Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի 62-ամյա բնակչուհի Մարիա Ղարիբյանը 39 տարվա մանկավարժ էր։ Եւս մեկ տարի, եւ նա պետք է անցներ թոշակի եւ վայելեր վաստակած հանգիստը, սակայն տեղի ունեցավ նրա ընտանիքի համար ամենասարսափելին։ Բռնի տեղահանության ճանապարհին, Հակարի կամրջից ընդամենը 8 կմ հեռավորության վրա կնոջ սիրտը կանգնել է։

Մարիա Ղարիբյանը հուղարկավորված է Մասիս քաղաքի գերեզմանատանը, դուստրը՝ 38- ամյա Հերմինե Քոչարյանն ասում է՝ գոնե լացելու տեղ ունենք.«Ցավը գնալով խորանում է, եղածին չես հավատում։ Ինքը երբեք չի բողոքել առողջությունից, ընդհանրապես չի բողոքել։ Չենք կարողանում հաշտվել եղածի հետ։ Գոնե մինչ այդ ասեր՝ լավ չեմ, կամ, չգիտեմ, որեւէ բան»։

«Ասել, թե 2020ից հետո մենք լիարժեք ապրել ու ուրախացել ենք, սուտ կլինի։ Չես կարող ամեն օր թշնամուն տեսնելով ուրախ ապրել։ Բայց մենք մեր հողի վրա էինք, մեր շրջապատում էինք, մեր ընկերների հետ էինք, հարազատների հետ էինք։ Դա մեզ  ուժ էր տալիս։ Բայց լիաթոք ծիծաղը մեզ համար չէր։ Իսկ հիմա արդեն առավել եւս մեզ համար չէ… Հիմա ամեն մեկն ապրում է իր երեխայի համար, անորոշության մեջ։ Կոնկրետ ես իրոք չեմ պատկերացնում ապագան դեռ, իմ ապագան։ Ամեն վայրկյան այն հույսով ենք, որ մի օր նորից կանցնենք այդ ճանապարհով… ինչքան ենք անցել այդ ճանապարհով…»,- ասում է մահացած կնոջ դուստրը։

Հերմինեն պատմում է, որ անցած տարվա սեպտեմբերի 20-ին ինքն ու իր ընտանիքը նախ տեղահանվել են Կարմիր Շուկայից, այնուհետեւ օրեր են անցկացրել գյուղից գյուղ տեղափոխվելով, ապա ճամփա են ընկել դեպի Ստեփանակերտ, որի ժամանակ արդեն հանդիպել են ադրբեջանական նոր տեղադրված անցակետին.«Այդ զգացողությունը ահավոր էր, որ մենք մեր հողի վրա էինք, բայց թշնամին է քեզ կանգնացնում ու հարցեր տալիս»։

Հերմինեն ամենայն մանրամասնությամբ հիշում է Արցախից հեռանալու ճանապարհին տեղի ունեցածը.

«Ստեփանակերտից մենք դուրս եկանք ցերեկը։ Երեւի 8-10 կմ էր մնացել մինչեւ Հակարի կամուրջ հասնեինք… Այդ ժամանակ մենք կանգնած էինք։ Ինչքան մոտենում էինք կամուրջին, այդքան երկար էինք սպասում, ոտքով ավելի շուտ կհասնեիր, քան մեքենայով։ Այդ պահին մեր հարեւանը մեքենայից իջավ, մենք իջանք, խոսացինք։ Այդ ժամանակ մամայիս վերջին ծիծաղը լսեցինք։ Քույրս էլ է ասում, որ վերջին տարիներին մամային չէինք տեսել ծիծաղելիս։ Երբ ինքը ժպտում էր, իր ամբողջ դեմքն էր ժպտում… խոսում էինք, հետո ասաց, որ բեռնախցիկից ինչ-որ բան պետք է հանի։ Պապան բեռնախցիկը հանեց, մաման ասաց՝ լավ չեմ զգում, գլուխս պտտվում է։ Մեր հարեւանուհին բուժքույր է։ Մինչ նրան կկանչեի, ինչ արեց, հնարավոր չեղավ որեւէ բան փոխել… արդեն ուշ էր.. Իր գույնը որ տեսա, հասկացա, որ ինքը արդեն… հետո պապան վատացավ, նրան էլ մեքենայով տեղափոխեցինք… Դրանից հետո պապաս էլ մեքենա չի վարել»։

Հերմինեի խոսքով, իրեն տանջող ամենածանր միտքն այն է, որ իրենք ամբողջ ընտանիքով մոր մոտ են եղել, սակայն չեն կարողացել նրան որեւէ կերպ օգնել.«Շտապ օգնություն կանչեցինք, բայց այնպիսի վիճակ էր, որ հնարավոր չէր, որ այն մոտենար։ Մեր հարեւանի տղան իր մեքենայի մեջ դրեց, հանեց այնտեղից, կամուրջի մոտ արդեն ադրբեջանցի ու ռուս բժիշկներն էլ նայեցին, բայց արդեն ուշ էր, հնարավոր չէր ոչինչ անել։ Գորիսում արդեն սրտի կանգ գրանցեցին… ասում են, եթե անգամ Շտապ օգնության մեքենան հասած լիներ, ոչինչ հնարավոր չէր լինի անել… Մեր վիճակը ահավոր էր։ Առավոտյան դեպքը եղավ, մենք միայն երեկոյան հասել ենք կամուրջը, այնտեղ հայրս արդեն զգուշացրել էր, մեզ դիմավորեցին…մեկ-մեկ մտածում եմ՝ ո՞նց ենք դիմացել, ո՞նց ենք կարողացել.. Երբ մենք արդեն հայկական կողմում էինք ու մեր ուղղությամբ հայեր վազեցին, մենք չէինք սպասում։ Մեզ անմիջապես օգնեցին, տեղափոխեցին Գորիս, այնտեղ արդեն բարեկամ ունեինք..»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest