Մայրը զինծառայող որդուն բարձր տրամադրությամբ տեսնելուց մեկ շաբաթ անց լսել է նրա մահվան մասին։ 21-ամյա Վահե Հարությունյանը երկու ամիս և յոթ օր է՝ ինչ մեկնել էր բանակ։ Ծառայում էր Վարդենիսի զորամասում։ «Ես իրեն այցելել եմ սեպտեմբերի 29-ին։ Այդ օրը շատ ուրախ էր, տրամադրությունը շատ լավ։ Կիրակի էր, ամուսնուս հետ իրեն զորամասից վերցրել ենք, գնացել ենք սննդի օբյեկտ։ Ուրախ էր, գոտի էր ուզել, տարել էինք»,-Forrights.am-ի հետ զրույցում որդու հետ վերջին հանդիպման մասին խոսելիս հիշում է մայրը՝ Սիրան Խաչատրյանը։

Վահե Հարությունյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը հայտնեց հոկտեմբերի 6-ին՝ նշելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայողի մարմինը՝ հրազենային վնասվածքով։ Հարազատներին Վահեի մահվան մասին հայտնել են զինկոմի աշխատակիցները։

«Տալիս տղայի ծննդյան օրն էր, նա մահացած է, գերեզմաններ էինք գնացել այդ օրը, հետո եկել էինք նրանց տուն։ Սեղանի շուրջ նստած էինք, տղամարդիկ մի անգամից դուրս եկան։ Ես անմիջապես զանգեցի Վահեին, անհասանելի էր, վազելով իջա ներքև, տեսա զինկոմից երկու հոգի եկել են։ Սկզբում ասացին վիրավոր է, բայց տեսանք, որ շտապ օգնություն էլ է եկել, մեր բարեկամներից մեկն ասաց՝ մի խաբեք․․․ասացին, որ տղաս չկա»։

Դեպքից երեք օր անց Քննչական կոմիտեն հայտարարեց՝ Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։

«Իմ տղան շատ զգայուն էր, իր վրա ձեռք չէր բարձրացնի, կոնֆլիկտներից խուսափող էր։ Ինքը երբեք որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, կարող եք գալ Ագարակ, բոլորին հարցնենլ, ընդհակառակը ինքն էր հաշտեցնում, եթե խնդիր էր լինում։ Կարծում եմ՝ արժանապատվությունը վիրավորել են, սպառնացել են, վախեցրել են։ Ինքը խելացի տղա էր, հավասարակշռված, չեմ հավատում, որ իր վրա ձեռք է բարձրացրել»,-Forrights.am-ին փոխանցում է մայրը՝ մանրամասներ հաղորդելով, թե ով է կալանավորված զինծառայողը։

«Կալանավորել են, բայց իրենք դիմել են վերաքննիչ դատարան, որ ազատ արձակեն, ազդեցիկ փաստաբանների են վարձել։ Այդ զինծառայողը Էդգար Վիրաբյանն է՝ Մեծամորից։ Նա ավագն է եղել։ Մեզ ասել են, որ Էդգար Վիրաբյանը իրեն սեպտեմբերի վերջից թիրախավորել է»,-ասում է որդուն կորցրած մայրը՝ նշելով, թե չգիտի՝ ինչ խնդիրներ են եղել իր տղայի ու կալանավորված զինծառայողի միջև։

Դեպքը տեղի է ունեցել Վահեի հերթապահության ժամանակ։ Սիրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ Էդգար Վիրաբյանը, որ ավագն է, և, ևս երկու զինծառայող, հայտնել են, թե կրակոցի ձայն չեն լսել։ Մայրը չի հավատում արդար դատաքննություն է պահանջում։ «Ես վախենում եմ, որ մարդասպանը պատասխանատվության չի ենթարկվի և դա ինձ ավելի կցավացնի։    Ես ուզում եմ Վահեի դեպքը լուսաբանվի, որ չկարողանան ծածկել։ Պայքարելու եմ»,-ասաց նա։

Վահեն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր։ Առողջական խնդիրների պատճառով երեք անգամ տարկետում են տրամադրել, բայց մայրն ասում է, որ բանակի ու ծառայության նկատամբ դրական էր տրամադրված։ «Տղայիս թերսնման պատճառով երեք տարի տարկետում էին տվել։ Ինքը բարձրահասակ էր և շատ նիհար, 1,90 էր հասակը, քաշը՝ 54 կգ էր, դա հաշվի չառան, երեք տարի հետ տարան, բանակ, ասացին՝ պիտանի է ծառայության։ Տղաս այդ ժամանակ ձեռքերի դող ու հաճախասրտություն, սրտի ռիթմի խանգարում։

Վահեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, չորրորդ կուրսում։ Ծնողները վերջին անգամ դեպքից մեկ օր առաջ են հեռախոսազրույց ունեցել, որդու մոտ որևէ անհանգստություն չեն նկատել, նա էլ հավանական խնդիրների մասին չի խոսել։ «Հոկտեմբերի 4-ին ես եմ խոսել, 5-ին՝ ամուսինս, ոչ մի անհանգստություն չի եղել»։

Մինչ իշխանությունները հայտարարում են բանակում բարեփոխումների մասին ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն աճում է։ Տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 28 զինվոր ոչ մարտական պայմաններում է զոհվել՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ։ Ուշագրավ է, որ ՔԿ-ն դեպքից մի քանի ժամ անց դժբախտ պատահարները որակում է ինքնասպանություն։ ՀՔԱՎ գրասնեյակն ուսումնասիրել է  Քննչական կոմիտեում քննվող գործերը, նշում են, որ այս տարվա 28 մահվան դեպքերից ընդամենը 4 գործերում մեղադրյալ կա ներգրավված։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest