Ծննդով ստեփանակերտցի 77-ամյա Էլզա Գրիգորյանի 2 որդիները նահատակվել են Արցախյան պատերազմներում։ Նա ունի 6-ական թոռ ու ծոռ։ Տիկին Էլզան տարիներ ի վեր աշխատում էր Ստեփանակերտի կենտրոնական շուկայի իր «Ալյոնա» խանութում և մեծ համբավ էր վայելում։
«Ուրախ եմ, որ Աստված ինձ հնարավորություն է տվել տեսնել թոռներիս ու ծոռներիս և իմ կարողության համեմատ աջակցել նրանց։ Որդիներս իրենց կյանքը տվել են հայրենիքին, որ մենք բոլորս ապրենք ու երախտապարտ ենք նրանց ու մյուս նահատակներին, որոնք չեն խնայել իրենց կյանքը հանուն մեր փրկության։ Ավագ որդիս 90-ականներին Ստեփանակերտի «կամենդանտն» էր։ Կամենդանտ Աշոտ էին կոչում։ Նա ծանր վիրավորվել էր մարտերից մեկում։ Ջանք ու եռանդ չխնայեցի որդուս ապաքինման ու վերականգնման համար։ Փոքր տղայիս՝ Մհերին, խնդրում էի չընդգրկվել ազատագրական պայքարին, որովհետև ընդամենը 16 տարեկան էր, իսկ նա ասում էր՝ «մամ, փոքրերն էլ կարող են օգտակար լինել հայրենիքի ազատագրման գործում, ինչ էլ լինի դու չվախենաս, իսկ ովքեր վախենում են պայքարել, ավելի լավ է մեզ չխանգարեն»,-մեզ հետ զրույցում պատմեց տիկին Էլզան։
Մհեր Գրիգորյանը 16 տարեկանում ընդգրկվել է Հադրութի երկրապահ ջոկատի կազմ։ Նա հրաշալի նռնակաձիգ էր ու իր դիպուկ կրակոցներով մի քանի տանկ էր շարքից հանել։ Մի քանի անգամ նա կարողացել է թաքուն մոտենալ թշնամու տանկին և գերեվարել անձնակազմին։ Առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում որպես 2-րդ վաշտի հրամանատար մասնակցել է հետագա մարտերին։ Մհեր Գրիգորյանը զոհվել է 1992թ. հուլիսի 19-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի պաշտպանական մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ մեր զրուցակցի ավագ որդին՝ Աշոտը, որոշեց 50-անց տարիքում մասնակցել պատերազմին։ Նա 2-րդ խմբի հաշմանդամություն ուներ, սակայն չէր կարող անտարբեր մնալ, հատկապես որ քաջատեղյակ էր պաշտպանական գործողություններին։
«Տղաս շտապ եկավ տուն և մեզ հորդորեց արագ հավաքվել, որ Երևան ուղարկի։ Աշոտն արդեն 5 թոռ ուներ և պիտի ծնվեր 6-րդը։ Նա ինձ խնդրեց տիրություն անել փոքրերին՝ հավաստիացնելով, որ հետո կմիանա մեզ։ Աշոտն ուներ հաշմանդամության խումբ և կարող էր չգնալ, սակայն անդրդվելի էր։ Երևանում մենք ամեն օր սպասում էինք իր զանգին։ Օրերից մի օր տեսակապով զրույցի ժամանակ նկատեցինք ձեռքի փաթաթանը՝ վիրավորվել էր։ Տղան՝ Վաչոն, հոր կողքին էր ու մենք անընդհատ լարված վիճակում էինք։ Ամբողջ 44-օրյան նրանք պայքարեցին, սակայն հրադադարից երկու օր առաջ մեզ զանգեցին և տեղեկացրին, որ Աշոտը վիրավորվել է և բերում են Երևան։ Սիրտս վատ բան էր կանխազգում, որովհետև եթե նա վիրավոր լիներ՝ անպայման հեռախոսով ինձ հետ կզրուցեր։ Մենք շատ էինք կապված իրար հետ, հոգատար էր իմ հանդեպ և միշտ հարգանքով ու պատկառանքով էր վերաբերվում՝ ընտանիքի մյուս անդամների համար օրինակ հանդիսանալով։ Նա չէր կարող տանել Շուշիի հանձնումը, ուստի ջանք չխնայեց այն պաշտպանելու համար և ինքն էլ նահատակվեց հենց բերդաքաղաքում»,-հուզված ներկայացրեց տիկին Էլզան։
Պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Գրիգորյանը զոհվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Նրան հուղարկավորել են նոյեմբերի 9-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նոյեմբերի 17-ին ծնվել է Աշոտի 6-րդ թոռը, որին էլ անվանակոչել են պապի անվամբ։ Տիկին Էլզան իր ցավն ու վիշտը սեղմելով անմիջապես լծվեց փոքրիկի՝ իր ծոռան խնամքին։ Իր 6 ծոռներից երկուսին անվանակոչել են որդու՝ Աշոտի անվամբ։
Մեկ տարի Երևանում մնալուց հետո որդեկորույս մայրը տեղիք տալով թոռան՝ Էլզայի թախանձագին խնդրանքներին, վերադառնում է Արցախ։ Ծոռների խնամքին մասնակցելն ուժ տվեց կնոջը հաղթահարել հոգեկան տառապանքները, լինել թոռների և աղջկա հետ ու պատկառելի տարիքում կրկին վերաբացել Ստեփանակերտի իր խանութը։ Նրա խոսքով՝ Աստծո շնորհքով և ուժով կրկին սկսեց աշխատել ու փորձել հաղթահարել սթրեսային վիճակը՝ գիտակցելով, որ իր որդիներն արժանապատվորեն մարտնչել և իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի։
«2023թ. սեպտեմբերի 19-ին ես խանութում էի, երբ սկսվեց արկակոծությունը։ Շուկայում գտնվողների հետ անմիջապես պատսպարվել ենք տեղի ապաստարանում։ Որոշ ժամանակ անց լսեցի թոռանս՝ Վաչոյի ձայնը, որ ինձ փնտրելով՝ բաբո՛, բաբո՛ էր կանչում։ Նա ինձ այդտեղից տեղափոխեց իրենց նկուղը, այնուհետև մեր տուն։ Ամենուր քաոս էր։ Բոլորը փորձում էին գտնել իրենց հարազատներին, երեխաներին։ Մարդիկ սարսափած էին ու արկակոծությունները չէին դադարում։ Որոշ ժամանակ անց մեր տան առաջին հարկում հավաքվեցինք գերդաստանով ու հարևաններով, որ միասին դիմակայենք փորձությանը։
Սեպտեմբերի 25-ին նստած ճաշում էինք և հանկած ուժեց դղրդյուն լսվեց։ Մտածեցինք ամպրոպ է, հետո պարզվեց վառելիքի պահեստն է պայթել։ Թոռս՝ 22 տարեկան Դավիթս այնտեղ էր։ Պայթյունի հետևանքով, երբ սկսել են վառվել նրա ձեռքը, ականջը, մազերը, շորերը, նա իրեն չկորցրեց, հանեց շորերը ու գետնին թավալվելով հանգցրեց վրայի կրակը ու շտապ նստելով մեքենան եկավ տուն։ Նա չցանկացավ հիվանդանոց գնալ, որովհետև այնքան մարդիկ էին ահավոր այրվածքներ ստացել, որ նախընտրեց տանը բուժվել և խնամվել։ Մյուս թոռս՝ Վաչոն անմիջապես մեկնել էր դեպքի վայր մարդկանց օգնելու և հիվանդանոց տեղափոխելու համար»,-մեկօրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ դրվագները ներկայացրեց զրուցակիցս։
Ստեփանակերտից նրանք տեղահանվել են սեպտեմբերի 27-ին։ Իրենց հետ վերցրել այն, ինչ տեղավորվել է ավտոմեքենաներում։ Շատ դժվար են տարել ճանապարհը հատկապես մանկահասակ երեխաների հետ միասին։ Այժմ 350 հազար վարձավճարով՝ սկզբից 18, այնուհետև 8 հոգով ապրում են Երևանում։ Տիկին Էլզան ու հարսը առողջական խնդիրներ ունեն։
«Որդիներիս կորուստը չի չափվի ունեցվածք կորցնելու հետ։ Իմ կորուստը շատ մեծ է։ Աստված ինձ ուժ տվեց դիմանալ այս փորձություններին և նույնիսկ մխիթարել թոռներիս։ Բոլոր խնդիրներս Աստծուն եմ հանձնում, աղոթում և նորից ուժ հավաքելով փորձում ամեն ինչում աջակցել հարազատներիս»,-վերջում հավելեց Արցախյան պատերազմներում զոհված երկու որդիների 77-ամյա մայրը։
Զառա Մայիլյան