Կրկնակի տեղահանված 5 երեխաների մայր Նաիրա Բաբայանը ծննդով ԱՀ Պատարա գյուղից է։ Ամուսնու՝ Գուրգենի հետ, ապրել են Մինգեչաուր քաղաքում, սակայն 1988թ. սումգայիթյան ոճրագործության հետևանքով մարտի սկզբին 3 մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել են Արցախ։ Նրանք ականատեսն էին ադրբեջանցիների կողմից իրականացված սարսափելի հանցագործությունների և բազում դժվարություններ հաղթահարելով, ձեռնունայն վերդարձել են ծննդավայր։ Արցախում նրանք կրկին սկսել են տնևորվել, իրենց վաստակով տուն են կառուցել ու ապրել երջանիկ։

«Ամուսինս 1990-ականներին մասնակցեց Արցախյան ազատամարտին և փառք Աստծո, ողջ մնաց, սակայն ցավոք, եղբայրս ու 3 քույրերիս ամուսինները զոհվեցին, որոնց և մեր մյուս հազարավոր նահատակների շնորհիվ մենք 35 տարի խաղաղ ապրեցինք Արցախում։ Այդ ընթացքում ծնվեցին մեր մյուս 2 երեխաները։ 1988թ. հոկտեմբերի 1-ին երբ ծնվեց աղջիկս, ամուսինս անակնկալ արեց՝ ինձնից թաքուն անվանակոչեց նրան Արցախուհի։ Իհարկե, դժվարություններ ու նեղություններ շատ կրեցինք, բայց մենք մեր հողում էինք ապրում և դա մեզ ուժ էր տալիս դիմակայելու խնդիրներին ։ Սակայն 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրեցինք մի ողջ մատաղ սերունդ, հայրենիք ու չէինք անգամ պատկերացնում, որ ամենասարսափելին դեռ մեր առջևում է։ Նույնիսկ շրջափակման ծանր օրերին չէինք սպասում Արցախի հայաթափմանը»,-դառնացած ներկայացրեց 62-ամյա կինը։

Մեր զրուցակցի երեխաներն ամուսնացած են, ունի 13 թոռ։ Տղաների հետ երեք ընտանիքով մեկ հարկի տակ համերաշխ էին ապրում։ Սեփական տանն ունեին բոլոր հարմարությունները։ Տիկին Նաիրան «Ղարաբաղ տելեկոմ»-ում էր  աշխատում և շրջափակման դժվարին իրավիճակում անգամ չի բացակայել աշխատանքից։ Ազատ ժամերին իր այգին էր մշակում, դաշտերից մոշ ու այլ հատապտուղներ էր հավաքում, հատկապես շրջափակման ժամանակ, երբ նույնիսկ հողից աղ ստացավ, որ ընտանիքը կարողանա դիմակայի առկա մարտահրավերներին։

«2023թ. սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը հացի հերթում անցկացրի, իսկ առավոտյան աշխատանքի էի։ Մի տեսակ վատ կանխազգացում ունեի, անհանգիստ էի։ Զանգեցի տղայիս՝ անհասանելի էր, դիրքերում կապ չկար։ Կապվեցի հարսներիս հետ և հորդորեցի երեխաներին դպրոցից վերցնեն։ Եվ կեսօրին կարծես երկինքը պայթեց, քաղաքը սևացավ ու օդային տագնապի ազդանշանի ձայները խառնվեցին արկակոծությունների դղրդյուններին։ Քաոս էր՝ մեր հայրենազրկման սկիզբը։ Խելագարի պես տուն էի վազում։ Մարդիկ չէին կարողանում ինձ հետ պահել, որ ապաստարանում մնամ։ Հեռախոսով փորձում էի կապվել տնեցիներիս հետ, չէր ստացվում։ Հետո իմացա, որ տղաս շրջափակման մեջ է հայտնվել», — հուզված պատմեց մեր զրուցակիցը։

Տիկին Նաիրայի զինծառայող տղաներից մեկը շրջափակման մեջ էր ու միայն սեպտեմբերի 25-ին հնարավոր դարձավ նրա և մյուս զինծառայողների վերադարձն ընտանիք։ Այնուհետև մարդիկ պետք է վառելիք հայթայթեին։ Արցախցի կնոջ խոսքով՝ այդ չարաբաստիկ օրն ականատես եղավ վառելիքի պահեստի պայթյունի սարսափելի հետևանքներին։ Նա վազելով շտապել էր Հանրապետական բժշկական կենտրոն, որ օգնություն ցուցաբերի տուժածներին։

«Տեսա տկլոր ու այրվող վազող մարդկանց, որոնց ոչնչով օգնել չէի կարող։ Ահավոր ու աննկարագրելի ողբերգություն էր։ Այդ իրարանցման մեջ մեզ մոտեցավ մարտակերտցի մի տղամարդ և խնդրեց օգնել, որովհետև ավտոմեքենայի անվադողերը փչացել էին ու չէր կարողանում տեղահանել ընտանիքը։ Մենք էլ մեր ավտոմեքենաներից մեկի, որի մեջ արդեն մեր իրերն էինք տեղադրել, անիվները հանեցինք և տվեցինք նրան։ Ստիպված մեր այդ ավտոն թողեցինք, բայց դե ինչ արած՝ կարևորը, որ մարդիկ փրկվեցին։ Մենք էլ սկսեցինք տեղահանվել։ Ծանր էր մեր երկու շներին թողնելը, որոնք կարծես զգում էին և գրկելով բաց չէին թողնում ինձ։ Իսկ տղաս կառչել էր տան պատից և չէր ուզում դուրս գալ, ամուր գրկել էր պատը՝ վերհիշելով իր ձեռքով շարված ամեն մի քարը», -լացակումած պատմեց բազմաչարչար կինը։

Նրանք տեղահանվեցին սեպտեմբերի 26-ին։ Իրենց երեք ավտոմեքենաների մեջ տեղավորվեցին 13 թոռներով, որոնցից 2-ը նորածին էին, և խնամիներով։ Հիմնականում երեխաների շորերն են կարողացել վերցնել և այն հուսով, որ շուտով հետ են դառնալու։ Մեծ դժվարությամբ են հասել Հակարիի կամուրջ։ Նորածիններից մեկի ջերմությունը ճանապարհին բարձրացել էր։

«Արդեն Գորիսում մեզ ջերմությամբ դիմավորեցին՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ, դեղորայք։ Ցավից ուզում էի գոռալ, ճչալ։ Գորիսում պատահական մի անծանոթ առաջարկեց իրենց տանը գիշերել, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանից ու մյուս կարեկցողներից։ Երևանում բարեկամի մեկ սենյականոցում 25 հոգով մնացինք մեկ շաբաթ։ Այժմ 12 հոգով ապրում ենք Աջափնյակում 250 հազար դրամով վարձակալած 3 սենյականոց բնակարանում։

Արցախը մեր մայր աորտան էր, որից սնվել ենք, Արցախը յուրաքանչյուր արցախցու աչքերի գույնն է, սրտի զարկը, մեր նախապապերի թողած ամենաթանկ կտակը։ Կույր ու համր աշխարհ ո՞նց ես թողնում ոտնահարվի առաջին քրիստոնյա ազգի իրավունքները։ Արցախցին 21-րդ դարում զոհաբերվել է և դարձել բնավեր, անհայրենիք, անտուն, անհասցե ու սա ցեղասպանություն է։ ՀՀ իշխանությունը դարձել է Ալիևի գերհզոր զենքը։ Հայ ազգը պետք է ուշքի գա և մեր պատմական հայրենիք վերադառնալու հարցը բարձրաձայնվի ու իմ առաջնահերթ խնդիրս ներկայում մեր հետվերդարձն է», — ընդգծեց Նաիրա Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest