Ծննդով ստեփանակերտցի Նաիրա Աղաջանյանը 33 տարի աշխատել է մշակույթի օջախներում, իսկ վերջին 10 տարիներին Արցախի Հ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրենն էր։ Գրադարանը համապատասխանում էր ժամանակակից չափանիշներին, ունեին 13 աշխատող և ստեղծված էին աշխատելու համար բարենպաստ բոլոր պայմանները։
«Ամբողջ կյանքիդ ստեղծածը միանգամից թողնել ու ձեռնունայն հեռանալ՝ մի ճամպրուկի մեջ տեղավորելով ողջ ինչքդ։ Մենք, ինչպեսև մյուս արցախցիները, կարողացանք ընդամենը մեզ փրկել։ Ամենասարսափելին 2023թ. սեպտեմբերի 19-նն էր։ Աղջիկս համալսարանից պիտի տուն դառնար։ Ամուսինս անմիջապես տոպրակները թողեց և դուրս եկավ աղջկաս գտնելու…ամեն ինչ միանգամից տակնուվրա եղավ։ Ահավոր ու անբացատրելի ապրումներով ստիպված իջա նկուղ, իսկ ամուսինս արկակոծությունների տակ տնից մինչև համալսարան տանող ճանապարհի բոլոր նկուղները մեկ առ մեկ մտնելով Նարեին էր փնտրում։ Սարսափելի իրավիճակ էր, կապ չկար։ Հետո իմացանք, որ աղջիկս Վերածննդի Հրապարակ էր հասել, երբ սկսվեց պատերազմը։ Երկու պատերազմ ապրած Նարես առաջին պայթյունից այնպես էր սարսափահար ճչացել, որ մի երիտասարդ կին իր երկու փոքրիկների հետ բռնեց նաև աղջկաս ձեռքից ու արագ տարավ «Վալյեքս Գարդեն» հյուրանացոային համալիրի նկուղ։ Աղջիկս այնպիսի շոկի մեջ էր հայտնվել, որ չէր կարողացել գոնել զանգել, երկար ժամանակ դողում էր։ Միայն Ժամեր հետո՝ երեկոյան մոտ, մի անծանոթ տղամարդ զանգեց և տեղեկացրեց մեզ աղջկաս գտնվելու վայրը։ Չնայած չեմ լսել աղջկաս ճչոցը, բայց մինչև հիմա այն իմ ականջներում է։ Այդ ապրումները հնարավոր չէ բառերով նկարագրել»,-հուզված պատմեց Նաիրա Աղաջանյանը։
Քանի որ մեր զրուցակցի բնակարանը Հրապարակի կենտրոնական մասում էր, նա հաջորդ օրերին իրենց 5-րդ հարկի պատշգամբից սարսափելի տեսարանների ականատես եղավ։ Նկուղ չունեին և պատսպարվում էին Վալլեքս Գարդենի ապաստարանում, որտեղ մարդկանց ապահովում էին նաև սննդով։ Հետո շրջաններից մազապուրծ խեղճ տեղահանվածներն այդտեղ ապաստանեցին։ Նրանք միանգամից էին տնից դուրս եկել և Ստեփանակերտ էին հասել պատառոտված ու կեղտոտ շորերով։ Աստիճանաբար մարդիկ լուռ ու մունջ սկսեցին հավաքել իրենց անհրաժեշտ իրերը ու լքել քաղաքը։ Օրեցօր քչանում էին տների լույսերը ու հեռվից երևում էր դեպի Շուշի տանող մեքենաներով խցանված ճանապարհը։
«Տունդ լքել չես ուզում, բայցև չես ուզում վերջինը դուրս գալ, որովհետև անկանխատեսելի իրավիճակներ կլինեին ու այդ պահերին ոչինչ գլխովդ չի անցնում՝ միայն թե փրկվել։ Ադրբեջանցիներն արդեն քաղաքում պտտվում էին։ Րոպե առաջ պետք էր դուրս գալ։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունը հերթական շոկն էր մեզ համար։ Այդ պահերին ամեն մարդ իր ընտանիքի փրկության մասին էր մտածում ու հետո հասկացանք, թե ինչ սարսափելի դեպք տեղի ունեցավ մեր կողքին։ Այդ պահին մենք դեռ Ստեփանակերտում էինք։ Տեղահանվեցինք սեպտեմբերի 28-29-ին։ Առաջին անգամ փորձել ենք ճանապարհվել, սակայն հասանք մինչև մայրաքաղաքի Աստվածամոր Հովանու եկեղեցին, որովհետև ավտոմեքենաների հոսքն այնքան շատ էր, որ խցանումներ էին ու համարյա տեղից չէինք կարողանում շարժվել։ Օրը կիսվում էր։ Մենք դուրս եկանք ավտոմեքենայից և մտանք եկեղեցի։ Դա վերջին պահն էր, որ աղջկաս հետ մտանք եկեղեցին, որտեղ ոչ սովորոական մթնոլորտ էր տիրում։ Մայր տաճարում դրված էին եկեղեցական պարագաները, իրերը՝ մոմեր, խաչեր ու բոլորն անվճար։ Ու ես դիմեցի ներկաներին, որ ամեն մեկն ինչ-որ մի բան վերցնի ու փրկի։ Մենք էլ վերցրինք խաչեր, անվանատառեր և մոմ վառելով դուրս եկանք։ Ահավոր ապրումներն էին և ամուսինս գտավ, որ պետք է դեռ հետ վերադառնանք մեր տուն ու սպասենք հաջորդ օրվան»,- այդ օրերի իր ծանր ապրումների մասին կիսվեց զրուցակիցս։
Ճանապարհից հետ դառնալը տիկին Նաիրայի համար մեկ այլ ցնցում էր։ Նրա խոսքով՝ բնակարան մտնելով ահավոր սառնություն զգաց. տան իրերը դասավորել էր, որոշները հավաքել-թողել, որովհետև հնարավոր չէր բոլորը տեղավորել ավտոմեքենայի մեջ։ Այդ ապրումների մեջ նա հանկարծ հիշել էր շրջափակման ծանր օրերը, երբ սննդամթերքի խիստ սղության, իսկ երբեմն նաև բացակայության պայմաններում փորձում էին դիմակայել ու նույնիսկ այդ զրկանքներն ավելի երանելի էին իրեն թվում, քան բռնի տեղահանումը։ Ամուսինը վառարանը վառեց և տան եղած-չեղածով որոշեցին ինչ-որ բան պատրաստել, որ հաջորդ օրն իրենց հետ վերցնեն։
Ամուսինը՝ արձակագիր, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Համլետ Մարտիրոսյանը ստիպված վառել է իր գրքերը։ Ամենից միայն մի քանի օրինակ կարողացավ վերցնել և տեղավորել մեքենայի մեջ, իսկ մնացածը, որպեսզի թուրքի ձեռք չընկնի, իր իսկ ձեռքով վառեց։ Գրողի համար դա մեծ ողբերգություն է։
Շենքում արդեն բնակիչներ չկային։ Ամեն ինչ արձագանքում էր։ Բնակարանի դուռը վերջում Նաիրան փակեց և դուրս եկավ։ Նրանց ընտանիքը ճարահատյալ տեղահանվեց սեպտեմբերի 29-ին։ Ամուսինը արհեստավարժ վարրորդ չէր և ԱՀ հանրային հեռուստաընկերության գործընկեր-լրագրողների հետ միասին մեծ դժվարություններ հաղթահարելով հատեցին անցակետը, ինչը Նաիրան համեմատեց Գողգոթայի ճանապարհի հետ։ Նրանք պայմանավորվել էին, որ եթե հանկարծ անցակետում մեկին ձերբակալեն, մյուսները պետք է հոգային կանանց և երեխաների մասին։
«Արցախցիներս անցել ենք դժոխքի միջով և արդեն Տեղ գյուղում ցուցաբերված տարրական ջերմ վերաբերմունքն անբացատրելի հուզումնառատ էր։ Հիմա մենք պետք է ամեն ինչ սկսենք զրոյից։ Քար պետք է լինես, որ այս ամենին դիմանաս։ Այժմ վարձով բնակվում ենք մեկ սենյականոցում, որը մոտ է աղջկաս համալսարանին։ Ամուսինս չի աշխատում։ Տեղահանությունից հետո տարբեր տեղեր են սփռվել հարազատներս և մեկ տարի է՝ հնարավորություն չունեմ տեսակցելու 80-անց մորս, մինչդեռ ամեն Աստծո օր Արցախում տեսնում էի նրան»,- վրդովված ասած Նաիրա Աղաջանյանը։
Խնդիրներ շատ ունեն։ Որոշ ժամանակ նա չէր կարողանում հաղթահարել տեղի ունեցած ողբերգությունը և սոցիալ կենցաղային խնդիրներն այս կամ այն կերպ լուծելուց հետո մարտ ամսից տեղավորվեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Նա՝ իր և մյուս արցախցիների անունից շնորհակալ է գրադարանի տնօրենությանը՝ այդ ծանր պահերին իրենց ձեռք մեկնելու, յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերելու և զբաղվածության խնդիրը լուծելու համար։ Նաիրան այնուամենայնիվ հուսով է, որ մի օր իրավիճակները կփոխվեն և իրենք տուն կվերադառնան։
Զառա Մայիլյան