Տիկին Նաիրան փոքրիկ տոպրակից հանում է մի անձնագիր՝ այրված եզրերով և ամբողջությամբ մոխրոտ։ Կապույտ անձնագրից թույլ նշմարվում է գլխավոր էջին պատկերված Հայաստանի զինանշանն ու «Հայաստանի Հանրապետություն» գրությունը։ «Ինձ այսպես են փոխանցել՝ ցեխոտ։ Նայեք՝ այս կողմից էլ վառված է»,-շրջելով ցույց է տալիս նա։

Անձնագիրը պատկանում է Նիկոլայ Սաղյանին։ Նա 63-ամյա Նաիրա Եղյանի ամուսինն է։ Սա միակ իրն է, որ գտել են նրանից Ստեփանակերտի պայթյունի վայրում և փոխանցել կնոջը։ Մեկ տուրց ավելի ժամանակ է անցել այն պահից, ինչ 64-ամյա Նիկոլայ Սաղյանը համարվում է անհետ կորած։ Նա Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած 22 քաղաքացիներից մեկն է։ Շատերի նման արցախցի այս տղամարդն էլ բենզինի հերթում էր կանգնած, երբ աղետը տեղի ունեցավ։

Տիկին Նաիրան ամուսնու հետ բնակվում էր Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 19-ին՝ կեսօրին մոտ, պետք է ճաշեին, բայց չհասցրեցին։ «Ես ու ամուսինս էինք, պատրաստվում էինք ճաշել։ Ձայները, որ լսեցինք ամեն ինչ թողեցինք ու փախանք պադվալ։ Կրակոցների ուժեղ ձայներ էր։ Մի օր մնացինք այնտեղ, հետո հայտարարեցին՝ պատերազմը դադարեցված է»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է նա։

Արցախից բռնի տեղահանվելու մասին լուրն ամուսիններին էլ է հասել, սակայն, բենզին չեն ունեցել։ «Ամուսինս մի քանի անգամ տարբեր տեղեր գնացել է վառելիքի, բայց չի եղել, դատարկ վերադարձել է։ Սեպտեմբերի 25-ին ինձ ասաց պատրաստ մնա, գնում եմ պահեստից բենզին բերեմ, գնանք։ Երկու ժամ անցավ, ձայն չկար, ժամն արդեն չորսն էր, բոլորը գնում էին, ես նստած սպասում էի ամուսնուս։ Ժամը չորսին հետը խոսացի, ասաց կգամ։ Ժամը հինգից հետո ուժեղ ձայն լսեցի, բայց չէի կարծում, որ պայթյուն է։ Անձրև սկսեց այդ պահին, մտածեցի որոտի ձայն է։ Սկսեցի էլի ձանգել, սկզբում զանգերը գնում էր, հետո լրիվ անջատվեց»։

Տիկին Նաիրան տանն ամուսնուն էր սպասում, երբ հարևանները սկսել են բինտ, յոդ ու առաջին օգնության համար նախատեսված այլ իրեր փնտրել։ «Ասում էին՝ բժշկական ինչ ունենք, տվեք, հիվանդանոցներում չկար, այդտեղ իմացա, որ պայթյուն է եղել, պահեստը վառվում է»,-առողջական խնդիրներ ունեցող կինը ամուսնուն փնտրելու նպատակով գնացել է Ստեփանակերտի հիվանդանոց։

«Ահավոր իրավիճակ էր, այրվող մարդկանց տեսա այնտեղ։ Չդիմացա, ներս չմտա, վախենում էի, հետո եկա, սպասում էի»,-կինն ամբողջ գիշեր բակում սպսել է ամուսնուն։

«Շատ դժվար անցկացրեցի այդ գիշերը։ Բակում նստած եմ լուսացրել՝ պատուհանի տակի նստարանին նստած, հարևաններն էլ ինձ հետ»,-օրերն անցնում էին, Ստեփանակերտը քիչ-քիչ դատարկվում։ Տիկին Նաիրիան իրենց շենքում գրեթե մենակ էր մնացել։

«Հարևաները գնում-գալիս ասում էին՝ արի տանենք, ասում էի՝ չէ, ամուսինս չկա, մի բան իմանամ հետո։ Ես հույս ունեի, որ իրեն գտնելու եմ, քանի որ անձնագիրը գտել էին՝ ոչ շատ վառված, կազմն էր մի քիչ վառված, մտածում էի ինքն էլ անվնաս կգտնվի։ Արդեն ամիս 27-ն էր, ոչ մի տեղեկություն չկար, ճարահատյալ դուրս եկա։ Հայտարարություն տվեցի ֆեյսբուքում, որ միայնակ տարեց կին եմ, հնարավորություն չունեմ, դուրս գալու, մի տղա եկավ, ինձ իր ընտանիքի հետ դուրս բերեց»,-ասում է տիկին Նաիրան և նշում, որ մինչ Արցախից հեռանալն ամուսնուն գտնելու համար դիմել է Արցախի փրկարար ծառայությանն ու Կարմիր Խաչին։

Հայաստանի Քննչական կոմիտեում անհետ կորածների վերաբերյալ վարույթ կա։ Տիկին Նաիրան ասաց, որ մի անգամ էլ իրեն հրավիրել, բայց ամուսնու վերաբերյալ որևէ տեղեկություն չեն փոխանցել։

Տիկին Նաիրան ամուսնու հետ տեղի ունեցած դժբախտությունից հետո միայնակ է մնացել, երեխաներ չունի։ Այժմ բնակվում է Երևանում՝ հարազատներից մեկի տանը։ Առողջական խնդիրներ ունի՝ հաշմանդամություն, ֆիզիկապես աշխատելու հնարավորություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest