44- ամյա Արամիս Պետրոսյանը Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից է։ Նա իր հեռախոսում պահում է գյուղի հին լուսանկարները, գյուղի, որը Ադրբեջանն այսօր հողին է հավասարեցրել։

Պետրոսյանը թիթեղագործ է, տարիներ շարունակ զբաղվել է տանիքների կառուցմամբ, շատ աշխատելու հետեւանքով մեջքի խնդիրների առաջացումից հետո անցել է ծառայության Եղնիկներ զորամասում։

«2020ին ինը տարի տեւած ծառայությունս արդեն թողել էի, Լաչինում էի աշխատում։ Կինս զանգեց, ասաց, որ պատերազմ է սկսել։ Մեծ տղաս ծառայում էր, գնացի, փորձեցի իրեն հասնել, չհասա։ Տղաս առավոտյան վիրավորվել է։ Միայն երեկոյան եմ իմացել այդ մասին։ Մի բլուր էր մեզ խանգարում։ Մի կողմում տղաս էր, մյուս կողմում ես։ Ոտքերն են, մատներն են, մի մատը չկա, մինչեւ հիմա շատ բեկորներ կան մեջը, բայց բժիշկները չեն երաշխավորում, որ կարող են դրանք անվտանգ հեռացնել։ Երկար չի կարողանում քայլել, ծանր աշխատանք չի կարողանում անել, ոտքը բռնվում է, մեկ-մեկ գիշերը չի կարողանում քնի»,- պատմում է նա։

Պետրոսյանը հիշում է, որ վիրավոր վիճակում գտնվող որդուն ուղեկցել է Երեւան՝  Մուրացանի հոսպիտալ, ապա անմիջապես  վերադարձել Արցախ՝ եղբորը գտնելու։

«Գնացի հասա Հայկազով, այլեւս չթողեցին անցնել։ Ասացին, որ բոլորը արդեն Ֆիզուլիում են, հետ են գալիս, տարածքները կորցրել ենք, գնա ձեր գյուղ՝ այն պաշտպանելու։ Երբ հասա Քարին տակ, թուրքերը արդեն մոտակայքում էին, գյուղից երկու հոգով եւ Եղնիկներից հասած տղերքով մեզ համար խրամատները փորեցինք, որ գյուղը պաշտպանենք։ Մյուս գյուղացիները հենց գյուղի մեջ էին մնացել, որ այդտեղից մուտքը թշնամու չթողնեն։ Չստացվեց, գիշերը մինամյոտով խփում են, գյուղապետը զոհվում է։ Հանում, տանում եմ Ստեփանակերտի հոսպիտալ, հետ եմ գալիս գյուղ՝ նույն մինամյոտը խփում է… էլ չեմ հիշում, թե ինչ է կատարվում, ինչպես են ինձ հասցնում հոսպիտալ։ Գլխի շրջանում բեկորային վնասվածքներ եմ ստանում։ Բայց հենց հաջորդ օրը առանց որեւէ մեկին զգուշացնելու փախնում եմ, որ եղբորս գտնեմ։ Բայց ինձ գտան։ Հետ բերեցին, ուղարկում են Երեւան, բայց նորից փախա, այս անգամ եղբորս գտա»։

Քարինտակցին ասում է, որ այժմ չունի որեւէ փաստաթուղթ, որը կվկայի, որ ինքը պատերազմի ժամանակ է ստացել վնասվածքները, քանի որ այդ պահին, փաստորեն, հրաժարվել է բուժօգնությունից եւ իր կարգավիճակը որեւէ կերպ չի ձեւակերպվել։

«23 թվին էլ փոքր տղաս էր ծառայում, փորձեցի նրա մոտ գնալ, չստացնեց։ Տասը օր մնացել են զասադի մեջ, մինչեւ կարողացել են գալ-հասնել Ստեփանակերտ։ Նրան սպասեցինք, երբ հասավ, նոր լքեցինք Արցախը։ Ամենավերջին մարդկանցից էինք, որ դուրս եկան Ստեփանակերտիվ»,- նշում է նա։

Արամիս Պետրոսյանը՝ կնոջ եւ երկու որդիների հետ այժմ ապրում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Եւ ինքը, եւ որդիները աշխատում են՝ ինչքան որ ներում է իրենց առողջությունը։ Արամիսը չգիտի, թե իրենց ինչ նոր հարված սպասի կյանքից, սակայն փորձում է լավատես լինել։

«92 թվի պատերազմին եղել եմ 12 տարեկան երեխա, թուրքերը մտել են հենց մեր տուն, մամայիս հենց դեմս են կրակել ու սպանել։ Մեծացել ենք երկու եղբայրներով ու հայրս։ Շատերը իմ մասին խոսելիս ասում էին՝ ուժեղ մարդ, բայց չգիտեմ, թե իմ ուժից հիմա ինչն ա մնացել»,- ասում է նա։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest