Մարտակերտցի Մարինե Աթաբեկյանը  6, 8, 14, 15, 17 տարեկան երեխաներին գտնելու համար ադրբեջանական կրակոցների տակով է անցել։  Հինգ երեխաների մայրը տանն է եղել, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Արցախի հանրապետության խաղաղ բնակիչների վրա։

«Կրակոցները հենց սկսվեցին ես ճչացի, երեխաները տանը չէին, դուրս եկա, որ իրենց գտնեմ։ Մեծը լացելով զանգեց, ասաց՝ մամա, գնա էրեխեքին տիրություն արա։ Գնացի երկուսին դպրոցից, մեկին՝ մանկապարտեցից վերցրեցի, եկանք պադվալ, այդպես մնացինք մի երեք ժամ։ Էն երկուսին չեմ կարողանում կրակոցների պատճառով գնամ բերեմ։ Տեսա, որ չի դադարում, կրակոցների տակով գնացի հետևներից։ Մինչև հավաքեցի կես մարդ դարձա, լացելով ման էի գալիս։ Դպրոցի պադվալում գտա, բերեցի մյուսների մոտ։ Պադվալում էինք Մարտակերտին սնայրադով խփեցին, երեխաներն այդ ժամանակ էլ շատ վախեցան, շոկի մեջ հայտնեցին, մենք պադվալում դղրդոցը լսեցինք»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է բազմազավակ մայրը։

Երեխաներին գտնելուց հետո տիկին Մարինեն փորձել է դիրքերում գտնվող ամուսնու մասին տեղեկություններ իմանալ։

«Ասացին, որ ամուսնուս պոստում ողջ մարդ չկա, բոլորը զոհվել են։ Շատ անհանգստացանք, վարչականի ղեկավարին եմ կանչում, որ գա ասի ինչ է եղել, չի գալիս։ Ուշ եկավ, ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց 10 հոգուց յոթը զոհվել են, երեքը հազիվ հելել են։ Մեկը գլխից վիրավոր է եղել։ Իմ ամուսինն է եղել, քրոջս ամուսինը և մեկ հոգի։ Շատ վատ վիճակի մեջ են եղել, գիշերվա երեքին նոր եկավ, մեզ գտավ»,-ասաց նա։

Տիկին Մարինեն երեխաների հետ լուսացրել է նկուղում։ Հաջորդ օրն առավոտյան ականատես է եղել, թե ինչպես է դատարկվում նկուղը, հետո՝ Մարտակերտը, իսկ մի քանի օրց Արցախն ընդհանրապես։

«Մի կերպ լուսացրեցինք, առավոտ տեսնեմ էլ պադվալում մարդ չի մնացել, բոլորը հելել գնում են Ստեփանակերտ։ Սկսեցի լացել՝ էրեխեքիս ի՞նչ պետք է անեմ։ Ոչ մի բան չեմ վերցրել հետս, լացում էի, ասում էի՝ երեխաներիս փրկեմ, ինձ հերիք է։ Մի Ֆորդ կար, հետևը պատուհաններ չկային, մի քանի ընտանիք լցվեցին իրար վրա՝ այդ մեքենայի մեջ։ Նստեցինք, դուրս եկանք։ Եկանք Ստեփանակերտ, գնացինք օդանավակայան, ռուսներն ասացին՝ ձեզ ոչնչով չենք կարող օգնել»,-Ստեփանակերտում էլ մի քանի օր ապրել են թշնամու զորքի ուղիղ սպառնալիքի տակ։

«Որ եկել էինք Ստեփանակերտում էինք այդ քանի օրը, գնում էինք հացի հերթի, որ գոնե հաց ունենանք, ադրբեջանցիներն իրենց մեքենայով անցնում էին, իրենց լեզվով միկրոֆոնով խոսում էին, երեխաները վախենում էին, սիրտ էի տալիս երեխաներին, որ չվախենան։ Ամեն երեկո, որ հացի հերթի էինք գնում երեխաները տասը կես էին լինում, մտածում էին մեզ վնաս կտան»,-ասաց նա։

Մայրը երեխաների հետ Արցախից բռնի տեղահանվելիս ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։

«Օրերով երեխաները սոված մնացել են ճանապարհին։ Մոտներս խոզի միս կար, մորաքույրս ասաց՝ ինչու եք նստել, կրակ վառեք, միսը եփեք, երեխաներն ուտեն։ Ախպերս ճանապարհին կրակ վառեց։ Պատկերացրեք, որ առաջ էինք գնում մի քիչ, կաթսան վերցնում գնում էինք, ուրիշ տեղ էինք կրակ վառում։ Երեխաները ճանապարհին վախեցել էին, ադրբեջանցին գլուխը մտցրել էր ավտոյի մեջ ու հաշվում էր, թե քանի հոգի ենք։ Ահավոր վախեցան, բայց փառք Աստծո, փրկվեցինք այդ ճիվաղներից»։

Տիկին Մարինեն այժմ ընտանիքի հետ բնակվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Հայաստանի կառավարությունից միայն կոմունալ վճարների փոխհատուցում են ստանում, քանի որ բնակարանի խնդիր չունեն։ Սակայն, հաշվի առնելով Շիրակի մարզի խստաշունչ ձմեռները, այդ գումարը ընտանիքին չի բավարարում։ Նրանք այժմ սոցալական ծանր կացության մեջ են։

«10 հազար կոմունալ են տալիս միայն, դրանով չենք կարողանում ամբողջ կոմունալը փակել։ Ամբողջ ձմեռ պարտքերի մեջ թաղվել ենք, հիմա նոր-նոր մտել եմ աշխատանքի, 80 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց ծայրը ծայրին չեմ հասցնում։ Ես ջերմուցում եմ աշխատում՝ Արթիկում։ Հինգ երեխա ունեմ, այս գումարը չի բավարարում, ամուսինս էլ աշխատանք չունի, փնտրում է»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest