ Հիմնական անարդարությունը, որ ես տեսնում էի, դա էր։ Մեր խմբում որևէ ունևոր մարդ չի եղել, բոլորի մոտ էլ էս հարցն առաջանում էր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։