31 ամյա Սամվել Թովմասյանը երեք մանկահասակ երեխաների հայր էր, ծնվել ու մեծացել էր Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալեր գյուղում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր շրջափակման մեջ։ Նա մահացել է 2023-ի սեպտեմբերի 20-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից 10 րոպե առաջ։ Նրա շիրիմը մնացել է Արցախում։
Սամվել Թովմասյանի ընտանիքը Արցախից բռնի տեղահանությունից հետո վարձով ապրում է Կոտայքի մարզի Արամուս համայնքում։ Մայրը՝ Էմլիրա Թովմասյանն ասում է՝ իր սրտում հազարավոր վերքեր կան, բայց ամենամեծը որդու կորուստն է եւ այժմ նրա գերեզմանից հեռու լինելը.
«Բեկորի վնասվածք է եղել։ Իր ընկերը դուրս է եկել, ինքը մահացել է, ասել է՝ մեր հողն է, այնքանը տվել ենք, սա է՞լ տանք։ Ամսի 22-ին հուղարկավորել ենք Կարմիր շուկայում։ Լույս չկար, երեկոյան ժամը 21:00-ին։ Երկու օր անց ասացին, որ պետք է հեռանանք։ Չգիտեինք, թե ինչ վերցնենք, ինչ թողնենք։ Ասացին, որ զինվորական հագուստը պետք է այրենք, փաստաթղթերն ասացին չվերցնենք, որ մեքենաները ռենտգեն են անելու։ Տղայիս զինվորական գրքույկը, մեդալը դրել էինք մահճակալի տակ, չգիտեինք՝ պահենք, թե այրենք… հետո դուրս ենք եկել։ Այդ ժամանակ Սարուշենն արդեն վերցրել էին։ ՆՆգիով գնացինք, թուրքերը այնտեղ կանգնած էին ավտոմատները ձեռներում… Չհասցրի նրա գերեզմանը գնալ։ Ասացին, որ թուրքերն արդեն մտնում են… շատ էինք իրար հետ կապված, 44-օրյա պատերազմին դժվարությունները որ հաղթահարել էր, մտածում էի՝ իր հետ էլ ոչ մի բան չի պատահի։ Որ օրը պոստ էր կանգնում, մեզ ասում էր՝ հանգիստ քնեք։ Ամենադաժան բանը զավակի կորուստն է։ Երեւի 20 տարի ավել ես ծերանում… գալիս են ասում՝ ուժեղ կաց, հերոսի մայր ես, բայց դժվար է… ասում են՝ հպարտ ման եկ, գլուխդ բարձր պահիր… բայց հիմա լացելու տեղ էլ չկա.. գնամ , հասնեմ, ասեմ՝ Ղարաբաղը չկա, ինչի՞ համար ես կյանքդ տվել… Ղարաբաղը չկա»։
Մայրը պատմում է, որ որդին ծնվել էր 92 թվականին՝ Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ.«Երբ ծնվեց, բուժքույրը գրկեց տարավ նկուղ, Ստեփանակերտը ռմբակոծում էին։ Կռվի ժամանակ ծնվեց, երեսուն տարի հետո պատերազմում զոհվեց…Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց դա սուտ է, վերքը մնում է վերք, ցավը՝ ցավ»։
Սամվելի երեք երեխաները դեռ չգիտեն հոր մահվան մասին, կարծում են, թե նա ծառայության մեջ է։ «Միջնեկն է շատ լացում, ասում է՝ պապային կարոտել եմ, պապային եմ ուզում։ Ինքը մի սենյակում է լացում, ես մյուս սենյակում»,- պատմում է որդուն կորցրած տիկին Էլմիրան։
Հիշելով որդու մահվան տարելիցի օրը, նա պատմում է, որ այդ օրը ընտանիքով եկեղեցի են գնացել.«Ո՞ւր գնայինք։ Գերեզման չունենք։ Նկարն ենք տարել, ծաղիկ ենք դրել… ու լացել ենք»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։